Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:30 24-04-2024

Դրսում խիզախող, հայրենիքում տրտնջացող. ՔՊ-ի խոսքն ու գործն իրար չեն բռնում  

ՔՊ-ականների խոսքի և գործնական նախաձեռնությունների միջև անդունդ կա։ Արտերկրում ճառում են, իսկ հայրենիքում անգործությունից ձանձրանում։ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին Ալեն Սիմոնյանի ելույթում աննախադեպ և ուշագրավ հայտարարություններ են հնչել։

Մասնավորապես՝ ՀՀ պաշտոնյայի բերանից առաջին անգամ հնչել է որակում, որ ՌԴ-ն ներխուժել է Ուկրաինա։ Հիշեցնենք, որ 2022-ի մարտին ՀՀ ոչ միայն այսպիսի որակում չէր տալիս, այլ մարդասիրական օգնություն էր ուղարկում Ռուսաստան։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն է մի քանի առիթով հայտարարել, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը ռուսաստանի դաշնակիցը չէ։ Սակայն հայ որևէ պաշտոնյա երբեք չէր ասել, որ ՌԴ-ն ներխուժել է Ուկրաինա, և ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի տարածքային ամբողջականությունը:

Փորձենք համադրել նրա խոսքը ՔՊ-ական իշխանության թույլ տված քայլերի և անգործության հետ։ Եթե ԱԺ նախագահը նկատում է Ուկրաինա ռուսական ներխուժումը, ապա ինչու՞ են թույլ տալիս, որ Արցախից դուրս եկող ռուսական զորքերը մտնեն Հայաստան ու տեղավորվեն Սյունիքում։ Սա, ի դեպ, վտանգավոր է, քանի որ առկա է ադրբեջանա-ռուսական ագրեսիայի վտանգ, որի թիրախում այսպես կոչված՝ միջանցքի հարցն է։

Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի համար առաջնային է իրենց երկրներից ռուսական զորքերի դուրս բերումը։ Միջազգային տարբեր հարթակներում և ատյաններում նրանք բարձրացնում են այս թեման։ Միջազգային հանրությունն աջակցում է այդ երկրներին՝ իրենց տարածքից ռուսական զորքերը դուրս հրավիրելու հարցում։ Եվ Իսպանիայում Ալեն Սիմոնյանը տպավորություն է ստեղծում, թե պատրաստ է նույնիսկ կռվել հանուն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի անկախության։ Անհասկանալի է մնում, սակայն, թե այս երկրներին պաշտպանող Ալեն Սիմունյանն ինչու՞ ՔՊ-ական մեծամասնության միջոցով օրակարգ չի բերում ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը։ Թե՞ միայն, ուրիշներին աջակցելու հարցում են կտրիճ ու ազատասեր, իսկ հայրենիքում դառնում են անօգնական, տրտնջացող։

Ուշագրավ է նաև ԱԺ նախագահի այս հայտարարությունը. «Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից: Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, եւ որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է»:

Կրկին հարց է առաջանում։ Եթե այսպիսի ագրեսիա է արձանագրվել, ապա ինչու՞ ՀՀ-ն արմատապես չի չեզոքացնում հիբիդային ագրեսիայի վտանգը և չի արգելափակում ռուսական ալիքները։ Ինչու՞ չեն վերանայվում արտաքին քաղաքական հայեցակարգը և հայ-ռուսական իրավապայմանագրային հարաբերությունները։

ԱԺ նախագահը չխոսեց Հայաստանի օրակարգի խնդիրներից, առաջիկա անելիքներից, տպավորություն թողեց, որ մանր-մունր քայլերով փորձում են կեղծ պատկեր ստեղծել, թե ռուսական շահերի ջատագով չեն։ Այնինչ՝ իրական պատկերն այլ է։ ՀՀ-ն դեռ մնում է ռուսական ազդեցության շրջանակում, ռուսական զորքերը դեռ պօրինաբար գտնվում են ՀՀ-ում, առանց որևէ պետական մարմնի հաշիվ տալու իրենց գործողությունների և տեղաշարժերի մասին։ Այս իրավիճակում ՔՊ-ական խրոխտ ելույթները իսպանիաներում և անվստահ քայլերը հայրենիքում հիշեցնում են մի հին անեկդոտ մոլա Նասրեդինի և ավազակի մասին։

Ուրեմն՝ Նասրեդինի տուն մտած ավազակը հատակին աճուխով գծում է շրջանակ, Նասրեդինին նստեցնում շրջանակի մեջ և սպառնում սպանել, եթե նա դուրս գա։ Իսկ այդ ընթացքում ավազակը բռնաբարում է Նասրեդինի կնոջը, թալանում տունն ու հեռանում։ Ավազակի գնալուց հետո կինը հանդիմանում է Նասրեդինին՝ «Ինչու՞ չփորձեցիր դիմադրել», ինչին Նասրեդինը հակադարձում է՝ «Քո հանդիմանանքն անարդար է, կին։ Երկու անգամ ոտքս դուրս եմ բերել շրջանակից»։

ՔՊ-ական իշխանությունների հատվածական քայլերը հավելյալ ռիսկեր են առաջացնում։ Եթե հաշվի առնենք նաև ռուս-ադրբեջանական հակահայ ագրեսիվ պլանները, որոնք նրանք այս օրերին քննարկում են Մոսկվայում և, ըստ վերլուծաբանների՝ փորձելու են իրականացնել առաջիկա ամիսներին, ապա ՀՀ իշխանությունների հապաղումները կարող են թանկ նստել պետության և ժողովրդի վրա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան