2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի գործող իշխանություններն որդեգրեցին ոչ թե զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ու պատերազմում կորցրածի գոնե մի մասը վերադարձնելու, այլ ամեն գնով խաղաղություն հաստատելու քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած կաբինետի անդամներն առ այսօր շարունակում են չգիտակցել, որ պատերազմում ջախջախիչ պարտություն կրած կողմը չի կարող խաղաղության օրակարգ հաստատել, առավել ևս այն պարտադրել թշնամուն։
Առավել մտահոգիչ էր, որ պատերազմի ավարտից հետո Փաշինյանը, որ պատերազմից հետո ձգտում էր ամեն գնով պահպանել իր իշխանությունը, սկսեց անվերապահորեն կատարել Ադրբեջանի կողմից ներկայացվող բոլոր նախապայմանները, իսկ հանրության առաջ նման զիջողական քաղաքականությունը հիմնավորում էր նոր պատերազմ թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Բնականաբար դեռևս 44-օրյա պատերազմի շոկը չհաղթահարած հայ ժողովուրդը սարսափում էր նոր պատերազմի հեռանկարից, ուստի Նիկոլ Փաշինյանի զիջողական քաղաքականությանը որևէ կերպ չէր ընդդիմանում։
Ադրբեջանին կատարված առաջին զիջումը 2020-ի դեկտեմբերի 18-ին էր, երբ հայկական զորքերը դուրս բերվեցին Արցախի Հանրապետության Որոտանի (առավել հայտնի Կուբաթլու-խմբ․) շրջանի այն հատվածներից, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով մնացել էին հայկական կողմի վերահսկողության տակ ու Սյունիքի մարզի համար անվտանգության որոշակի երաշխիքներ էին ստեղծում։ Սրա հետևանքով Գորիս-Կապան ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեղ-տեղ դարձավ Ադրբեջան, ու չնայած կառավարության ղեկավարի բոլոր հավաստիացումներին, որ այն անխափան գործելու է, ամիսներ անց թշնամին դրա վրա անցակետ տեղադրեց, ու արդեն 3 տարի է, ինչ հայ և արտասահմանցի՝ հիմնականում իրանցի, վարորդները ստիպված են երթևեկել Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհով, որը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ։
Ավելի ուշ նույն հիմնավորմամբ Ադրբեջանին հանձնվեց Շուռնուխ գյուղի մի մասը, որի հետևանքով 13 ընտանիք զրկվեց իր տներից։ Փաշինյանի կառավարությունը խոստանում էր կարճ ժամանակում այս ընտանիքների համար նոր տներ կառուցել, սակայն Շուռնուխի մասնակի հանձնումից 3 տարի անց տները դեռևս կառուցված չեն։
Փաշինյանի այս զիջումները ոչ մի կերպ չկանգնեցրին Ադրբեջանին ու չզսպեցին վերջինիս ախորժակը։ 2021 թվականի մարտին ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որոշակի քառակուս կմ-ներ օկուպացրեց, որտեղից առ այսօր հրաժարվում է դուրս գալ։ Ավելին հաջորդող ներխուժումների՝ 2021-ի նոյեմբերի 16-ի և 2022-ի սեպտեմբերի 13-14-ի ժամանակ Ադրբեջանը նոր տարածքներ օկուպացրեց, որոնք նույնպես չի պատրաստվում վերադարձնել ՀՀ-ին։
Գործող վարչախմբի քաղաքականությունը նույնն էր նաև Արցախի դեպքում․ 2022-ի հուլիս-օգոստոս ամիսներին Փաշինյանն ու իր մերձավորները հանրությանը համոզում էին, որ անհրաժեշտ է անհապաղ հանձնել Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, որպեսզի Ադրբեջանը նոր հարձակում չգործի։ Ադրբեջանի պահանջի կատարումից շատ չանցած՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին այդ երկիրը հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, իսկ ավելի ուշ դեկտեմբերի 12-ին ապօրինաբար շրջափակեց Լաչինի միջանցքը, որը հանգեցնելու էր Արցախի ամբողջական բռնազավթմանն ու հայաթափմանը։
Երբ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանն ամբողջովին օկուպացրեց Արցախը, Նիկոլ Փաշինյանն իր թիմի ու քարոզիչների հետ միասին հանրությանը փորձում էր վստահեցնել, որ վերջապես Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրական հնավորություն է ընձռնվել, որից ամեն կերպ պետք է օգտվել։ Այդ ժամանակվանից մի խումբ փորձագետներ նախազգուշացնում էին, որ Արցախի ամբողջական հանձնումը չի փակելու թշնամու ախորժակը, և այն մասելուց հետո վերջինս արդեն հավակնություններ է դրսևորելու ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Ահա արդեն ամիսներ անց Ադրբեջանը պահանջեց անհապաղ իրեն հանձնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը, որոնք վերջինս համարում է իրենը։ Հայաստանի իշխանություններն ապրիլի 19-ին համաձայնեցին կատարել նաև այս պահանջը՝ այն ներկայացնելով որպես խոշոր ձեռքբերում և պնդելով, որ այդ հատվածում կհաջողվի հստակեցված սահման ունենալ, ինչը խաղաղության երաշխիք է։
Այսպիսով՝ փաստենք, որ Հայաստանի իշխանությունները 4 տարում այդպես էլ չհասկացան, որ Ադրբեջանի բոլոր պահանջների անվերապահ կատարումը ոչ միայն չի նպաստելու հարաբերությունների կարգավորմանը, այլև հանգեցնելու է նոր պահանջների առաջ քաշմանը, ինչպես նաև մոտեցնելու է հաջորդ պատերազմի օրը։ Եթե Ադրբեջանին հաջողվի ստանալ նշված 4 գյուղերը, ապա հաջորդիվ այդ երկիրը պահանջելու է հանձնել 4 անկլավային գյուղերը, այնուհետև «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ Հայաստանի իշխանություններն անվերապահորեն կատարելու են դրանք՝ հանրությանը սպառնալով, որ դրանց չկատարումը հղի է պատերազմի վտանգով։
Առավել մտահոգիչ է, որ որոշ քաղաքական գործիչներ ու փորձագետներ նույնպես հանրությանը ձգտում են ամեն գնով համոզել, որ Տավուշի 4 գյուղերի հանձնումն իշխանությունների կողմից չափազանց ողջամիտ որոշում է, որը խաղաղություն է երաշխավորելու։ Բացի այդ՝ վերջիններս պնդում են, որ նման «փայլուն» որոշմամբ՝ Փաշինյանին հաջողվել է Ալիևին այնպիսի մի իրավիճակում դնել, որ վերջինս այլևս Հայաստանի վրա հարձակվելու իրավական հիմքեր չունի, իսկ հարձակվելու դեպքում արժանանալու է միջազգային հանրության կոշտ հակազդեցությանն ու պատժամիջոցներին։
Նման տեղեկատվական աղբով ու ապատեղեկատվությամբ հայ հանրությանը մոլորեցնողներին հորդորում ենք օր առաջ երթևեկել տեղ-տեղ Ադրբեջան դարձած Գորիս-Կապան ավտոճանապարհով, որի անխափան գործունեությունը Նիկոլ Փաշինյանն անձամբ էր երաշխավորում։ Ավելորդ չենք համարի պնդել, որ Ադրբեջանին նոր հարձակում գործելուց կարող է հետ պահել միայն մարտունակ հայկական բանակը, իսկ եթե նման հարձակում այնուամենայնիվ լինի, որքան էլ Նիկոլ Փաշինյանը բավարարի Իլհամ Ալիևի պահանջները, միջազգային հանրությունը սահմանափակվելու է միայն անհասցե հայտարարություններով և երկու կողմերին ուղղված ոչինչ չասող կոչերով։
Դավիթ Գույումջյան