Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 18:15 22-04-2024

Տավուշում ենք պայքարում․ գյուղերի հանձնումը միայն հանրային ընդվզմամբ է հնարավոր կանխել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերեն հայ հանրության մտահոգ հատվածի ուշադրությունը սևեռված է Տավուշի շուրջ ծավալվող զարգացումների ուղղությամբ, որտեղ գործող իշխանությունները համաձայնել են Ադրբեջանի օգտին հերթական զիջումը կատարել։

Դեռևս ապրիլի 19-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունների հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Երևանը համաձայնել է հանձնել Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը, ինչը Բաքուն տևական ժամանակ պահանջում էր։ Հրապարակած քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանը կմոտենա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, նրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի վերջինիս հսկողության տակ:

Այս համատեքստում մի շարք շրջանակներ քննադատում են ընդդիմությանը՝ պնդելով, որ վերջինս չի պայքարում Տավուշի գյուղերը հանձնելու որոշման դեմ։ Քննադատությունների թիրախում հայտնվում են հատկապես ազգային ուժերը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնցից էլ հանրությունը ստեղծված իրավիճակում կոնկրետ գործողություններ է ակնկալում։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տարբեր խմբերով ու կազմով Տավուշի մարզում են։ Նրա խոսքով՝ իշխանությունների այս որոշման դեմ բողոքի գործողությունները հենց Տավուշում են իրականացվում․

«Իմ գործընկերների մի խումբը հիմա այնտեղ է, մյուս խումբը հերթապահում է, երկու խումբ էլ ճանապարհին է, ես էլ գիշերն եմ վերադարձել։ Այսինքն՝ մենք Տավուշում ենք և կարևորում ենք տեղում բնակիչների արդար զայրույթի դրսևորման կողքին լինելը, սատարելը, մենակ չթողնելը և դա հնարավորինս լսելի դարձնելը։ Այս փուլում այնտեղ ենք, լրացուցիչ որևէ բանի մասին անպայման կտեղեկացնենք»։

Ինչ վերբերում է ՀՅԴ-ին, Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, որ վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին կազմակերպվելու է ավանդական ջահերով երթը։ Նրա խոսքով՝ դա նույնպես հանրային միջոցառում է ու բողոքի դրսևորման միջոց՝ ընդդեմ ուրացման քաղաքականության, որը ներկայումս վարում են Հայաստանի իշխանությունները։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ կարծում են, որ այս պահին ճիշտ է Տավուշում լինելը։ «Մենք կարևորում ենք տեղում մարդկանց կողքին լինելը և Տավուշում ձևավորվող ընդվզման ու հակազդեցության ճակատին հնարավորինս աջակցելը»,- ասաց նա։

Մեր հարցին, թե նման ճանապարհով որքանո՞վ է հնարավոր կանխել Տավուշի գյուղերը հանձնելու գործընթացը՝ Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ կանխելու միակ ճանապարհը հանրային ընդվզումն է։ Նա միևնույն ժամանակ կարևորեց, որ այս որոշման դեմ լայն ընդվզում լինի։

«Մենք պետք է խուսափենք նաև հարցի լոկալիզացիայից, որպեսզի այնպես չստացվի, որ սա միայն Տավուշի մի քանի գյուղի հարցն է։ Դրա համար կարևոր է, որ Տավուշում ձևավորվող ընդվզման օջախներին միանան նաև այլ օջախներ, ինչպես նաև այլ բնակավայրերի մեր հայրենակիցները»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի