Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
copy image url

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով

Ներքին 1 տարի առաջ - 15:44 20-04-2024
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց ցեղասպանության վերապրող և վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից ստացավ արժեքավոր իրեր։

Նրա հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին հանձնեցին Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն այդ առթիվ իր ելույթում նշեց, որ միջոցառումը թանգարանի համար իսկապես բացառիկ է, քանի որ ֆոնդերը համալրվում են կարևոր նշանակություն ունեցող նմուշներով, որոնք եզակի են ինչպես պատմական, այնպես էլ գիտական առումով։

«Թեհլիրյանի օրագրությունը ներկայացնում է մի ժամանակաշրջան, որը մեզ համար խիստ կարևոր է մի քանի տեսանկյուններից։ Թանգարանին հանձնված լուսանկարները նոր լույսի ներքո են ներկայացնում մեր հերոսին, ով իր արարքով ցեղասպանության արհավիրքի միջով անցած հայ ժողովրդին թույլ տվեց հասնել արդարադատության հանգրվանի։ Այն, ինչ տեղի ունեցավ Բեռլինում, երբ Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության անմիջական ու գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային, ու այն, ինչ տեղի ունեցավ դրան հաջորդած դատավարության արդյունքում, իրավական տեսանկյունից խիստ նշանակալից է։ Դա փաստորեն Ցեղասպանության վերաբերյալ առաջին դատավարությունն էր, քանի որ Թեհլիրյանի դատը վերածվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող դատավարության, որն ունեցավ փաստահեն հիմք ու ճանաչվեց որպես անժխտելի իրողություն»,- ասաց Գզոյանը։

Թանգարանի տնօրենը հպարտությամբ նշեց, որ Սողոմոն Թեհլիրյանը ոչ միայն հայ ժողովրդի հերոս զավակն է, այլև պատկանում է առաջադեմ մարդկությանը։ Նրա խոսքով՝ Թեհլիրյանն իր հերոսական արարքով հետագայում հիմք տվեց Ցեղասպանության կոնվենցիայի հաստատմանը, որի ակունքներում կանգնած իրավագետ Ռաֆայել Լեմկինը տևական ժամանակ հետևել է Թեհլիրյանին, ուսումնասիրել նրա կյանքն ու Էական ներդրում ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան ընդունելու գործում՝ ներկայացնելով կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը հանգամանորեն ներկայացրեց Սողոմոն Թեհլիրյանին առնչվող և նրա հետ անմիջական կապ ունեցած ցուցանմուշները, որոնք այսօր պահվում են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուներում։ Նա երախտագիտությամբ նշեց, որ նոր ցուցանմուշներն ավելի կհարստացնեն ու բովանդակալից կդարձնեն հայ հերոսի նյութական ժառանգությունը։

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիներից Արփի Օսկանյանը, թանգարանին նվիրաբերելով հայ վրիժառուի օրագրությունը, ասաց, որ այդ փաստաթուղթն իրենց ընտանիքի համար ունեցել է շատ մեծ կարևորություն և խնամքով բավականին երկար ժամանակ պահվել է ընտանեկան արխիվում։

Ամենից շատ դիտված

12:34 Միացված վարսահարդարիչը խլել է 20-օրական երեխայի կյանքը․ RBK
11:48 Սեռական ծառայությո՞ւն․ Աննա Հակոբյանը Բորիս Մուրազիի մասին սկանդալային հայտարարություն է արել
20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
11:23 Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ զառանցում է, ես ի՞նչ մեկնաբանեմ. Աջապահյան
12:16 7-ամյա տղային 5 տարի փակել էին բնակարանում աղբի և տեսախցիկների ներքո․ Lenta
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
12:42 Ռուս կինը արաբ ամուսնուն երշիկ է տվել, ինչի պատճառով ծեծ է կերել ու դուրս շպրտվել տնից․ Lenta