copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 16:30 19-04-2024

Նախկին «արևմտամետը»․ Էդմոն Մարուքյանը սկսել է ծիծաղել արևմտյան երաշխիքների վրա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը մի ժամանակ արևմտմետ քաղաքական գործչի համբավ ուներ, ու չնայած նա պարբերաբար խոսում էր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, ակնհայտ էր, որ քննադատության սլաքն ուղղված էր դեպի հյուսիս՝ Մոսկվա։ Արևմտամետ Էդմոն Մարուքյանի գլխավորած ԼՀԿ-ն մասնակցեց 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին, որոնք «հետհեղափոխական» Հայաստանի առաջին համապետական ընտրություններն էին, ու ի զարմանս շատերի, հաղթահարեց անցողիկ շեմը, դարձավ խորհրդարանի մեծությամբ 3-րդ քաղաքական ուժը։

Թեև ԼՀԿ-ի քաղաքական վերելքը նախևառաջ պայմանավորված էր այն հանգամանքով, որ մարդիկ հոգնել էին նախկին համակարգի հետ առնչվող քաղաքական ուժերից, մի մասն էլ գիտակցում էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը բացարձակ մեծամասնություն է ստանալու և անհրաժեշտ է նաև այլ ուժերի օգտին էլ քվեարկել, այնուամենայնիվ հանրության մի զգալի հատվածն էլ ԼՀԿ-ին ձայն էր տվել նախևառաջ այն բանի համար, որ վերջինիս համարում էր արևմտամետ։ Սակայն Էդմոն Մարուքյանի կուսակցությունը ԱԺ-ում գործունեության 3 տարիների ընթացում չարդարացրեց իր ընտրողների ակնկալիքները, որի վկայությունը 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն էին, որոնցում ԼՀԿ-ն ստացավ 1 տոկոսից մի փոքր ավելին։

Ամիսներ անց Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում, որպեսզի, իր խոսքով, ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում օգտակար լինի պետությունը։ Այս տարվա մարտին՝ Մարուքյանի պաշտոնանկությունից հետո, գրել էինք, որ նրա գործունեությունը հակասել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, քանի որ, ինչպես նախկին դեսպանն անձամբ է խոստովանել, բանակցել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու և փոխարենը Ադրբեջանի կողմից Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության ճանաչմանը հասնելու շուրջ։

Հատուկ դեսպանի պաշտոնում Էդմոն Մարուքյանի պաշտոնավարման մի զգալի հատվածը համընկավ Լաչինի միջանցքի շրջափակման, այնտեղ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման ու Արցախի Հանրապետութան դեմ 2023-ի սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ ագրեսիայի հետ, որի հետևանքով հայկական երկրորդ հանրապետությունն ամբողջովին հայաթափվեց։ Այս ընթացքում Մարուքյանը թեև անուղղակի էր քննադատում ՌԴ-ին ու Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին ու ընդգծում արցախցիների անվտանգության ապահովման նպատակով միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ վերջինս պարբերաբար հիշեցնում էր նաև, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որը ստորագրել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Օրերս, երբ հայտնի դարձավ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած ռուս խաղաղապահները հեռանում են, Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ նշելով, որ սպասում են սկանդինավյան խաղաղապահներին։ Նա այս հայտարարությամբ ակնհայտորեն քննադատում է այն շրջանակներին, ովքեր ժամանակին հանրությանը համոզում էին, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը դուրս գա Արցախից, ապա սկանդինավյան խաղաղապահները կգան և տեղի հայ բնակչությունը նրանց երաշխավորած անվտանգությամբ ապահով կապրի:

«Հիմա այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ ու ժողովուրդն էլ վերադառնա այնտեղ և ապրի անվտանգության այդ երաշխիքներով: Եթե այն մարդիկ, ովքեր գիշեր-ցերեկ բարձրաձայնում էին ռուս խաղապահների պարտադիր դուրս բերման և սկանդինավյան խաղապահների փրկչական առաքելության մասին, հիմա անձամբ դուրս չգան և այդ հարցով չզբաղվեն, ուրեմն ստիպված եմ լինելու անուններով դիմել նրանց: Ավելի լավ է, ինքներդ նախաձեռնեք ու կյանքի կոչեք ձեր խոստումները»,- գրել էր նախկին դեսպանը:

Մարուքյանի գրառումից տպավորություն է ստեղծվում, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պատշաճ կերպով կատարել են իրենց պարտավորությունները, իսկ նրանց նկատմամբ անտեղի դժգոհություններ են կուտակվել։ Նախկին դեսպանը կարծես թե մոռանում է, որ հենց ռուս խաղաղապահների տեղակայումից 1 ամիս անց Ադրբեջանն օկուպացրեց Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, 2022-ի մարտին՝ Փառուխը, պարբերաբար կրակում էր խաղաղապահների ներկայությամբ գյուղտնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների վրա, շրջափակեց Լաչինի միջանքը, իսկ ավելի ուշ արդեն հարձակման անցավ 9 ամիս շրջափակված Արցախի դեմ և հայաթափեց այն։

Այս իրադարձությունների ժամանակ ռուս խաղապահները դիտորդի դերում էին, չէին միջամտում Ադրբեջանի գործողություններին և կանխում դրանք, իսկ պաշտոնական Մոսկվան հայտարարում էր, որ խաղաղապահներին հաջողվել է կանխել իրավիճակի հետագա խորացումը և այլն։ Փաստացի ռուս խաղաղապահների նկատմամբ կուտակված դժգոհություններն առավել քան արդարացված էին, իսկ Արցախի հայաթափումից հետո բազմաթիվ քաղաքացիների շրջանում հարց էր առաջանում, թե այժմ, որն է Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու իմաստը, երբ նրանք տապալել են իրենց գլխավոր գործառույթը։

Ինչ վերաբերում է սկանդինավյան խաղաղապահների տեղակայմանը, ապա այդ հարցը պարբերաբար քննարկվել է, այդ թվում 44-օրյա պատերազմի օրերին, սակայն փաստացի երբեք «միս ու արյուն չի ստացել»՝ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով։ Իրականում մի կողմից արևմուտքը գործնականում պատրաստ չէր Արցախում ռազմական կոնտինգենտ տեղակայել, իսկ ՌԴ-ն էլ իր հերթին ամեն բան արել է, որ այնտեղ սեփական խաղաղապահներին տեղակայի, քանի որ այս տարածաշրջանը մշտապես համարել է իր ազդեցության գոտին։ Արևմուտքում այս իրողության շուրջ առկա էր լուռ կոնսենսուս, որի վկայությունը արևմտյան բոլոր ազդեցիկ դերակատարների կողմից ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ողջունումն էր։

Այսպիսով՝ երբեմնի արևմտամետ Էդմոն Մարուքյանը սկսել է ծաղրել արևմուքին և վերջինիս կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքները․ Մարուքյանը կա՛մ միտումնավոր կերպով մանիպուլացնում է հանրությանը, կա՛մ էլ պաշտոնանկությունից հետո մտափոխվել և դարձել է ռուսամետ ու այժմ ամեն գնով փորձում է հանրության աչքում չքմեղացնել Մոսկվային և վերջինիս տապալումները։ Այս դիլեման կհանգուցալուծեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր 2026-ին, կամ մի փոքր ավելի շուտ կգնան ընտրատեղամասեր և նոր խորհրդարան ու իշխանություն կձևավորեն։

Հավանաբար ինքն իրեն կլասիկ քաղաքական գործիչ համարող Մարուքյանը մտադիր է ընտրություններին մասնակցել հենց պրոռուսական քաղաքական կուրսով ու ամեն գնով ստանալ ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունից դժգոհ քաղաքացիների ձայները ու վերադառնալ ԱԺ, իսկ դա կհաջողվի՞ նրան, թե՞ ոչ՝ կորոշենք ազատ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
10:28 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կին է հոսպիտալացվել. shamshyan.com
23:27 Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ համագյուղացիները փորձել են հաշվեհարդար տեսնել․ shamshyan.com
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
13:00 Պատրաստվեք, գալիս են․ ի՞նչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան»
11:49 Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
23:54 Մենք հիմա սահմանազատում են ՀՀ սահմանը․ Կիրանցը սահման չունի․ Նիկոլ Փաշինյան
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
23:48 Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը գործընթացին

Ձեզ գուցե հետաքրքրի