copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:53 16-04-2024

Գյուղացին միայնակ մնաց աղետների դեմ․ իրավիճակը ողբերգական կդառնա

Ապահովագրական ընկերությունները վերջերս դադարեցրել են գյուղատնտեսության ապահովագրության ծրագրերը։ Նախկինում ապահովագրական ընկերությունների կողմից գյուղատնտեսության ապահովագրության ծրագերը հնարավորություն էին տալիս գյուղացիներին ապահովագրել իրենց այգիներն ու հողատարածքները անցանկալի բնական աղետներից՝ երաշտից, կարկուտից և այլն։

Գյուղացիներն այսպիսի փոփոխության հետևանքով կարող են լուրջ խնդիրների բախվել։ Այն նաև աղետալի ազդեցություն կունենա գյուղատնտեսության զարգացման վրա։ Գյուղատնտեսությամբ զբաղվողների նկատմամբ ապահովագրական ընկերությունների այս կամայական վերաբերմունքի պատճառով գյուղացիական տնտեսությունների թիվն էապես կպակասի։

Oragir.News-ը թեմայի շուրջ կապ հաստատեց գյուղատնտեսական հարցերով փորձագետ Հարություն Մնացականյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս փոփոխությունը գյուղացիների համար։

«Վերաապահովագրող ընկերությունները հրաժարվել են ապահովագրումից։ Սա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ։ Այսպես թե այնպես՝ չէր աճում գյուղատնտեսությունը։ 7 տարի է, ինչ ռեգրես է ապրում՝ ոնց որ միշտ։

Գյուղացին, երբ մշակում էր իր խաղողն ու ծիրանը, գոնե կարկուտի, ցրտահարության դեպքում ինչ-որ ձևով կարողանում էր փոխհատուցել։ Հիմա, երբ դա էլ չի փոխհատուցվում, արդեն գյուղացին ընդհանրապես շահագրգրված չի լինի գյուղատնտեսական գործունեություն ծավալելու»,- ասաց փորձագետը։

Մեր տեղեկություններով՝ չեն ապահովագրվելու, մասնավորապես՝ խաղողը և ծիրանը։ Սակայն ըստ փորձագետի՝ այստեղ խոսքը գնում է ամբողջ այգեգործությունը չապահովագրելու մասին՝ ներառյալ մշակաբույսերը։ Փորձագետը հավելեց նաև, որ այս պարագայում գյուղացին մնալու է միայնակ իր վնասի հետ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև ապահովագրական ընկերությունների հետ՝ հասկանալու համար ծրագրի դադարեցման պատճառը։

Նրանցից ոմանց հետ չկարողացանք կապ հաստատել, ոմանք էլ նշեցին, որ իրենք այդ ծրագիրը երբեք չեն իրականացրել։

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն ասաց, որ նախկինում տրամադրել են գյուղատնտեսական ապահովագրություն, սակայն այժմ այլևս չեն տրամադրում։

Հարցին, թե երբվանից այլևս չեն տրամադրում, նշեցին, որ չեն տիրապետում այդ տեղեկատվությանը։ Ինչպես նաև չկարողացան պատասխանել, թե որն է պատճառը այդ ծրագրից հրաժարվելու։

Հաջորդ ապահովագրական ընկերությունը, որը դադարեցրել է ծրագիրը, «Ինգո Արմենիա»-ն է։ Կապվեցինք նաև նրանց հետ և հղեցինք նույն հարցը։ Նրանք պատասխանեցին, որ այս տարվանից սկսած՝ չեն իրականացնում գյուղատնտեսական ապահովագրություն։

Հարցին, թե ինչն է պատճառը, պատասխանեցին, որ դա պարզապես ընկերության որոշումն է։

Ուշագրավ է, որ Կառավարությունը աչքաթող է անում այս փաստը, չի հետևում գյուղացիների շահերի արհամարհման երևույթներին, նպաստում գյուղատնտեսության անկմանը, որը կարող է հանգեցնել գործազրկության և արտագաղթի աճին։ Իսկ ապահովագրական ընկերություններն էլ իրենց հերթին կամայականորեն և անպատասխանատու կերպով հրաժարվում են գյուղացիներին ապահովագրություն տրամադրել։ Արդյունքում՝ տուժում է գյուղացին, քանի որ իշխանություններն ու ապահովագրողները նրան թողել են միայնակ դիմագրավելու բնական աղետներին, ռիսկերին և կորուստներին։ Եվ եթե դրանց ավելանան նաև վարկատու բանկերի խիստ պահանջները, ապա գյուղացիների վիճակը կարող է ողբերգական դառնալ։