Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:30 28-04-2023

Բացի բահից ու եղանից՝ գյուղացին թշնամուց պաշտպանվելու ուրիշ ոչ մի միջոց չունի

Սահմանապահ Երասխ գյուղն ամբողջությամբ թիրախային դիրքում է գտնվում, քանի որ մենք շատ մոտ ենք սահմանին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավար Սարո Այվազյանը։

Անդրադարձավ նաև համայնքի բնակիչների անվտանգության ապահովման համար բնակիչներին հրացաններ ու ատրճանակներ տրամադրելու հարցին։

«Այդ մի բանը չեն անում։ Մենք խնդրել ենք, ես այդ հարցով դիմել եմ ու միշտ մերժվել ենք։ Այսինքն, եթե Աստված ոչ անի, ինչ-որ մի տեղից մի ճեղքում լինի, ապա մեր գյուղացիները բացի լապատկից ու եղանից ուրիշ ոչ մի բան չեն ունենա պաշտպանվելու համար։ Մենք միշտ դիմել ենք այդ հարցով ու միշտ այդ պատասխանը չի գոհացրել»,- ասաց նա։

Սարո Այվազյանի խոսքով՝ իրենք այս հարցով բազմիցս դիմել են բանակի հրամանատարությանը, իրենց բարձրացրած հարցից տեղյակ են նաև նախարարությունում։ «Համար առաջին խնդիրներից է։ Ինչի՞ մենք չպետք է ունենանք զենք, չունենանք ապահովություն։ Մենք կարող էինք գյուղում հերթապահություն իրականացնել»,- ասաց նա։

Համայնքապետի խոսքով՝ Երասխում ևս մեկ, երկարատև ժամանակ լուծում չստացող խմելու ջրի անվտանգության խնդիր կա։ Այս խնդրի մասին, ի դեպ, Oragir.News-ն ահազանգել էր դեռևս 6 ամսի առաջ։
Այն որևէ արձագանք այդպես էլ չէր ստացել։

«Մեր գյուղի վերևում՝ դեպի Տիգրանաշեն բարձրացող հատվածում, գտնվում է մեր խմելու ջրի ավազանը։ Ես այս հարցով դիմել եմ և՛ քաղաքապետարան, և՛ մարզպետարան, և՛ պատական մարմիններին, բոլորին։ Ավազանը կառավարվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։ Այդ ընկերությանը դիմել ենք ու ստացել ենք ոչ նորմալ պատասխան։ «Վեոլիա ջուր»-ը պետք է ավազանի կողքին մի հատ փոքր ինչ-որ հենակետ կառուցի, որպեսզի այդ հենակետում պաշտպանություն, հերթապահության սահմանվի։ Ավազանը գտնվում է ամայի դաշտում։ Ո՛չ հերթապահություն կա, ո՛չ պահակ կա․․․ ոչ մի բան չկա։ Ես բազմիցս դիմել եմ ու միշտ մերժվել եմ»,- ասաց նա։

Ըստ համայնքապետի՝ ջրի անվտանգությունը նույնպես գյուղի առաջնահերթ խնդիրներից է։ «Ցանկացած պահի ճանապարհի վրայից մի հատ չուզող կարող է ոտքով հասնել ավազանին, ջուրը թունավորել։ Հիմա «Վեոլիա ջուրը» պատճառներ է բռնում, ասում է՝ պաշտպանությունը պետք է անի։ Պաշտպանությունն ասում է՝ մենք հերթապահություն սահմանողն ենք, մենք պահողն ենք։ Իսկ ինչ վերաբերում է հենակետին, դա արդեն «Վեոլիա ջուր»-ի գործն է, ինքը պարտավոր է անել դա։

«Վեոլիա ջուր»-ն ասում է՝ ես չեմ կարող այդքան բան անել։ Բայց վերջում ստացվում է այնպես, որ Աստված ոչ անի, Երասխն այն տեղն է, որտեղ գիշերով էլ են օտար մարդկանց բռնում, ցերեկով էլ են բռնում, շատ բաներ են լինում։ Շատ բաներ են կատարվում»,- ասաց նա։

Այվազյանի խոսքով՝ իրենց գյուղին անհրաժեշտ է զինանոց, որից գյուղի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու՝ պաշտպանվելու նպատակով։

«Մենք ունենք շատ ուժեղ տղաներ, շատ ուժեղ կռվողներ, փորձառու մասնագետներ։ Պետք է այդ տղաներին զենքեր կցել՝ իրենց անձնագրով, իրենց պարտականություններն իրենք բոլորը գիտեն։ Պետք է հերթապահություն սահմանել։ Աստված ոչ անի, որ մի բան է լինում, մի որոշ ժամանակ էլի եղավ, մենք ոչ մի բան չունենք։ Ու մեզ ասում են՝ հերթապահություն սահմանեք կամ ջրի ավազանը հսկեք։ Ո՞նց պահենք»,- ասաց նա։

Այս ֆոնին, համայնքապետը վստահեցրեց, որ բանակը լիարժեքորեն կատարում է իր պարտականությունները՝ բացի բնակիչներին զինելուց։ «Բանակն իր պարտականությունները շատ լավ է կատարում Երասխում։ Որևէ խնդիր այդ առումով չունենք։ Ունենք լավ հրամանատար, ունենք լավ ղեկավար մեր Արարատի գնդում։ Իրեն ենթակա ամբողջ հրամանատարությունը գերազանց կատարում է իր աշխատանքը»,- ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ Երասխի համայնքապետի, խնդիրը միայն դրանով չի լուծվում։ Սպասելիքներ ունեն նաև ՀՀ իշխանություններից, որոնք դեռևս որևէ ձևով չեն արդարացվել։ «Երասխին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Մեր բնակիչները գնալով պակասում են՝ Երասխին անուշադրության մատնելու պատճառով։ Այսինքն, մենք սահմանապահ գյուղ ենք կոչվում, բայց մեր հարկերը, մեր տուրքերը, բոլոր հավասար են մնացածին։ Ասում են՝ Երասխում այս խնդիրը լուծված է 50 տոկոսով՝ սուտ է։ Մենք այսօր էլեկտրաէներգիան լիարժեք մուծում ենք գումարը։ 5000-ական դրամներ պետության կողմից է սուբսիդավորվում։

Այսինքն, պետք է կառուցվի եկեղեցի, պետք է կառուցվի դպրոց, խաղահրապարակը սարքվում է, փառք Աստծո։ Ամեն ինչի համար տանջվում, քրտնում ենք, որպեսզի համայնքի ժողովուրդը դուրս չգա համայնքից։ Երասխը պետք է ավելի շատ բնակեցնել։ Ես այս գյուղում եմ ծնվել-մեծացել, ես ուզում եմ, որ իմ գյուղը ծաղկի, ոչ թե ավերվի»,- ասաց նա։

Այս առումով Այվազյանը խոսեց նաև ՀՀ իշխանությունների կողմից տարվող աշխատանքների մասին։ «Մեր վարչապետն այստեղից 100 անգամ գնում-գալիս է։ Մի օր չի կանգնում՝ իմանա գյուղի հոգսերը։ Միշտ Երասխով անցնում են բարձր պաշտոնյաներ, կառավարության բոլոր անդամներն անցնում են։ Այսինքն, չիմանա՞ն Երասխի բնակչի կարգավիճակը, չիմանա՞ն, թե սահմանապահ գյուղի բնակիչն ինչի կարիք ունի։ Մենք հետին պլանում ենք, այսպես ասեմ»,- ասաց նա։

Այվազյանն ասաց, որ գյուղի տարածքում գտնվող հենակետերն, այդուհանդերձ, ամեն օր ամրանում են։ Իր խոսքով՝ ինքն անձամ էլ մասնակցում է այդ աշխատանքներին։ «Ցանկացած կրակոցի դեպքում, մեր ընտանիքները, երեխաները Երասխից դուրս չեն գալիս, ոչ մեկը»,- ասաց նա։

Այդուհանդերձ, վերջին մի քանի տարիների ընթացքում սահմանային Երասխում ու մոտակա գյուղերում որոշ դրական փոփոխություններ նույնպես եղել են։ Համայնքում այժմ մշտական գազամատակարարում է ապահովվում։ «Խողովակների տեղադրման աշխատանքներն ավարտված են, մի քանի օրից արդեն մեր գյուղը ևս մշտական գազ կունենա»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով, աշխատանքներ են տարվում նաև համայնքի ապաստարանների ավելացման, վերանորոգման ու կահավորման ուղղությամբ։ Կատարվում են նաև ամրացման աշխատանքներ։ «Մեր դպրցը շատ լավ ապաստարան ունի։ Շուտով կունենանք ավելի լավ ապաստարաններ։ Հիմա էլ ամրացման աշխատանքներ են կատարվում»,- ասաց նա։

Համայնքապետի խոսքով՝ կատարվող աշխատանքների իրականացման միջոցները տրամադրվում են բարեգործական կառույցների կողմից։