Երևան +21°
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 23:50 15-04-2024

Գաղթի ճանապարհին մարդիկ էին մեռնում, երեխաներ էին ծնվում. դա սարսափ ֆիլմի էր նման. բռնի տեղահանված

«Արցախում ապրելու ամեն օրը փորձություն էր մեզ համար, ապրում էինք։ Պատերազմ, բլոկադա, էլի պատերազմ... Մինչեւ առավոտ հերթ էինք կանգնում, որ 2 հաց տուն տանենք։ Մարդիկ սովից ու սպասելուց ուշաթափվում էին, ինչ իմանայինք, որ մի օր անգամ էդ օրերին ենք երանի տալու, գոնե էն ժամանակ մենք տանն էինք։ Մարդուն կոտրելը էլ ո՞նց ա լինում, մեզ մեր տներից հանեցին ու գաղթական դարձրին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղից բռնի տեղահանված Արեգա Հայրապետյանը։

48-ամյա կինը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին հերթական հոգսաշատ օրերից էր, մեկ էլ հարևաններից մեկը լացելով եկել, հայտնել է, որ կռիվը սկսվել է, Ստեփանակերտում է թշնամին։

«Ասի՝ Մարետ, հանգստացի կարող ա ինչ-որ բան սխալ ես հասկացել։ Կռիվը իսկապես սկսվել էր... Մեզ մի քանի ժամ ժամանակ տվեցին, որ հասնենք Ստեփանակերտի օդանավակայան։ Մարդիկ խուճապի մեջ էին, ուզում էին փրկվել։ Ասում էին՝ թուրքերը քաղաք են մտել, դաժան բաներ են արել։ Ընդամենը մի քանի կտոր շոր վերցրի, անձնագիրս, բայց մինչև վերջ վստահ էի, որ ժամանակավոր եմ տնից հեռու։ Ամսի 23-ին ճանապարհ ընկանք, 27-ին ենք հասել Գորիս։ Հակարիի կամուրջը որ անցանք, տպավորություն էր, որ թե նորից ես ծնվում։ Դժոխքի ճանապարհ էր... Մարդիկ մեռնում էին, երեխաներ էին ծնվում գաղթի ճանապարհին, դա մի սարսափ ֆիլմ էր հիշեցնում»,-շարունակում է արցախցի կինը։

Տիկին Արեգան ասում է, որ Սիսիանի գյուղերից մեկում են տուն առաջարկել, բայց իրենք հրաժարվել են, ասում է՝ սահմանից այ ըսենց կուշտ ենք, մարդավարի ապրել ենք ուզում։ Հետո ինքն իրեն ուղղում է՝ չնայած հիմա ամբողջ Հայաստանը սահման է դարձել, ամբողջ Հայաստանում ապահով տեղ չի մնացել։

Գյումրի պատահական են եկել, ասում է՝ համեմատաբար հանգիստ տեղ ա։ Մի քանի ամիս է՝ Գյումրիում են ապրում, հարազատները տարբեր բնակավայրերում են ապրում՝ Գյումրիից մինչև Ճամբարակ։
Արեգա Հայրապետյանն ասում է.

«Երբ Հակարիի կամուրջն անցանք, չգիտեի ուրախանամ, թե տխրեմ։ Փրկվեցինք, բայց հետո ինչ է լինելու։ Երեք երեխա ունեմ, էսօր էս քուչից էն քուչեն ապրում ենք։ Մենք մեզ մեր հայրենիքում փախստական ու օտար ենք զգում։ Պալատներում էլ որ ապրես, միևնույնն ա՝ էս մերը չէ, մենք էստեղ հյուր ենք, մեզ էստեղ օտարի աչքով են նայում»,-եզրափակում է արցախցի կինը։