Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 16:00 11-04-2024

Նիկոլ Փաշինյանն այնքան «պետականամետ» է, որ պետական է անգամ նրա տված ընտրակաշառքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում խստորեն քննադատել է Հայաստանի նախկին իշխանություններին՝ պնդելով, որ վերջիններիս մշտապես հաջողվում էր իշխանության գալ բացառապես վարչական ռեսուրսի կիրառման, ինչպես նաև համատարած կերպով ընտրակաշառք բաժանելու արդյունքում։

Ավելին՝ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների փողոցային ակցիաների օրերին Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կարողացել էր հաղթել հենց հիշյալ գործիքակազմի կիրառմամբ, իսկ իրականում վերջինս չի վայելում հանրության աջակցությունը, չնայած այն բանին, որ անձամբ էր ճանաչել ընտրությունների արդյունքները ու չէր բողաքարկել դրանք։

Փաշինյանն իր նախաձեռնած փողոցային պայքարի հիմքում դրեց սոցիալական արդարության վերականգնումը, կոռուպցիայի բոլոր դրսևորումների, այդ թվում նաև ընտրակաշառքի դեմ պայքարը, որոնք իրավմամբ Հայաստանում լայն տարածում ունեին ու առ այսօր շարունակում են ունենալ։ Իրականում գլխավորապես հենց այս հանգամանքը նպաստեց, որ նրա գլխավորած պայքարը հաջողի ու վերջինս իշխանության գա, քանի որ հանրության լայն շերտերը, փողոցային պայքարի էին դուրս եկել ոչ թե այն բանի համար, որ աջակցում էին Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին, այլ՝ մարդիկ դժգոհ էին երկրում առկա բարքերից և սոցիալական անարդարությունից։

Իշխանության գալուց հետո առ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական ուժը շարունակում են քննադատել և նախկին իշխանությունների «երեսին շպրտել», որ վերջիններս երբեք չեն վայելել հանրության աջակցությունը, կարողացել են վերընտրվել՝ բացառապես ընտրակաշառքի միջոցով։ Նմանատիպ բոլոր մեղադրանքներում կարմիր թելով անցնում է այն քարոզչական թեզը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոռուպցիայի ու ընտրական հարցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկն է, իսկ քաղաքական ուժի անդամներն «ավելի շուտ իրենց ձեռքերը կկտրեն, քան ընտրություն կկեղծեն, կամ կներգրավվեն կոռուպցիոն սխեմներում»։

Քարոզչական բնույթի հայտարարություններին զուգահեռ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր կառավարման առաջին տարիներին խստացրեց ընտրակաշառք տրամադրելու համար սահմանված պատժաչափերը, քրեական պատասխանատվություն նախատեսվեց ոչ միայն ընտրակաշառք առաջարկողների, այլև վերցնողների համար, ինչը, բնականաբար, ողջունելի էր։ Նման մոտեցումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարման սկզբում ՔՊ-ն վայելում էր հանրության լայն շերտերի վստահությունը, առանց լուրջ ջանքերի կարողանում էր իշխանության գալ, իսկ ընտրակաշառք բաժանելու կարիք ունեին նախկին համակարգը ներկայացնող քաղաքական ուժերը՝ պայմանական «սևերը», որպեսզի համալրեին գոնե խորհրդարանական ընդդիմության տեղերը։

Հատկանշական է, որ ընտրակաշառքի ինստիտուտը խստորեն քննադատող դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մարդկանց ընտրակաշառք խոստանում, ընդ որում Երևանի քաղաքային բյուջեից։ 2017 թվականի ԱԺ ընտրություններին հաջորդած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր ընտրվելու դեպքում Երևանի քաղաքային բյուջեից 15 հազար տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր կապացուցեն, որ հրաժարվել են ընտրակաշառքով քվերակելուց։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարում էր կոռուպցիայով՝ ընտրակաշառքից հրաժարված մարդկանց օրինական կաշառք առաջարկելով։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, որը ոչ այլ ինչ էր, քան քրեորեն հետապնդելի արարք, խիստ քննադատության արժանացավ գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից, սակայն քաղաքական աղմուկի ու քարոզչական ակտիվ աշխատանքի արդյունքում հանրությունը կարծես թե մոռացավ դա։

Ավելին՝ Փաշինյանի այս հայտարարությունը քննադատել էր անգամ ներկայումս ՔՊ-ական պատգամավոր, իսկ այն ժամանակ «Թրանսփերենսի Ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, ով հայտարարում էր՝ անգամ եթե նպատակն ազնիվ է, և ցանկություն կա՝ պայքարել ընտրակաշառքի դեմ, միևնույն է, այն ինչ առաջարկում էր Փաշինյանը, ընտրական համապատասխան հոդվածի խախտում է։ Սակայն այս խախտումը Տիգրանյանին չկաշկանդեց, որ դրանից մեկուկես տարի անց Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրվի ու նրա թիմում քաղաքական գործունեություն ծավալի։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցում է, որ ինքը դեմ էր ոչ թե ընտկաշառքի ինստիտուտին, այլ կոնկրետ այն բաժանող անձանց՝ տվյալ դեպքում Հանրապետական կուսակցությանը։

Փաշինյանի հիշյալ հայտարարությունը վկայում է այն մասին, որ իշխանության համար նա պատրաստ էր անգամ բյուջեից ընտրակաշառք բաժանել, ինչը եթե ներկայիս ընդդիմությունը անի, ապա լավագույն դեպքում կարժանանար իշխանությունների և նրանց կից քաղաքական-փորձագիտական շրջանակների կոշտ քննադատությանը, սակայն առավել հավական է, որ նման հայտարարություն հնչեցնող գործիչները մի քանի տարի կանցկացնեին ճաղերի հետևում։ Այլ կերպ ասած, ըստ փաշինյանական տրամաբանության, ընտրակաշառքն իրականում վատ բան չէ, եթե այն Նիկոլ Փաշինյանն է առաջարկում։



Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի