copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:00 14-10-2023

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը չի նպաստում պետականամետ մտածելակերպի ձևավորմանը. Անժելա Հարությունյան

Բանասեր, մանկավարժ «Trésors d’Arménie» հայկական ասոցիացիայի ուսումնական մասի տնօրեն Անժելա Հարությունյանը հոդված է հրապարակել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ, որի շուրջ քննարկումները չեն դադարում։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, Եվ դարե՜ր առաջ:

Պարույր Սևակ


Այսօր ԹԻՐԱԽՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆ Է։
Ինչ է ազգը, ինչ է ազգի պատմությունը և որն է մեր կրթօջախներում Պատմություն առարկայի ուսուցման նպատակը, դերն ու նշանակությունը։
Թերևս այս հարցերն է իրեն ուղղում ամեն ոք, ով հանձն է առնում հեղինակել պատմության դասագիրք։ Բայց վերջերս հայ իրականության մեջ աղմուկ հանած Հայոց պատմություն 7-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակն է պատմագետ Սմբատ Հովհաննիսյանը, բոլորովին այլ իրականություն ի հայտ բերեց։

Դժվար է ենթադրել․ որ, լինելով պատմության դոցենտ, հեղինակը չգիտի, որ «Ազգ» բառի ստուգաբանությունը կապված է ծնունդ (nascere) հասկացության հետ, իսկ պատմության առաջնահերթ նպատակն է մատնանշել և վեր հանել, թե այս կամ այն ազգը որտեղից է գալիս, ինչն էլ վկայությունն է ազգի ծննդաբանության ու վաղեմի լինելու։ Այս առաքելության իրագործմանն է միտված նաև հայոց պատմությունը, բայց արի ու տես, որ Հայոց պատմություն 7-րդ դասարանի այս նոր դասագիրքը գրված է հայի՝ որպես նախաստեղծ ու վաղնջական ազգ լինելը հաստատող պատմական բազմաթիվ անքննելի փաստերը խեղաթյուրելով, աղճատելով և դասագրքի կազմման հարցում քմահաճ ու անփույթ վերաբերմունք դրսևորելով։

Շատ տեղին էր նկատել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան ֊ հնագետ Միքայել Բադալյանը, որ Ուրարտու դասի քարտեզում Ուրարտուի մեջ ներառված չէ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը, «Սա բավական մտահոգիչ է: ՈՒրարտուի տարածքը գլխավորապես զբաղեցնում է ներկայիս Թուրքիայի և Նախիջևանի հատվածները: Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի Հանարապետությունը չկա ՈՒրարտուի կազմի մեջ: Եթե այս քարտեզը ընկնի մեր ոչ բարեկամների ձեռքը, ասելու են, ահա ձեր դասագիրքը, որտեղ մատնանշված է, որ դուք կապ չունեք ՈՒրարտուի հետ»:

Ստացվում է, որ սա ոչ այլ ինչ է, քան Հայոց Ցեղասպանության շարունակություն և Ցեղասպանության նոր դրսևորում, քանի որ ոչնչացվում է հայկական ինքնությունը, հայոց հետքը։ Այս ցեղասպան մոտեցումը իր տարաբնույթ դրսևորումն է գտել տարբեր ժամանակներում։ Որպես ֆիզիկական բնաջնջում՝ այն զանգվածային ձևով իրագործվեց 1915 թվականին մեր պատմական Արևմտյան Հայաստանում, իսկ մեր օրերում այն իրագործվեց Արցախում՝ նախ ֆիզիկական կեղեքման ենթարկող շրջափակմամբ, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին արդեն արցախահայության ֆիզիկական բնաջնջմամբ ու տեղահանությամբ։ Այսօր այդ նույն Ցեղասպանությունը իր նոր դրսևորումը գտավ մերօրյա հայոց պատմության դասագրքում, որում էլ պատմական անքննելի փաստերը աղճատելով՝ ոչնչացվում է մեր նախաստեղծ ուրարտական հետքը։ Ցեղասպանությունը միայն ֆիզիկական բնաջնջումը չէ, այլ նաև ոչնչացումը այն ամենի, ինչն այդ ազգի լինելիության վկայությունն է, այսինքն՝ պատմամշակութային ժառանգության։ Իսկ այս ժառանգության անքակտելի մասն են մեր պատմության վկայությունները։ Պետք է նաև փաստել, որ Թուրքիան և Ադրբեջանն են լծված պատմության կեղծարարության, ինչը նրանց ցեղասպան, կեղծարար էության և քաղաքականության դրսևորումն է և որդեգրած «պետական դիմագիծը», որը նոր չէ, բայց ոչ երբեք հայինը, և նոր երևույթ է, որ ազգությամբ հայն է դառնում այդ քաղաքականության աջակիցը՝ գործուն քայլերով նպաստելով այդ քաղաքականության իրագործմանը։

Բայց հայկական վաղնջական ինքնության ոչնչացումը չէ այն միակ վտանգն ու սպառնալիքը, որ առկա է այս դասագրքում։ Դասագրքում տեղ է գտել ևս մեկ շատ կարևոր և վիճահարույց փաստ՝ անմիջականորեն շաղկապված վերը նշված ցեղասպան մոտեցման հետ, այն է՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանը ներկայացնելիս հեղինակը կցել է ոչ թե Մեծ Հայքի քարտեզը, այլ քարտեզ, որում Լեռնային Ղարաբաղը ընդգրկված է Ադրբեջանի կազմում՝ փակագծում նշելով՝ «ժամանակակից սահմաններով» արտահայտությունը։

Իսկ ինչ նպատակ է հետապնդում և ինչ հրատապ կարիք կար հենց Տիգրան Մեծի տիրապետության տարիների քարտեզը փոխել և ներառել մերօրյա ղեկավարության կառավարման արդյունքում հերձված հայոց քարտեզը, որտեղ Արցախը (Լեռնային Ղարաբաղ անվանումով) ներառված է Ադրբեջանի կազմում։ Եվ ընդհանրապես, ինչ գործ ունի «Լեռնային Ղարաբաղ» անվանումը Տիգրան Մեծի կառավարման տարիները նկարագրող դասին կցված քարտեզում։ Երբ եղել է Մեծ Հայք, եղել է Արցախ նահանգ՝ Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում տարածված։ Արցախը Մեծ Հայքի 10-րդ նահանգն էր։

Եթե առաջնորդվենք դասագրքի հեղինակի տված հիմնավորմամբ, որ աշակերտը համեմատական պիտի ունենա մերօրյա քարտեզի միջոցով, ապա նախ պիտի դրվեր Տիգրան Մեծի ժամանակի և սխրանքների արդյունքում գոյացած Մեծ Հայքի քարտեզը և հետո միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակների քարտեզը, որ այսօրվա սերունդը իրապես համեմատական ունենար Տիգրան Մեծի, ում գահակալության տարիներին Մեծ Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին, հայ տիրակալի, ով բարձրացնելով ազգային հզոր պետականության գաղափարը՝ ազգի գլուխ կանգնեց ու բարձրացրեց ազգը, որ լծի տակ էր՝ դարձնելով հարկապահանջ ու լուծ դնող, ու Նիկոլ Փաշինյան ղեկավարի միջև, ում կառավարման տարիներին Հայոց պատմական Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում և պատմության մեջ առաջին անգամ լիովին հայաթափվեց։ Այ սա կլիներ հեղինակի հենց նշած զուգահեռ ու ուսուցողական դաս՝ նշված ժամանակների քարտեզներով և ղեկավարներով։ Պատահական չէ ասել Խորենացին՝ ինչպիսին մարդն է ու նրա գործերը, այնպես էլ նրան վերաբերող պատմություններն են։

Ուստի ոչ թե համոզիչ է հեղինակի վերը նշած հիմնավորումը, այլ ուղղակի կարելի է արձանագրել, որ իրար փոխկապակցված այս 2 խնդիրները հետապնդում են հանցավոր միտումներ, որոնք են․

1. 7-րդ դասարանցուն, ով նոր է սկսում ճանաչել իր պատմությունը, մատուցել այն աղճատված, աղավաղված և ոչ ստույգ ձևով։

2. Իր պատմությունը նոր սովորող հայ աշակերտի աչքը սովորեցնել "ադրբեջանցի ազգ", "Ադրբեջան պետություն" ու "Արցախը Ադրբեջանի կազմում" մտքերին։

3. Այս քարտեզներով և այս մոտեցմամբ փաստել, որ հայ պատմագիտական աշխարհը գիտականորեն օրինականացնում, լեգիտիմացնում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը՝ սկսված դեռ 1918 թվականից, երբ Ադրբեջան կոչվող պետությունը նոր-նոր ստեղծվել էր։

4. Հայի նախաստեղծ ուրարտական հետքը ջնջել, Հայաստանի Հանարապետությունը ՈՒրարտուի կազմի մեջ չնշել, ասել է, թե մենք որևէ կապ չունենք Ուրարտուի հետ, որպեսզի ջնջվի Արցախի՝ հայի վաղնջական հող լինելու փաստը։ Չէ՞ որ պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում, այսինքն՝ Արցախի մասին առաջին հիշատակությունները Վանի թագավորության ուրարտական շրջանից են։ Ուստի Հայաստանի Հանրապետությունը Ուրարտուի կազմում չնշելը և հետո դեռ Տիգրան Մեծի ժամանակներից Արցախը Լեռնային Ղարաբաղ անվանումով Ադրբեջանի տարածքի մեջ ներառելը փոխկապակցված քայլեր են՝ նույն հանցավոր միտումը հետապնդող։

5. Միգուցե նաև միտված է չխանգարելու այն խաղաղության դարաշրջանին, որը բացում է մերօրյա կառավարությունը։ Չէ՞ որ չենք կարող բացառել, որ վաղը մեր հայ երեխաների կողքին նույն դասարանում կարող են սովորել նաև ադրբեջանցի երեխաներ՝ հաշվի առնելով այսօր արդեն տարբեր կայքերում ցուցադրվող տեսանյութերը, թե ինչպես են ադրբեջանցիները ժամանակին խաղաղ ապրել, օրինակ, Դիլիջանում, իսկ իրենց երեխաներն էլ հաճախել են տեղի դպրոցները։ Ստացվում է՝ այս մոտեցումը նրա համար է, որպեսզի պատմության դասագիրքը համապատասխանի 2-ին էլ։

Իսկ որն է ՆՊԱՏԱԿԸ նոր սերնդին սխալ ուսուցանելու, սխալ տեղեկություն հաղորդելու։ Նպատակը մեկն է՝ չդաստիարակել սեփական հզոր արմատների գիտակցությամբ նոր սերունդ, ով վաղը ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԿԼԻՆԻ այն ամենի, ինչն իրենից բռնի ձևով խլել են։ Իսկ ինչո՞ւ է միտումը հանցավոր, քանի որ այս միտումը չի դրսևորվել ինչ-որ պատմագետի ինչ-որ աշխատության մեջ, որտեղ նա «իրավունք» ունի իր անձնական կարծիքը հայտնելու այս կամ այն փաստի շուրջ, այլ դրսևորվել է դասագրքի մեջ, որը պարտադիր կերպով պիտի մտներ դպրոց ու դրանով պիտի ուսուցանվեր աշակերտը՝ իր պատմությունը նոր սովորող։ Այսօր ԹԻՐԱԽՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆ Է։

✔️ Իսկ ո՞վ է մեղավորը արդեն հայ դասագրքերով հայոց հետքի վերը նշված ցեղասպան մոտեցման այս քաղաքականության հարցում։

✔️ Իսկ ո՞վ է մեղավորը Տիգրան Մեծի գահակալության տարիները ներկայացնող դասում ժամանակակից սահմաններով քարտեզը ընդգրկելու հարցում։

✔️ Ո՞վ է տվել Սմբատ Հովհաննիսյանին՝ նման բովանդակությամբ և նման մոտեցումով դասագիրք հեղինակելու իրավունք։

✔️ Արդյո՞ք դասագիրքը տպագրվելուց առաջ անցել է պատմագիտական քննություն, և արդյո՞ք դասագրքի բովանդակությանը իրենց հավանությունն են տվել ոչ միայն պատմագետները, այլև էթնոաշխարհագրագետները։

Բացի այդ՝ մի կողմ թողնելով «մրցութային» կարգով գիրքը գրելու իրավունքը ստացած դոցենտի անձնական մոտեցումը և անգամ «միանձնյա» որոշումը դասագրքի բովանդակության հարցում, ինչը խիստ կասկածելի է, այնուամենայնիվ, գրքի հրատարակումը իրականացրել է ԿԳՄՍ նախարարությունը և այն կառույցը, որը գտնվում է ԿԳՄՍ նախարարության անմիջական ենթակայության ներքո և կոչված է հաստատելու այն ամենը, ինչը ենթակա է հրատարակման ԿԳՄՍ նախարարության տված իրավունքով։ Թեև վերջերս համացանցում հայտնվեց հոդված, որտեղ նշված է, որ դասագրքի թեմաների և գլուխների վերնագրերի զգալի մասը չեն համապատասխանում ԿԳՄՍ նախարարի 30 նոյեմբերի 2022 թ․ No 72-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրին սակայն խիստ կասկածելի և նաև մտահոգիչ է, որ նախարարության այս դիտարկումները ի հայտ եկան դասագրքի շուրջ բարձրացած աղմուկից հետո միայն, չէ՞ որ կարելի է ենթադրել, որ եթե աղմուկ չբարձրանար, ապա նախարարությունը ոչ մի դիտարկում չէր էլ անի, և դասագիրքը՝ նման աղավաղված և վտանգավոր բովանդակությամբ հանգիստ կմտներ դպրոց։ Բայց փաստը այն է, որ պատմության այս դասագիրքը արդեն մտել է դպրոց։

Ուրեմն ո՞վ է ի վերջո նման բովանդակությամբ և նման մոտեցումով պատմության դասագրքի՝ հայոց կրթօջախներ մտցնելու համար ՀԱՍՏԱՏՈՒՄ ՏՎՈՂՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ։ Եթե նախարարությունն անտեղյակ է, ապա այնտեղ աշխատող անձինք կոմպետենտ չեն, իրենց տեղում չեն, ինչն էլ պարզապես թույլ երկիր լինելու ցուցիչ է։

Իսկ ի՞նչն է նպաստում նման աղետաբեր փաստերի առկայությանը մեր երկրում՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ։ Իհարկե կան խնդրի մասին ահազանգողներ, բայց նրանք քիչ են։

Այս ամենից հետևություն,

✔️ Հայոց պատմություն 7-րդ դասարանի վերը նշված դասագիրքը ներկայացնում է աղճատված և ոչ ստույգ հայոց պատմությունը։

✔️ Այն լուրջ սպառնալիքներ է ներկայացնում՝ իրենով նպաստելով վաղնջական հայոց հետքի ծննդաբանական ոչնչացմանը։

✔️ Այն լուրջ սպառնալիք է ներկայացնում Արցախը՝ հայի դարավոր հող ու օրրան ճանաչելու պատմաիրավական հարցում։ Չկա ուրարտական շրջանում Հայաստան, ուրեմն չի եղել նաև Արցախ։

✔️ Այս դասագիրքը չի նպաստում ազգային միասնության, պետականամետ մտածելակերպի ձևավորմանը։

Ուստի միակ բանը, որ պետք է արվի և այն էլ հրատապ կարգով՝ հայ կրթօջախներից հավաքվի այս դասագիրքը, որը լի է բազմաթիվ սխալներով, վրիպակներով, բացթողումներով, որոնք դիտարկել էին մասնագետները և որոնցից անդրադարձանք հատկապես այն երկուսին, որոնք բացահայտ հանցավոր միտում են հետապնդում։

Եվ որպես վերջաբան՝ մենք, լինելով քրիստոնեությունը առաջինը պետականորեն ընդունած ազգ, մի նոր խորհուրդ ենք դրել դրա մեջ ու տվել վերջինիս նոր մարմնավորում։ Մեզ համար Աստվածաշնչի պես սուրբ է մեր հայրենիքը, իսկ մեր սուրբ օրրանի պատվիրանները ամբարված են հենց մեր պատմության էջերում։ Կարելի է ասել, որ հայոց պատմությունը մի ինքնատիպ Աստվածաշունչ է ամեն հայի համար, իսկ Աստվածաշունչը վերջանում է հետևյալ տողերով․

«Որովհետ ես վկայում եմ ամենին, որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը․ եթե մեկը բան ավելացնի սրանց վրա, Աստված կավելացնի նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են։ Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի , Աստված կպակասեցնի նրա բաժինը կյանքի գրքիցը․․․»։

Ուստի նա կամ նրանք, ովքեր կհանդգնեն մեր պատմությունից ու մեր օրրանից բան պակասեցնել, ապա Աստված կպակասեցնի նրանց բաժինը կյանքի գրքիցը, ինչպես գրված է Աստվածաշնչում։

Ստորև ներկայացնում ենք նաև՝

քարտեզը, որը ներառված է նոր տպագրված դասագրքում


քարտեզը, որով տարիներ շարունակ ուսանել են սերունդները












Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան