Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 շաբաթ առաջ - 22:30 09-04-2024

Եթե ընդդիմությունը գրագետ գործի, փողոցային պայքարը կհաջողվի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ բնակչության լայն շերտերի շրջանում մեծ դժգոհություն է առկա, այնուամենայնիվ ընդդիմությունը տևական ժամանակ է, ինչ բողոքի գործողություններ չէր իրականացնում։

Նախօրիեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի այցի ֆոնին մի շարք հասարակական ու քաղաքական գործիչների կողմից բողոքի ակցիա իրականացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ ի պաշտապանություն քաղբանտարկալների։ Այսօր արդեն բողոքի ակցիա իրականացվեց Ազգային ժողովի շենքի դիմաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջով։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ ընդդիմությունը չի կարող հենց այնպես ժամեր անցկացնել, քանի որ ամեն դեպքում Տավուշի գյուղերի հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է ցանկացած առիթ օգտագործի՝ իրեն դրսևորելու, իր կողմնացներին աշխատեցնելու, քաղաքական գործընթացներում ներգրավելու, ինչպես նաև իշխանության նկատմամբ իր բացասական դիրքորոշումն արտահայտելու համար։

«Քանի որ Հայաստանում ընդդիմությունը նման գործողություններ չի անում, դրա համար էլ այս սովորական ու նորմալ քայլերն ընկալվում են որպես ինչ-որ արտառոց բան։ Ոչ մի արտառոց բան էլ տեղի չի ունեցել․ ԱԳՆ-ի ակցիայի մասով՝ Հայաստան էր եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, որի այցն ընդդիմության մի մասի կողմից օգտագործվեց որպես առիթ՝ ՀՀ-ում տեղի ունեցող մարդու իրավունքների ոլորտում առկա ոտնահարումները ներկայացնելու համար։

Որոշ նորաստեղծ կուսակցություններ էլ, որոնցից մեկի ղեկավարը նախկին բանան ներկրող գործարարն էր, իրենց ակտիվիստների հետ միասին Հյուսիսային պողոտայում էին ակցիա իրականացնում, մեկ այլ գործողություն էլ «Համախմբում» կուսակցությունն էր իրականացում և այլն։ Առհասարակ գարնան գալու հետ մեկտեղ առկա իրավիճակը նպաստում է, որ որոշ գործողություններ իրականացվեն»,- կարծում է նա։

Բադալյանն այս ամենը նորմալ երևույթ համարում՝ նշելով, որ մարդկանց այս ամենն արտառոց է թվում, քանի որ ընդդիմությունը երկար ժամանակ ոչինչ չի իրականացրել։ Նա չի բացառում, որ այս ամենում որոշակի արտաքին ուղղորդում նույնպես կարող է լինել, սակայն հիմնական գործոնը դա չէ․

«Եթե նկատի ունենանք ռուսական կողմին, ապա դժվար թե դա արտահայտվի նման փոքր ակցիաների կազմակերպման միջոցով։ Արևմուտքն ընդհանրապես նման ակցիաներ կազմակերպելու կարիք չունի, որովհետև ինքն ամբողջովին վերահսկում է Հայաստանի իշխանական համակարգը։ Իսկ ներկայիս գործողությունները վայելո՞ւմ են ՌԴ-ի աջակցությունը, թե՞ ոչ, չենք կարող միանշանակ հաստատել կամ հերքել»։

Մեր հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ընդդիմությունը, որպեսզի այս անգամ չձախողի և հանրությանը հերթական անգամ չհիասթափեցնի, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ խոշոր հաշվով ընդդիմությունը դեռ ոչ մի բան էլ չի ձեռնարկել, պարզապես շարքային երթեր ու ցույցեր են անցկացվում, ուրիշ ոչ մի բան չկա։ Նրա խոսքով՝ շատ վաղ է այս գործողություններ համեմատել, օրինակ, «Դիմադրության» շարժման հետ, քանի որ այստեղ պարզապես տեղային գործողություններ են իրականացվում։

Հարցին, թե հնարավո՞ր է գործող իշխանությունների դեմ փողոցային պայքարի ճանապարհով հաջողության հասնել, Արմեն Բադալյանը հետևյալ կերպ պատասխանեց․ «Նայած, թե փողոցային պայքարի տեխնոլոգիաներն ինչպես կկիրառվեն․ այդ տեխնոլոգիաները կարող են շատ անորակ կիրառել ու ոչ մի արդյունքի էլ չհասնեն։ Բացի այդ, փողոցային պայքարը բավականին բարդ գործընթաց է ենթադրում, այն հեշտ ու հանգիստ չի ընթանում։ Դրա համար անհրաժեշտ է կազմակերպչական բավականին լուրջ ռեսուրսներ ներդնել, մեդիառեսուրսներ կիրառել, բազմաթիվ հարցեր ուսումնասիրել, արտաքին քաղաքական աջակցություն ունենալ, ինչպես նաև ցանկացած տեխնոլոգիա ճիշտ կիրառել․ օրինակ եթե մետրո են փակում, դա չպետք է անեն ժամը 1-ից 2-ի հատվածում, երբ մարդիկ պետական հիմնարկներում ընդմիջման են գնում, որովհետև դրանով կխանգարեն մարդկանց հանգստի իրավունքը։ Տրանսպորտի շրջափակումը պետք է իրականացնել այնպես, որ դրանով խաթարվի պետական հիմնարկի գործունեությունը, ոչ թե դրա աշխատողների հանգիստը։ Սա պարզ օրինակ է, ու բազմաթիվ նման պարզ օրինակներ կան, որոնք պետք է ճիշտ օգտագործել՝ հաջողության հասնելու համար»։

Փորձագետը կարևորում է նաև, որ նախքան փողոցային պայքարի մեկնարկը ուսումնասիրվեն մարդկանց տրամադրությունները, իսկ առանց այդ հարցերի պատասխաններն ունենալու հնարավոր չէ միանշանակ գնահատականներ տալ։

Արմեն Բադալյանը հավելեց, որ եթե ընդդիմությունն այս իշխանությունների դեմ փողոցային պայքարում ամեն ինչ գրագետ անի, ապա կարող է հաջողության հասնել։ Նա նշեց՝ խիստ կասկածելի է, թե ընդդիմությանը կհաջողվի՞ այդ պայքարը գրագետ իրականացնել, թե՞ ոչ։

Դավիթ Գույումջյան