Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 13-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, արձագանքել է իր արտասովոր ոճի շուրջ ծավալված քննադատություններին։ Մոր հետ TikTok-ի ուղիղ եթերի ժամանակ դեռահասը խոսել է այն մեկնաբանությունների մասին, որոնցում իր արտաքին տեսքը «դիվային» են անվանում։
«Դադարեք ասել, որ ես դև եմ։ Ես դև չեմ։ Մի՛ դատեք գիրքը՝ ելնելով դրա կազմից, միայն այն պատճառով, որ ես սիրում եմ այսպես հագնվել»,-ասել է Նորթը։
Քիմ Քարդաշյանը ենթադրել է, որ նման արձագանքները կարող են կապված լինել դստեր սև վարսերի և բազմաթիվ պիրսինգների հետ։ Սակայն Նորթը նշել է, որ չի հասկանում՝ ինչու են իր ոճը կապում դիվային երևույթների հետ։
Ուղիղ եթերի ընթացքում դեռահասը նաև բացատրել է իր սպիտակ գոթական կերպարի խորհուրդը, որով սեպտեմբերին ելույթ է ունեցել Չիկագոյի The Vic համերգասրահում կայացած իր առաջին մենահամերգի ժամանակ։
Նրա խոսքով՝ սպիտակ գույնն ընտրել է՝ ընդգծելու իր հավատքը։
«Մտածեցի՝ եթե սա իմ առաջին ելույթն է, պետք է ներկայանամ որպես հրեշտակ՝ ամբողջությամբ սպիտակ հագուստով։ Ես դիվային ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Ես հավատում եմ Հիսուսին։ Ուզում էի ցույց տալ, որ լույս եմ բերում, ոչ թե խավար»,-բացատրել է Նորթը։
Քարդաշյանն աջակցել է դստերը՝ նշելով, որ նրա հետաքրքրությունը ոչ սովորական ոճի նկատմամբ սկսվել է դեռ վաղ մանկությունից։ Աստղի խոսքով՝ դեռ մանկապարտեզ հաճախելուց առաջ Նորթը երազում էր քթի և հոնքերի պիրսինգների մասին, իսկ ավելի փոքր տարիքում փորձարկում էր կեղծ զարդեր։
Նորթը նաև հերքել է ենթադրությունները, թե իր արտաքին տեսքի փոփոխությունները կապված են ծնողների ամուսնալուծության հետ, որն իրավականորեն ավարտվել է 2022 թվականին։
Դեռահասի կապույտ մազերը, պիրսինգներն ու ժամանակավոր դաջվածքները վերջին շրջանում հաճախ են քննարկվում սոցիալական ցանցերում։ Սակայն օգոստոսին Dazed ամսագրին տված հարցազրույցում Նորթը նշել էր, որ պարզապես նորաձևության և գեղեցկության փորձարկումների միջոցով է արտահայտում իր անհատականությունը։
«Բոլորը հետաքրքրված են տղաներով, վեյփինգով և ամեն տեսակի վատ բաներով։ Իսկ ես պարզապես ուզում եմ կապույտ մազեր և պիրսինգներ»,-ասել էր նա։
Այնուամենայնիվ, ծնողները որոշ սահմանափակումներ են սահմանել։ Նորթի խոսքով՝ ինքը կցանկանար քթի պիրսինգ անել, սակայն ծնողները դեռևս թույլ չեն տվել։