Երևան +21°
copy image url
Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 20:00 08-04-2024

Հերթական փուչիկը. ինչու ԵՄ-ն ու ԱՄՆ-ն «արևմտամետ‎» Փաշինյանին շոշափելի օգնություն չտրամադրեցին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովը և դրա արդյունքներով խոստացված 270 միլիոն եվրո և 65 միլիոն դոլար ֆինանսական օգնությունը։ Նախքան այս գագաթաժողովը որոշ շրջանակներ հանրության շրջանում ակնկալիքներ էին ձևավորել, թե սա եվրոինտեգրման ճանապարհին Հայաստանի առաջին քայլն է լինելու, արևմուտքը մեր երկրին անվտանգային երաշխիքներ է տրամադրելու, չնայած հենց հանդիպման կազմակերպիչները վստահեցնում էին, որ գագաթաժողովի շրջանակներում քննարկվելու են բացառապես տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հատկանշական է, որ անգամ գործող իշխանություններն են զարմացած խոստացված ֆինանսական աջակցության չափերից՝ գագաթաժողովը համարելով ձախողված։ Մամուլը գրել էր, որ նախքան բրյուսելյան գագաթաժողովը ՔՊ-ում կայացած քննարկումների ժամանակ կառավարության անդամները ՔՊ-ականներին վստահեցրել են, որ իրենց հաջողվելու է առնվազն մի քանի միլիարդի հասնող ֆինանսական օգնություն ստանալ, որը կօգտագործեն ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու համար։ Հանդիպումից հետո ՔՊ-ականներից շատերը հուսահատ են, իսկ որոշներն էլ կարծում են, որ հերթական անգամ անտեղի սրել են ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ փոխարենը չստանալով ոչինչ։

Նկատենք, որ հանդիպման արդյունքներով Հայաստանին ոչ թե ֆինանսական աջակցություն է տրամադրվել, այլ աջակցության խոստում, որը կարող է կատարվել, կամ չկատարվել՝ կախված առկա աշխարհաքաղաքական իրողություններից։ Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 9-ին, երբ 44-օրյա աղետալի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը նոր էր վերընտրվել, ԵՄ-ն հայտարարել էր, որ առաջիկա 5 տարում պատրաստ է ՀՀ-ին 2.6 միլիարդ եվրոյի օգնություն տրամարդել, սակայն այդ հայտարարությունից 3 տարի անց կայացած բարձր մակարդակի գագաթաժողովում ՀՀ-ին ստացավ ընդհանուր առմամբ 360 միլիոն դոլարի օգնության խոստում։

Պատկերն էլ ավելի ամբողջական է դառնում Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ արևմտամետ քաղաքական կուրս որդեգրելու պնդումների ֆոնին, որոնցում կարմիր թելով անցնում է այն թեզը, թե Հայաստանն անկախությունից ի վեր սխալ քաղաքականություն է վարել, որի հետևանքով էլ զրկվել է արևմուտքից շոշափելի աջակցություն ստանալու հնարավորությունից, իսկ Նիկոլ Փաշինյանն այժմ «ուղղում է այդ սխալը»։ Նշենք՝ միայն 1990-ական թվականներին՝ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի պաշտոնավարման օրոք, ՀՀ-ն ԱՄՆ-ից ու ԵՄ-ից տարբեր ծրագրերի միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.8 միլիարդ դոլարի օգնություն։

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 1990-ականներին 1 ամերիկյան դոլարի հզորությունը հավասար էր այսօրվա 2 ամերիկյան դոլարի, ուստի եթե անգամ արևմուտքը տրամադրի Հայաստանին խոստացված օգնությունը, ապա առաջիկա 4 տարում մեր երկիրը իննսունականների էկվիվալենտով կստանա ընդամենը 180 միլիոն դոլարի համարժեք օգնություն:

Արևմուտքի կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական օգնության չափերն անհամեմատ ավելի մեծ են եղել նաև երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, որոնց կառավարման տարիները խստագույնս քննադատում են Փաշինյանի թիմի անդամները։ Իրականում Հայաստանի 3 նախկին նախագահները որքան էլ խորացրել են Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունը միևնույն ժամանակ հավասարակշռված քաղաքականություն են վարել արևմուտքի հետ, որը թույլ է տվել չզրկվել արևմտյան աջակցությունից։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի կողմից սրում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, վերջինիս սեփական պարտավորությունների չկատարումն արդարացնելու հիմքեր է տալիս, իսկ փոխարենը նրան չի հաջողվում շոշափելի աջակցություն ստանալ, որը թույլ կտար որոշակիորեն դիվերսիֆիկացնել գոնե ՌԴ-ից ունեցած տնտեսական կախվածությունը։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ արևմտամետ քաղաքական կուրս վարելու պնդումները պարզապես քարոզչական փուչիկ էին, որոնք պայթեցին, երբ հրապարակվեց Հայաստանին խոստացված ֆինանսական օգնության ծավալը, որի տրամադրումը նույնպես միանշանակ չէ։

Չափազանց կարևոր է նաև, որ արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ֆոնին Հայաստանը և հայ հասարակությունը վերջինիցս իրատեսական ակնկալիքներ ունենա։ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատերազմի հետևանքով արևմտյան երկրների ֆինանսական միջոցների զգալի հատվածն ուղղվել է Ուկրաինայի աջակցությանը, դրա հետևանքով արևմտյան բազմաթիվ երկրներում ֆինանսական խնդիրներ են առաջացել, ուստի ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է սթափ գնահատել նաև արևմուտքի կարողությունները, որպեսզի հասարակությունը հերթական հիասթափությունը չապրի, իսկ տնտեսությունը հերթական անգամ չընկնի կատակլիզմների և կոլապսների մեջ։

Գործող իշխանությունները և վերջիններիս աջակից այսպես կոչված արևմտամետ քաղաքական և փորձագիտական շրջանակները սեփական բացթողումներն արդարացնելու նպատակով պնդում են, թե իբր Հայաստանն արևմտամետ քաղաքական կուրս է որդեգրել, որի համար անհրաժեշտ է նաև որոշ զրկանքներ կրել, սակայն արևմուտքի խոստացած չնչին ֆինանսական օգնության ֆոնին նրանց մի մասը լուռ է, իսկ որոշներն հանրությանը փորձում են վստահեցնել, թե ՀՀ-ն իրականում խոշոր ֆինանսական աջակցություն է ստացել։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն ընտրությունը արևմուտքի և ՌԴ-ի միջև հավասարակշռված կոմպլիմենտարիզմի քաղաքականությունն է, որը ներկայիս իրողությունների պայմաններում թեև դժվար է իրագործել, սակայն ոչ անհնար։ Միայն ռացիոնալ ու հաշվարկված քաղաքականությունը Հայաստանին կապահովագրի ռիսկերից, որոնք ոչ միայն հաջողություններ չեն խոստանում, այլև բազմաթիվ մարտահրավերներ են պարունակում հայկական պետականության համար։

Արևմուտքի կողմից Հայաստանին խոստացված ֆինանսական աջակցության ծավալը վկայում է նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ թե արևմտամետ քաղաքական կուրս է որդեգրել, այլ միան հակառուսականության պատրանք ստեղծել, որի քողի տակ ավելի է խորացնում ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից։ Արևմուտքում այս ամենի մասին լավ տեղյակ են և եթե անգամ ինչ-որ շահերից ելնելով այս մասին չեն խոսում, դա միանշանակ մեծ դեր է խաղում որոշումների կայացման ու ՀՀ-ին տրամադրվող աջակցության ծավալների վրա։

Դավիթ Գույումջյան