Երևան +14°
copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 13:40 05-04-2024

Դրությունը խառն է, Աննա Հակոբյանը՝ անպակաս. Փաշինյանի պատվիրակության տարօրինակ կազմը

Փաշինյանը երեկ մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության և Միացյալ Նահանգների բարձր ներկայացուցիչների հետ եռակողմ հանդիպմանը։

ՀՀ կառավարության կայքում տեղադրվել է Բելգիա մեկնող պատվիրակության կազմը։ Այն մեծաթիվ է, բաղկացած է 22 հոգուց։ Թե ինչու է «հպարտ» հարկատուների հաշվին այդքան բազմաքանակ խումբ ձևավորվել և ուղևորվել Բրյուսել՝ հերթական հանելուկն է, առավել ևս, եթե դիտարկենք կազմի կառուցվածքը։

Որպես իրավական ակտի բաղկացուցիչ մաս, պատվիրակության կազմը բովանդակող հավելվածը պետք է մշակվի և ընդունվի իրավական տեխնիկայի կանոնների համաձայն։

Այսպես, ՀՀ գործող օրենսդրությունը սահմանում է պետական պաշտոնների ցանկը, որը գլխավորում է Հանրապետության նախագահը։ Նրան հաջորդողը վարչապետն է, որից հետո Ազգային ժողովի նախագահը, «և այլն և այսպես շարունակ», ինչպես սիրում է ասել հիշատակված ցանկի երկրորդ հորիզոնականում գտնվող պաշտոնյան։

Բելգիա մեկնած պատվիրակության կազմի ցանկի երկրորդը Ա․ Հակոբյանն է, ում անվան դիմաց նշված է՝ «ՀՀ վարչապետի տիկին»։ Չենք վիճարկում, Աստված պահպանի։ Թեև բազմիցս քննադատվել է, թե ինչու է վարչապետի ընտանիքը պետական միջոցների հաշվին ճամփորդուում, բայց քանի որ որևէ դեպքում հոդաբաշխ պատասխան չի ստացվել և չենք էլ ակնկալում, թե երբևէ կստացվի, հետևաբար այդ թեման չենք արծարծում։ Բայց ինչու՞ է Ա․ Հակոբյանը պատվիրակների ցանկում ավելի բարձր տեղ զբաղեցնում, քան ՀՀ փոխվարչապետ Տ․ Խաչատրյանը, կամ՝ արտաքին գործերի նախարարը։ Օրենսդրորեն, ինչպես վերևում նշեցինք, փոխվարչապետի պաշտոնը վեցերորդն է, իսկ նախարարը՝ քսանմեկերորդը, և այդ հիերարխիան պետք է պահպանվի բոլոր պետական փաստաթղթերում։ Բրյուսել գնացած կազմում նախարարից և փոխվարչապետից ավելի բարձր պաշտոն ունի միայն վարչապետը։

Ա․ Հակոբյանն ընդամենը «վարչապետի տիկինն» է, ոչ թե՝ Հանրապետության առաջին տիկինը, ով, որպես Հանրապետության նախագահի կին, արարողակարգային միջոցառումներում կարող է ուղեկցել իր ամուսնուն։
Պատվիրակության կազմում կա մեկ այլ անհասկանալի փաստ։ Պատվիրակության մեջ չի ընդգրկվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սակայն ցանկում ներառված է նրա խորհրդականը։ Հայտնի է, որ խորհրդականը, օգնականը, ռեֆերենտը և այս կարգի մի շարք պաշտոնյաներ հանդիսանում են կոնկրետ ղեկավարի աշխատակազմի անդամներ, որոնց ամենօրյա գործունեությունը սերտորեն կապված է նրա հետ։ Հիմա, թե ինչու է Բելգիա չմեկնած Մ․ Գրիգորյանի խորհրդականն ընդգրկվել պատվիրակության կազմում՝ հստակ չէ։ Օրինակ, Բելգիա են մեկնել թե՛ ԱԽ քարտուղարը, թե՛ նրա խորհրդականն ու օգնականը։ Եվ դա օրինաչափ է․ եթե Արմեն Գրիգորյանը մասնակցելու է աշխատանքային պրոցեսին, ապա զուտ տեխնիկական կամ կազմակերպական տեսակետից նրան պետք է ուղեկցեն և տարատեսակ հանձնարարություններ իրականացնեն իր աշխատողները։

Եվ, պատվիրակության կազմում ընտրված անձանց մասին վերջին հարցականը․ ինչու՞ է Բելգիա մեկնել և ըստ ամենայնի՝ Հանրային հեռուստատեսության հետ միասին պատվիրակության աշխատանքները լուսաբանելու է հենց «1in.am» լրատվական կայքի թղթակիցը։ Մի՞թե հիմք է ծառայել այդ լրատվամիջոցի անվանումը, որով ենթադրել են, թե նրա մատուցած տեղեկատվությունն առաջնակարգ է լինելու։

Կատակը մի կողմ, բայց ռուս-ադրբեջանական կողմ(եր)ի այդքան մեծ անհանգստությունը հարուցած հայկական պատվիրակության կազմը բավական տարօրինակ է և տպավորություն է ստեղծում, որ Ռուսաստանից և առավել ևս Ադրբեջանից ոմանք չափազանցված են լրջություն տվել այսօրվա բրյուսելյան հանդիպմանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված