Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 20:08 02-04-2024

Դեպի լյառը անհաս ու վեհանիստ․ Խաչատուր Աբովյանի անհետացման վարկածները

1848 թ․ այս օրը հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանն անհետացավ։ Նրա առեղծվածային բացակայությունը մինչ օրս մնում է չբացահայտված։ Աբովյանն իր ժամանակի ամենալուսավոր անհատականությունն էր, ուստի նրա անհայտ բացականության շուրջ հյուսվել են բազմաթիվ առասպելներ․․․

Պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, որը ճակատագրական դեր ունեցավ Աբովյանի կյանքում, նրան այսպես է բնութագրել․ «Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին, կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը: Նա վեհ է, ինչպես իրենց լեռները և խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգորեն տանել, ներել: Նա բարի է անսահման, բայց հաջորդ վարկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարություն…

Նա գիտության իր ծարավով, իր համեստ ձգտումներով, իր սակավապետությամբ, ինչպես և իր մտքի հատկությամբ, իր սիրով և կամքի կայունությամբ վայելում էր մեր շնորհապարտությունն ու հարգանքը»:



Նախ Արարատ կատարած վերելքից, ապա դորպատյան ճանապարհորդությունից հետո Աբովյանի նկատմամբ հալածանքներ են սկսվում կղերականհոգևորականների կողմից։ Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսը, որ չարությամբ էր լցված Աբովյանի հանդեպ, խոչընդոտել էր սեփական դպրոցն ունենալու ձգտմանը՝ ասելով, թե Աբովյանը միայն կարող է մանուկների միտքը խմորել։

Նրա աշակերտները փաստում են, որ իր լուսավորչական ծրագիրն իրագործելիս Աբովյանն անընդհատ հանդիպում էր դժվարությունների, չէր կոտրվում, բայց երբեմն ունենում էր հուսահատության պահեր։ Այդ ապրումների մասին նա լավագույն պատմել է իր գլուխգործոցի՝ «Վերք Հայաստանի․ Ողբ հայրենասիրի» գրքի «Հառաջաբանում»։

Բայց անհետացումից առաջ Աբովյանը կարծես հաղթահարել էր իր կյանքի հուսահատության շրջանը, նա արդեն ուներ իր դպրոցը, սիրելի ընտանիք,իրեն հավատացող բազմաթիվ աշակերտներ։ Այս փաստը կարծես թե հերքում է ինքնասպանության վարկածը։



Ալսել Բակունցը, որ մանրամասն ուումնասիրել է Աբովյանի կյանքը՝ իրվեպը գրելու համար, կարծում էր, թե նա հեռացել էր Հայաստանից՝ եվրոպական հեղափոխություններին մասնակցելու համար:

Պիոն Հակոբյանը, որ ամենահայտնի աբովյանագետն է, հակված էր Աբովյանի ինքնասպանության կամ ծպտյալ ինչ-որ տեղ ապրած լինելու վարկածին:
Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը կարծում էր, թե Աբովյանը սպանվել է թուրքերի ձեռքով: Նրա համոզմամբ՝ Աբովյանը պարտքով գումար էր տվել մի թուրքի։ Պարտապանն էլ, չկարողանալով վերադարձնել իր պարտքը, որոշում է ազատվել պարտատիրոջից։

Բազմաթիվ վարկածներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վլադիմիր Ղազարյանը։ Աբովյանի՝ Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի ուսուցիչ Ստեփան Կանայանցը: Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1983թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս գրող Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին:

Դժվար է տարիների հեռավորությունից բացահայտել իրականությունը, բայց փաստ է, որ ժողովրդի սիրելի զավակը՝ Աբովյանը անշրջելի տեղ ու դեր ունեցավ մեր գրականության ու մանկավարժական մտքի պատմության մեջ։

Չարենցյան բանաստեղծական միտքը Աբովյանի անհետացման գեղարվեստական մեկնաբանությունը տվեց․

Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,—
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,—
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ...


Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները