Ներքին 2 տարի առաջ - 12:59 31-03-2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ԵՄ-ին կոչ է անում ապահովել հայ փախստականների անվտանգ վերադարձը իրենց հայրենիք

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների նախաձեռնությանը, որոնք ԵՄ առաջնորդներին կոչ են արել առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը։

«Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը վերջերս տեղեկացրել է Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախաձեռնության մասին, որով վերջիններս դիմել են ԵՄ առաջնորդներին՝ առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։

Միրիամ Լեքսմանն իր համապատասխան գրառման մեջ խորը անհանգստություն է հայտնել առ այն, որ «Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման խիստ խախտմամբ»։ Պատգամավորը նաև արձանագրել է, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանն արդեն իսկ իրականացրել է հայկական հոգևոր կրոնական և ազգային մշակութային իրեղենների խեղման, պղծման և յուրացման լայնամասշտաբ արշավ։

Որպես հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի լուծում՝ Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկել են ԵՄ առաջնորդներին աջակցել հայկական մշակութային կոթողների վրա տեսախցիկների տեղադրմանը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների անհանգստությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության և մշակութային միջավարի պահպանության հետ։ Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ ադրբեջանական էթնոցիդի քաղաքականությունը սկսվել է, ոչ թե 2020 թ․ պատերազմից հետո, այլ շատ ավելի վաղ։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը համակարգային կերպով պղծել, խեղել և ոչնչացրել է այդ տարածքների հազարամյա հայկական պատմամշակութային միջավայրը, բացահայտ և անամոթաբար քարակույտերի վերածել համաշխարհային քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հազվագյուտ նմուշներ։ Այս քայլերի համար Ադրբեջանը երբևէ պատասխանատվություն չի կրել, ինչը միջազգային իրավապաշտպան համակարգի խոշոր թերացումն է։

Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների վրա տեսախցիկների տեղադրումը չի կարող երկարաժամկետ լուծում լինել այդ կոթողների հարատև կանգունությունը ապահովելու տեսանկյունից։ Այս առումով մենք խիստ կարևորում ենք Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պարբերական մշտադիտարկումը և այդ օբյեկտների նկատմամբ միջազգային վերահսկողության և խնամակալության հաստատումը, քանի որ ադրբեջանական անվտանգային հավաստիացումները զրոյական են։ Իսկ իրականում հայկական ժառանգության միակ հուսալի պաշտպան կարող է լինել իր հայրենի բնակավայրեր վերադարձած հայությունը։

Որպես հայկական ժառանգության պահպանության վերջնական լուծում՝ մեզ համար ընդունելի է միայն միջազգային երաշխիքներով ապահով և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածք։ Ուստի, կոչ ենք անում Եվրախորհրդարանի պատգամավորներին, ԵՄ առաջնորդներին օգտագործել իրենց մանդատը ապահովելու հայ փախստականության անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը իրենց հայրենիք»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա