Ներքին 2 տարի առաջ - 18:49 26-03-2024

Հայաստանում Արգենտինայի նախկին դեսպանը պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ պատվո հուշամեդալով

Հայաստանում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարան Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվո հուշամեդալով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ պարգևը փոխանցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Արարողությունը տեղի է ունեցել մարտի 25–ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում, մասնակցել են Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանն ու հյուպատոս Ռուզաննա Ազրոյանը։

«Վերգարան իր անձնական նվիրվածության շնորհիվ փոփոխություն բերեց՝ նպաստելով մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը»,- Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանի խոսքերն է մեջբերել Diario Armenia–ն:

Դեսպանը հիշեցրել է՝ Վերգարայի ջանքերով է հիմնադրել Հայաստանում Արգենտինայի առևտրի պալատը՝ այսպիսով խթանելով առևտուրը, անցկացվել են նաև մշակութային միջոցառումներ:

Արգենտինայում ՀՀ դեսպանն ընդգծել է նաև, որ Վերգարան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն է իրականացրել մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում: «Անհնար է չընդգծել դեսպան Վերգարայի գործողությունները ճգնաժամային այդ պահերին, նա խորապես ներգրավվեց Հայաստանում կատարվող իրադարձությունների մեջ, այցելեց փախստականներին և միշտ դրսևորեց մարդկային որակներ, որոնք պարզապես մասնագիտական գործունեության շրջանակից շատ դուրս են»,–ասել է դեսպան Վիրաբյանը՝ շեշտելով, որ Վերգարան նշանակալի դեր է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման և Արգենտինայի ցուցաբերած աջակցության գործում:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հավելել է․ «Մենք խորապես երախտապարտ ենք մեր պետության համար նման դժվարին ժամանակներում այն աջակցության համար, որը ցույց տվեց Արգենտինայի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով: Վերգարային հաջողվել է հաղորդել Հայաստանի և հայ ժողովրդի մասին իրականությանը, այս փաստն էլ նպաստել է Արգենտինայի ներգրավվածությանը»:

Այսպիսով Վերգարային պարգևատրումով Հայաստանը ոչ միայն հայտնում է Արտաքին գործերի նախարարության գնահատանքը Հայաստանում նրա մասնագիտական ​​գերազանց գործունեության համար, այլ նաև հայ ժողովրդի երախտագիտությունն ու բարեկամությունը։

Մարիանո Վերգարան արարողության ընթացքում ընդգծել է, որ Հայաստանը շատ դժվար ժամանակներ է ապրում:

«Դա երկիր է, որը հարձակման է ենթարկվել, դարձել է օկուպացիայի զոհ, ներխուժել են նրա գյուղեր, նրա հիշողությունը փորձում են ջնջել»,–ասել է Վերգարան:

Նա խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին՝ շեշտելով, որ այդ օրերին Սյունիքում է եղել, ականատեղ եղել կատարվածին, ինչը չի կարող մոռանալ:

«Ես հավատացած եմ, որ Հայաստանի պայքարը աշխարհի բոլոր ժողովուրդների պայքարն է՝ իրենց հիշողությունը պահպանելու համար: Դա պայքար է հանուն իրենց մշակույթի, իրենց ապրելակերպի, իրենց հիշողությունը պահպանելու...»,–նշել է Վերգարան:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը