Ուղիղ եթեր
Մոռացված ոճրագործություն. Ոսկեպարի ռուս-ադրբեջանական համատեղ կոտորածը
copy image url

Մոռացված ոճրագործություն. Ոսկեպարի ռուս-ադրբեջանական համատեղ կոտորածը

Ներքին 1 տարի առաջ - 22:30 20-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը, ինչպես ավելի վաղ պահանջել էին այդ երկրի իշխանությունները։ Պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով չի բացառում այդ հնարավորությունը՝ պնդելով, որ պետք է շարժվել պատերազմ թույլ չտալու քաղաքականությամբ, թեև բազմիցս ականատես ենք եղել, որ նման մոտեցումն ավելի է մեծացնում նոր ռազմական գործողությունների վտանգը։

Բազմաթիվ են այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց կբախվի Հայաստանի Հանրապետությունը՝ կատարելով Ադրբեջանի ներկայացրած հերթական պահանջը և փոխարենը չստանալով ոչինչ։ Չնայած գործող իշխանությունները սկսել են հանրությանն ակտիվորեն համոզել, որ անհրաժեշտ է չդիմադրել, և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության գնալ, սակայն հենց Ոսկեպար գյուղում 33 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձությունները վկայում են այն մասին, որ հարևան, սակայն ոչ բարեկամ այդ երկրի հետ խաղաղ համակեցություն հնարավոր է միայն այդ դեպքում, երբ տարածաշրջանում կվերականգնվի ուժերի հավասարակշռությունը, որը խախտվել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Արցախյան ազատամարտի ամենացավագին դրվագը, դեռ լայնածավալ պատերազմական գործողություններից առաջ, խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ միջոցառումն էր՝ «Կոլցո» դավադիր օպերացիան, որին զոհ գնացին բազմաթիվ հայորդիներ: Օպերացիայի դրվագներից մեկն էլ տեղի ունեցավ Ոսկեպար գյուղում. այս գործողության հետևանքով սպանվել են մեկ տասնյակից ավելի և գերեվարվել չորս տասնյակից ավելի հայ ոստիկաններ, սպանվել ու ծանր վիրավորվել են նաև Ոսկեպար գյուղի բնակիչները։

Ներքին Ոսկեպարը խորհրդային տարիներին առանձնացվել էր Խորհրդային Հայաստանից և հանձնվել Խորհրդային Ադրբեջանին՝ դառնալով ադրբեջանական անկլավ Խորհրդային Հայաստանի տարածքում։ Ադրբեջանցիներով բնակեցված Ներքին Ոսկեպար գյուղի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի միջև գտնվում էր Խորհրդային Հայաստանի Ոսկեպար գյուղը։

Մինչև 19-րդ դարը Վերին Ոսկեպարը բնակեցված է եղել հայերով, իսկ դրանից հետո՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ թուրքերով։ Հարուստ է վաղ միջնադարյան և միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձաններով։ Վերին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ։ Արդեն 1990 թվականի մարտից Ադրբեջանի Ղազախի շրջանի կազմում ներառված Ներքին Ոսկեպար (ադրբեջանական անունը՝ Յուխարի Ասկիփարա) գյուղի դպրոցը ադրբեջանցիները վերածել էին ռազմական հենակետի՝ ընդդեմ հայկական Ոսկեպարի։

1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Մոսկվա և բանակցությունները Գորբաչովի ու Մութալիբովի հետ չեն կանխում հայերի արտաքսումն իրենց բնակավայրերից: Խորհրդային զորքերը Արցախից ու շրջակա հայկական բնակավայրերից բացի պատժիչ գործողություններ են իրականացնում նաև Հայաստանի հյուսիսում:

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակում են Հայկական ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ։



Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների 20 հոգանոց խումբը 3 քաղաքացիական անձի ուղեկցությամբ ավտոբուսով ու «Նիվայով» գնում է պաշտպանելու գյուղի խաղաղ բնակչությանը: Ոստիկանները Ոսկեպար են գնում սարերով, որովհետև գյուղ տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծության տակ էր:

Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել: Ոստիկաններից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերեվարվել ու տեղափոխվել ադրբեջանական Կիրովաբադ (Գյանջա-Գանձակ-խմբ) քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։

Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել են և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվել։

1991թ. մայիսին Մոսկվայի Մանեժյան հրապարակում ՌՍՖՍՀ պատգամավոր Անատոլի Շաբադը, ով մի քանի օր առաջ եղել էր Ոսկեպարում եւ եղեռնագործության ականատեսը դարձել, ասել է, որ կատարվածը «կենտրոնի եւ ադրբեջանական կառավարության» նախօրոք ծրագրած գործողություն էր, խորհրդային զորքերն իրականացրել են «ահաբեկչություն, սպանել եւ զինաթափել օրինական ոստիկանությանը»:


Ոստիկանության նախկին աշխատակից Գեորգի Քոչարյանը գերեվարվել և 101 օր պահվել է Կիրովաբադի բանտում։ Պատմելով լեռնային ճանապարհով Ոսկեպար հասնելու մասին Քոչարյանը նշել է՝ խորհրդային զորքերը դարանակալել էին, հերթափոխն ընկնում է շրջափակման մեջ: Նրա խոսքով՝ խորհրդային դեսանտայիններն անմիջապես անցել են գրոհի. «Խորհրդային ուժերը միլիցիայի անձնակազմի մեծ մասին սպանելուց հետո ողջերին ու վիրավորներին հանձնում են ադրբեջանական ՕՄՈՆ-ին` վստահ գիտակցելով, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում: Տղաներից Արմենն էլ էր վիրավոր, նա մահացավ իմ ձեռքերի վրա` Ղազախի ճանապարհին: Մենք ուսանողական ընկերներ էինք: Ես նրան մեքենայի մեջ պահում էի, որ չընկնի հատակին: Մեզ` ողջ մնացածներիս եւ վիրավորներիս, տեղափոխեցին Ղազախի, ապա Գյանջայի բանտ: Երեք ամիս շարունակ ամենօրյա ծեծ էր եւ տանջանք: Միայն վերջին օրերին, երբ արդեն լուծված էր փոխանակման հարցը, վերաբերմունքը փոխվեց»,- հիշում է ականատեսը։ Արդեն մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվել է նաև Ոսկեպար գյուղի 3 խաղաղ բնակիչ։ Հետագայում անմարդկային հանցագործության պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար Ռուսաստանի կողմից կազմակերպվել է հետաքննություն, Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ են անցկացվել, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժվել։

Ոսկեպարի դեպքերի ժամանակ սպանվածներն են.

Ազիբեկյան Արմեն Վազգենի ( նոյեմբերի 30, 1969 – մայիսի 6, 1991)
Աղաբաբյան Վահրամ Հրանտի (ապրիլի 13, 1964 – մայիսի 6, 1991)
Ամիրաղյան Աշոտ Սարիբեկի (հունիսի 1, 1956 – մայիսի 6, 1991)
Ամիրաղյան Սպարտակ Նիկոլայի (մարտի 17, 1942 – մայիսի 6, 1991)
Անանյան Սաշիկ Ռաֆիկի (մայիսի 6, 1950 – մայիսի 6, 1991)
Անանյան Վաչիկ Ռուբենի (հոկտեմբերի 13, 1938 – մայիսի 6, 1991)
Գիշյան Մարտիկ Հայկազի ( մարտի 13, 1970 – մայիսի 6, 1991)
Թանագյան Յոսա Ֆելիքսի (փետրվարի 12, 1969 – մայիսի 6, 1991)
Խաչատրյան Լյովա Հակոբի (նոյեմբերի 13 1963 – մայիսի 6, 1991)
Հակոբյան Գեղամ Ֆահրադի (հուլիսի 19, 1956 – մայիսի 6, 1991)
Հանիսյան Վաhան Հմայակի (հունվարի 3, 1958 – մայիսի 6, 1991)
Ղարազյոզյան Ստեփան Սերյոժայի (ապրիլի 19, 1963 – մայիսի 6, 1991)
Մալինյան Հարություն Թորոսի (մայիսի 6, 1955 – մայիսի 6, 1991)
Մամյան Արտաշ Վահանի (մարտի 5, 1962 – մայիսի 6, 1991)
Մանթաշյան Սոս Ազալխանի (փետրվարի 10, 1964 – մայիսի 6, 1991)
Մնացականյան Ռաֆիկ Վոլոդյայի (հունվարի 10, 1960 – մայիսի 6, 1991)
Մուղդուսյան Սարգիս էլյազի (հունվարի 22, 1960 – մայիսի 6, 1991)
Մուղսուդյան Միշա Հայկի (փետրվարի 23, 1963 – մայիսի 6, 1991)։


/Ոսկեպարում զոհված ոստիկաններին նվիրված հուշարձան` կառուցված Նոյեմբերյան քաղաքում/

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել