copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 18:00 19-03-2024

Եթե Երևանում սաղարթավոր ծառեր չլինեն, ամռանը քայլելն անհնար կլինի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին տարիներին մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթաց է իրականացվում, մինչդեռ բազմաթիվ բնապահպաններ պնդում են, որ իրականում ծառերի փոխարինման անվան տակ դրանք զանգվածաբար ոչնչացվում են։

Այս համատեքստում քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Հրապարակման համաձայն՝ մայրաքաղաքում այս տարի կտնկվի մոտավորապես 2000 ծառ։

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ նախորդ տարի արդեն ականատես ենք եղել, թե հին ծառերը հանելն ու դրանց փոխարեն նորերը տնկելն ինչ ազդեցություն է ունենում քաղաքի էկոլոգիայի վրա, երբ Երևանի կենտրոնում ստվերը վերացավ, իսկ տնկված ոչ բոլոր ծառերը շարունակեցին գոյություն ունենալ, որովհետև դրանց մի մասը չորացավ։ Նրա խոսքով՝ տնկվող ծառերը՝ սակուրաները, ընդհանրապես սաղարթ չունեն, իսկ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում և այստեղ այնպիսի ծառեր են հարկավոր որոնք սաղարթավոր են ու ստվեր են ստեղծում։

Բնապահպանը նկատում է, որ հակառակ դեպքում ամռանը Երևանում ընդհանրապես հնարավոր չի լինի քայլել, որովհետև արևի տակ մինչև 70-80 աստիճան ջերմություն է լինում, իսկ ստվերում՝ մոտ 38-40, և տարբերությունը շատ մեծ է լինում։

«Դրա համար էլ ի սկզբանե Երևանում սաղարթավոր ծառեր էին տնկվել՝ ոչ փշատերև ու սակուրայանման, և եթե հիվանդ ու չորացած ծառեր կային, ապա այո՛, դրանք պետք է հանել և փոխարենը նոր ծառեր տնկել, բայց մենք հակառակն ենք տեսնում, որ առողջ բուն ունեցող սաղարթավոր ծառերը հատվում են ու դրանց փոխարեն տնկվում են նոր ներմուծված ծառեր։ Այդ ծառերը բնորոշ էլ չեն մեր քաղաքին, դրանք կարող էին տնկվել այգիներում՝ որպես դեկորատիվ ծառեր, բայց ոչ թե փողոցների կանաչապապտման համար»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ մասնագետները բազմիցս բարձրաձայնել են այս մասին, անգամ նախորդ տարի Երևանի կենտրոնում բողոքի գործողություններ կազմակերպեցին, սակայն դրանք ոչ մի ազդեցություն չունեցան։ Նա կարծում է, որ խնդիրը հավանաբար ինչ-որ գումարների հետ է կապված, ու նման կերպ փորձում են ցույց տալ, որ թանկ տնկանյութ է գնվել և տնկվել։

«Այդ մասին ես խոսել եմ այն ժամանակ, երբ Հայաստան փշատերև ծառեր, կամ տույաներ էին ներմուծվում, որոնք կրկին Երևանում չէին կարող երկար գոյություն ունենալ։ Մենք տեսանք, որ ամեն տեղ, որտեղ դրանք տնկվել են, չորացել են, որովհետև այս կլիմայական ծառերը հարմար չեն փշատերև ծառերի գոյության համար։ Այդ տույաներն էլ թփեր են, սաղարթ ընդհանրապես չունեն։ Դրանք կարող են տեղ-տեղ՝ որպես դեկորացիա օգտագործվել, բայց մասայական օգտագործման համար պիտանի չեն»,- ասաց նա՝ նշելով, որ այն ժամանակ մեկ տնկանյութի համար 70-80 հազար դրամ էր վճարվել, ինչն իրականում ոչ թե հարմարավետության, այլ գումարների խնդիր էր։

Նազելի Վարդանյանն ընդգծում է, որ օրենքով պետք է հաշվառում կատարվեր և ծառերը համարակալվեին, ինչպես դա արվում է եվրոպական քաղաքներում։ Նրա խոսքով՝ Եվրոպայում ծառերը հատելու դեպքում հատուկ հանձնաժողով է ստեղծվում, հատուկ գումարներ են վճարվում՝ անգամ եթե դա մասնավոր անձն է անում՝ իր սեփականությունը հանդիսացող։

Մեր զրուցակիցը նշեց, որ իր ծանոթներից մեկը Գերմանիայում իր ծառը հատելու համար 5000 եվրո է վճարել, որովհետև այդ ծառի ստվերը խանգարում էր, ինչպես նաև պարտավորվեց, որ դրա փոխարեն նոր ծառ պետք է տնկի։ «Նման խիստ պահանջներ կան, և մարդիկ հետևում են այդ պահանջներին, իսկ Հայաստանում ով ինչ ուզում, անում է. կա՛մ ժավել են լցնում ու չորացնում են այդ ծառը, որովհետև ինչ-որ մեկի գովազդային ցուցանակին խանգարում է, կա՛մ խանութի դուռն ու ճանապարհն է փակում, կա՛մ էլ արդեն պետական մակարդակով են ծառերը հանում»,- հայտնեց նա։

Նազելի Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Երևանում ծառերի տգեղ տեսքը կանաչապատման վարչության անգրագետ աշխատանքի արդյունքն է, որովհետև տարիներ շարունակ խորը էտ են անում, որն իրականում ծառերի սպանդ է։ Նա շեշտեց, որ շուրջ 40 երկրներում է եղել, սակայն ոչ մի տեղ չի տեսել, որ ծառերի էտ իրականացնեն։

Բնպաահպանը հավելեց, որ նման գործողություններով նպաստում են ոչ թե ծառերի աճին ու առողջացմանը, այլ անդամալուծում են ծառերը, և դրանք կամաց-կամաց մեռնում են։

Դավիթ Գույումջյան