Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:00 17-03-2024

ԵԽ պատգամավորների նամակը հույս է արթնացնում, որ Արցախը կրկին ազատ կլինի

Արցախում բացահայտ ավերվում են հայկական կառույցները, հուշարձաններն ու մշակութային արժեք ներկայացնող շենքերը, մատուռները, խաչքարերը։ Հայկական եկեղեցիները պղծում են, ներկայացում ալբանական։ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ջնջել հայկական հետքը։ Արցախում ռազմական ներկայություն ունեցող Ռուսաստանն և Թուրքիան անբարյացկամորեն են տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ, լռելյայն աջակցում են հայկական հետքի ջնջմանը։ Այս իրավիճակը հավելյալ վկայում է, որ ՌԴ-ն ՀՀ-ի դաշնակիցը չի նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Այլ վերաբերմունք է դրսևորում Եվրամիությունը, որի հետ ՀՀ-ն դեռ չունի դաշնակցային հարաբերություններ։ Կան մեկ համաձայնագիր և հայանպաստ մի քանի բանաձևեր։ ԵՄ երկրները, սակայն, Արցախի մշակութային ժառանգությունը համարում են եվրոպական ժառանգության կարևոր մաս և պարտավորվում պահպանել դրանք։

«Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 7.12.2021 թ.՝ իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,- ասված է Եվրոպական խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների պաշտոնական նամակում, որով նրանք դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։

Ինչո՞վ է բացատրվում եվրոպացիների այս արձագանքը։ Ինչքա՞ն հեռու կարող են գնալ։ Հնարավո՞ր է՝ Եվրամիության աջակցությամբ անվտանգության երաշխիքներ ստեղծվեն, կազմակերպվի արցախցիների ազատ վերադարձն Արցախը։

Ենթադրելի է, որ եթե ՀՀ-ն շարունակի դիվերսիֆիկացիան, ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի, քաղաքակրթական ընտրություն կատարի, ԵՄ առանձին երկրների հետ ստորագրի անվտանգային բնույթի պայմանագրեր, ապա ԵՄ-ն լեգիտիմ իրավունք կունենա եվրոպական խաղաղապահ զորք մտցնել Արցախ եվրոպական ժառանգությունը պաշպանելու, արցախցիների վերադարձի անվտանգության երաշխիքներն ապահովելու նպատակով։

Իհարկե, կասկածներ կան, որ եվրոպացիները կարող են այդքան հեռուն գնալ։ Բայց, քանի որ Արցախն առանց արտաքին լուրջ աջակցության չի կարող կրկին հայկական դառնալ, ապա եվրոպացիներից ակնկալվող աջակցությամբ խնդիրը լուծելու այս սցենարը դեռ այլընտրանք չունի։ Այն գնահատվում է իրատեսական, քանի որ ԵՄ-ն Հայաստանի և Արցախի նկատմամբ ունի աշխարհաքաղաքական հետաքրքրություն կապված Հարավ-հյուսիս ճանապարհի գործարկման հեռանկարի հետ, մարդասիրական հետաքրքրություն կապված բռնի տեղահանված արցախցիներին օգնություն տրամադրելու հետ, իսկ Արցախում եվրոպական ժառանգությունը պաշտպանելու մասին վերը նշված նամակով ավելացավ ևս մեկ բաղադրիչ, որը պաշտպանելու համար ԵՄ-ն կարող է առաջ գալ և աջակցել արցախցիների՝ բնօրրան վերադառնալու և ազատորեն ապրելու իրավունքի վերականգնմանը։

Նույնիսկ եթե ոչինչ չստացվի, ԵՄ-ն կամ Ֆրանսիան չկարողանան արցախցիների անվտանգ վերադարձն ապահովել, այնուամենայնիվ՝ ԵՄ պատգամավորների վերը նշված նամակ-հայտարարությունը արժանի է շնորհակալության ՀՀ ԱԳՆ-ի, արցախցիների ՀԿ-ների մակարդակով, քանի որ եվրոպացիներն, ի տարբերություն ռուսների, աղաղակ են բարձրացնում, փորձում կանխել ադրբեջանցիների բարբարոսությունը, հույս արթնացնում, որ եթե ՔՊ-ական իշխանությունը հակահայկական քայլեր չանի, իրականացնի անկախության և ժողովրդավարության բարեփոխումներն, ապա մի օր ազատ Արցախը կրկին կողջունի ձեզ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո