Երևան +7°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 14:10 30-03-2023

Ալիևը հույս ունի 2 տարում հայաթափել Արցախը, բայց չի բացառում նաև ռազմական ագրեսիայի տարբերակը

Նոր դիրքեր ձեռք բերելու վերաբերյալ Ալիևի հայտարարությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային դիրքերին չի վերաբերում։ Այստեղ խոսքը վերաբերում է Արցախին՝ մասնավորապես Բերձորի շրջանի։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Իրենք ասում են, որ հայկական կողմը նույնիսկ ժամանակ էր խնդրել՝ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված, որը պետք է միանար իրենց ճանապարհին։ Եթե անաչառ լինենք, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով նշվում է, որ 3 տարի հետո պետք է պայմանավորվել ու կառուցել ճանապարհները։ Ադրբեջանն ավելի վաղ է արել, հայկական կողմը, ամենայն հավանականությամբ, համաձայնել է։ Եվ հայկական կողմը ևս պետք է շրջանցող ճանապարհով միանար Ադրբեջանին՝ շրջանցելով Շուշին։ Իրականում, երբ Ալիևն ասում էր, որ միջանցքը չեն փակել՝ այո՛, իրենք մեկ ճանապարհ էին փակել ու այդ ճանապարհը կարող էին փակել՝ ըստ եռակողմ հայտարարության 6-րդ կետի»,- ասաց նա։

Խնդիրն, ըստ փորձագետի, այն է, որ ճանապարհի կառուցման աշխատանքները հայկական կողմը չի իրականացրել։ «Այն ճանապարհը, որտեղ իրենք հիմա բարձունք են վերցրել, և այդ տարածքով անցնող տրանսպորտային միջոցները կրակային խոցելիության վիճակում են, ըստ իս, այդ ճանապարհը պետք է վերանորոգվեր ու միանար ադրբեջանական ճանապարհին՝ շրջանցելով Շուշին։ Հիմա Ալիևը կոնկրետ ասում է, որ իրենք այդ ամբողջ տարածքներն իրենց վերահսկողության տակ են վերցնելու, որքանով որ կարող են, և պայման թելադրողն իրենք են լինելու»,- ասաց նա։

Ռազմագետը համոզմունք է հայտնում, որ սա Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ վերցնելու վտանգավոր ծրագիր է։ «Սա նշանակում է, որ բավականին ծանր վիճակում են հայտնվում Արցախի մեր հայրենակիցները՝ հաշվի առնելով, որ Ալիևը ցանկանում է, որ իրենք ևս հսկեն ճանապարհը։ Այդուհանդերձ, այդ «սքաներ» կոչված սարքը, որքանով ես եմ տեղեկացված, ռուսական կողմն է սպասարկելու, բայց ադրբեջանական կողմը կարող է պահանջ ներկայացնել՝ այս կամ այն մեքենան նորից ստուգեն, եթե որևէ կասկած ունենան։ Հիմնականում իրենց պահանջը զենք-զինամթերք ու արգելված նյութեր չտեղափոխելն է»,- ասաց նա։

Ռազմագետի գնահատմամբ՝ գնալով սրվող իրավիճակում, Ալիևը որևէ կերպ չի էլ թաքցնում իր նկատառումները՝ Արցախն ամբողջովին շրջափակելու՝ ադրբեջանական նկրտումների առումով։ «Այդ շրջափակումը, բացի հումանիտար աղետ լինելուց, խախտում է մարդկանց տարրական իրավունքները՝ բուժսպասարկում և այլ պայմաններն ու նաև մեծ հոգեբանական հետք են թողնում արցախցի մեր հայրենակիցների վրա։ Պատկերացրեք իրավիճակը, երբ շրջափակված ես ու որևիցե տեղից որևէ օգնություն չես ստանում։ Ալիևի ծրագիրը սա է՝ հայաթափել։

Միաժամանակ, ինքը նաև թիրախավորում է ռուս խաղաղապահներին, որովհետև, այնուամենայնիվ, այսօր մեր քույրերն ու եղբայրներն Արցախում բնակվում են շնորհիվ ռուս խաղաղապահների։ Այսինքն, եթե աշխարհաքաղաքական փոփոխություն չլինի, ապա Ալիևն, ամենայն հավանականությամբ, հաշվարկել է, որ շրջափակման մեջ գտնվող հայերը, տեսնելով, որ չեն կարողանում գոյատևել, 2 տարի անց այդ տարածքներից պետք է դուրս գան։ Իսկ հավանական է, որ Ուկրաինայի հետ կապված փոփոխություններն ուղղակիորեն կարող են ազդել Ռուսաստանի քաղաքականության վրա՝ Հարավային Կովկասում՝ մասնավորապես նաև Արցախի հարցում»,- ասաց նա։

Այս ամենը, սակայն, ըստ փորձագետի, չի նշանակում, որ Ադրբեջանը բացառում է Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի տարբերակը։ «Թեև ընդդիմախոսներն ասում են, որ ռուս խաղաղապահներն այնտեղ են՝ մեկ օրինակ բերեմ․ 2008 թվականին Հարավային Օսեթիա-Վրաստան սահմանին Վրաստանի ԶՈւ-երի ռազմական գործողությունների հետևանքով առաջին թիրախ դարձան ռուս խաղաղապահները, որոնք կանգնած էին Հարավային Օսեթիայի և Վրաստանի սահմանին։ Այնպես որ պետք չէ բացառել նաև Ալիևի կողմից ռազմական ագրեսիան։

Ուստի, մեր հայրենակիցները, նաև իրենց անվտանգությունն առաջին հերթին ուժեղացնելու համար, ես առաջարկել ու հրապարակայնորեն ասել եմ, որ Արցախում տոտալ մոբիլիզացիա պետք է հայտարարվի։ Գործադրվի շրջափակված Արցախի բոլոր ռեսուրսները, ներառյալ նաև Հայաստանի քաղաքացիները, քանի որ իշխանությունների վրա հույս դնել հնարավոր չէ, և Սփյուռքը։ Այս 3 հիմնական սյան վրա է խարսխված լինելու Արցախի պաշտպանությունն ու այնտեղ ապրելու ու հայ մնալու իրավունքը։ Այստեղ ֆիզիկական գոյության և Արցախում ապրելու իրավունքը, կարելի է ասել, վճռական փուլ է մտնում»,- ասաց նա։

Այս առումով, ռազմագետի գնահատմամբ, պատկերն այլ կլիներ, եթե հայկական կողմը ներկա իրավիճակի պես անարձագանք չթողներ Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչող հայտարարություններն ու նախաձեռնվող ագրեսիվ գործողությունները։

«Պատկերացրեք, որ ՀՀ իշխանությունները, ճիշտ քաղաքականություն վարելով սատարեին Արցախին, թև ու թիկունք լինեին։ Մենք պաշտպանված լինեինք ու Արցախում ապրողները մտածեին, որ Հայաստանը ռազմական առումով կարող է դիմագրավել Ադրբեջանին։ Սա ևս ուժ է տալիս մարդկանց։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվող օգնության փաստաթղթով նկատի ենք ունենում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցություն՝ սահմանի ամբողջ երկայնքով։ Եթե Հայաստանը խնդրեր նաև խաղաղապահ ուժեր, զորավարժություններ, որի արդյունքում զենք-զինամթերք և լուրջ անձնակազմ կարող էր գալ Հայաստան։ Բայց Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը սպառնալք է և մեր երկրի դարպասներն Ադրբեջանի առաջ բացվում են։ Սա ևս բացասաբար է անդրադառնում Արցախի մեր քույրերի ու եղբայրների վրա»,- ասաց նա։

Այս համատեքստում, ռազմագետն անհետաձգելի է համարում օրվա իշխանությունների հեռանալու հրամայականը։ «Որովհետև, վաղ թե ուշ, եթե Աստված մի արասցե, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» ռազմական առումով կյանքի կոչեն, ապա Հայաստանը նույն ձևով հայտնվում է շրջափակման մեջ։ Որովհետև այդտեղով պտտվում է մեր կյանքի հիմնական ճանապարհը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապով։ Իսկ Վրաստանի պահով մենք տեսանք, թե ինչ եղավ 44-օրյա պատերազմի օրերին, երբ այդ երկիրը փակեց բոլոր՝ ցամաքային և օդային սահմանը։ Այսինքն, Հայաստանը ևս կարող է դառնալ շրջափակված տարածք ուղղակի ավելի մեծ տարածքով ու ավելի մեծ բնակչությամբ։ Դրա համար օրվա իշխանությունների հեռանալը հրամայական է՝ Արցախի և Հայաստանի և՛ ֆիզիկական գոյության և՛ որպես պետություն լինելու համար»,- ասաց նա։

Այդ իշխանություններին հեռացնելու ճանապարհն էլ, ըստ փորձագետի, դիտարկվում է ու այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկվում են։ «Սիսիան և Անի խոշորացված համայնքներում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ցանկացած քայլի կարող են դիմել և ընտրություններով չէ, որ իրենք պետք է հեռանան։ Ճիշտ է, վերջերս Մարդու իրավունքների 2022-ի զեկույցի մեջ Պետքարտուղարության խիստ գնահատականներ են տրվել ՀՀ իշխանություններին, բայց դա ընդամենը զգուշացնող դեղին քարտ էր, որ Փաշինյանը չշեղվի այն ուղուց, որն ինքը խոստացել է հավաքական Արևմուտքին։ Սա միայն դրա համար է։ Հետևաբար ընտրություններով հեռանալն այնքան էլ իրատեսական չէ՝ հաշվի առնելով նաև վերջին ընտրությունների ակնհայտ խախտումներն ու կեղծարարությունները»,- ասաց նա։

Ըստ Նահապետյանի՝ ներկա իշխանություններից ազատվելու համար պետք է լինի մեկ օրակարգ, որի շուրջ կհավաքվեն բոլոր կարող ուժերը։ «Այդպիսի օրակարգ, ըստ իս, հիմա արդեն իսկ ստեղծված է։ Այն խմորման փուլում է, բայց եթե ուշադրություն դարձրել եք՝ հայտարարություն տարածվեց ՀԱՊԿ-ի հետ կապված փաստաթուղթն ստորագրելու պահանջով հանդես եկան հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին բանակը, ոստիկանությունը, դատախազությունը և ԱԱԾ-ն։ Հայտարարությունը բավականին մեծ տարածում է ստացել սոցիալական ցանցերում։ Այսինքն, դա է երաշխիքը, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ռազմական ներկայությունը, զորավարժությունները, դիտորդները, խաղաղապահ ուժերը, եթե Հայաստանը խնդրի։ Այդ օրակարգին շատ արագ արձագանքեց ՌԴ փոխարտգործնախարարը։ Եթե համախմբում լինի այդ օրակարգով՝ կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլն ուղղակի անդին է քշվելու, որովհետև ինքն Արևմուտքին խոստացել է, որ այնուամենայնիվ, Հայաստանից պետք է դուրս բերվի ռուսական ռազմական ներկայությունը, իսկ կա կոնսոիդացիա՝ նույն քաղաքական օրակարգի շուրջ, որպեսզի Փաշինյանն ստորագրի այդ փաստաթուղթը (ՀԱՊԿ-ի- խմբ․)։

Այնպես որ իր մանևրելն այլևս վերանում է։ Ինքը ստորագրելու է, որով գոնե նվազագույնն ապահովելու է Հայաստանի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, որ Ադրբեջանը հերթական ագրեսիայի չդիմի՝ «Զանգեզուրի միջանցք» բացելու համար, իսկ եթե չստորագրի, ապա այստեղ այդ օրակարգի շուրջ իսկապես կարող է առաջանալ լուրջ կոնսոլիդացիա՝ հրաժարականի պահանջով»,- ասաց նա։