Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 9 ամիս առաջ - 09:00 01-03-2024

ՀՀ-ն ու ԵՄ-ն կարող են դաշնակիցներ դառնալ 

Եվրախորհրդարանի փետրվարի 28-ին հրապարակված զեկույցում Հայաստանին սատարելու և Ադրբեջանին սաստելու մասին կոչերը նշանակում են, որ լուրջ սպառնալիքներ կան ոչ միայն ՀՀ-ի, այլև Եվրամիության դեմ։ Այսինքն՝ բանաձևերը աշխահաքաղաքական և քաղաքակրթական նշանակություն ունեն։

Ուշագրավ է, որ փետրվարի 29-ին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է հայտարարել, թե Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին: Սա կարելի է գնահատել որպես Եվրախորհրդարանի բանաձևերի արձագանք։ Սակայն մտածելուց ավելի առայժմ ոչինչ չեն նախատեսում։ Չշտապելու մասին Ալեն Սիմոնյանի ակնարկը նշանակում է, որ ՔՊ-ական իշխանությունն առաջիկայում գործնական քայլեր չի անելու։ «Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, մենք քննարկում ենք, թե ինչ անենք, որ նվազեցնենք այն վտանգները, որ ՀՀ-ին կարող են սպառնալ»,- ասել է նա։

Վտանգներին անդրադառնում է նաև Եվրախորհրդարանը, կոչ անելով ԵՄ-ին աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, որպեսզի Երևանը կարողանա ընդարձակել իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս և դիմակայի հիբրիդային սպառնալիքներին։ Հասկանալի է, որ հիբրիդային ասելով, նկատի ունեն Ռուսաստանի դրդմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումը։

Ամենայն հավանականությամբ, այդպիսի ագրեսիայի վտանգն է ստիպել Եվրախորհրդարանին բանաձևեր ընդունել և Եվրամիությանը կոչ անել սատարել Հայաստանին և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել։ Գաղտնիք չէ, որ Մոսկվան դրդում է Ադրբեջանին հարձակվել Սյունիքի վրա և բացել, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը, որը թույլ կտա Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այն նաև կարող է կտրել Հարավ-հյուսիս ճանապարհը, որն Ասիան Եվրոպային միացնող նոր միջազգային ճանապարհն է լինելու։ Հետևաբար՝ ռուս-ադրբեջանական հավանական ագրեսիան հարվածելու է եվրոպական հետաքրքրություններին։

ՀՀ ԱԳՆ-ի անտարբերությունը Եվրախորհրդարանի փետրվարի 28-ի զեկույցին ևս վկայում է, որ արտաքին քաղաքականություն որոշողները եվրաինտեգրացիայի ծրագրեր չունեն, ոչ էլ ուզում են շարունակել ՌԴ դոմիանտությամբ արտաքին քաղաքականությունը։ Թե ինչքան կձգվի այս անորոշ իրավիճակը, դժվար է կանխատեսել։ Անորոշ է նաև այն, թե ինչ ազդեցություն կունենա Եվրախորհրդարանի կոչերն ու բանաձևերն Ադրբեջանի և Ռուսաստանի վրա։

Նախորդ անգամ 2023-ի հոկտեմբերի 5-ին է Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այդ բանաձևում շեշտադրումն արվել էր արցախցիների բռնի տեղահանման վրա։ ԵՄ-ն այդ կոչերն անարձագանք է թողել։ Բայց դրանց հաջորդել է Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 17-ի ելույթը, որն արժանացել է հոտնկայս ծափահարությունների, և էապես փոխվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարի մասին պատկերացումները։ Իսկ Ադրբեջանը և Թուրքիան մի քանի անգամ հայտարարել են, որ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ չունեն։

Եվրոպայի այս ջանքերին ի պատասխան, ՔՊ-ական պաշտոնյաները, թվում է, թե ցանկություն հայտնելուց ավելի ոչինչ մտադիր չեն անել։ Սակայն ինչպես հիմա են անվտանգային նկատառումներից ելնելով, ստիպված տրտնջում, կարծիք ու մտադրություն հայտնում, թեթև բացում ԵՄ-ի առաջ Հայաստանի դռները, այնպես էլ առաջիկայում կարող են ստիպված հանդես գալ եվրաինտեգրացիային ուղղված լուրջ նախաձեռնություններով, չնայած՝ դեռ ոչինչ չեն պլանավորում։

Պարզ ասած՝ այս պահին ՀՀ-ի և ԵՄ-ի շահերը համընկնում են։ Այստեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային չեն։ ՀՀ-ն ու ԵՄ-ն կարող են դառնալ դաշնակիցներ, քանի որ ՀՀ-ն հույս ունի ԵՄ աջակցությամբ դիմագրավել ռուս-ադրբեջանական հավանական ագրեսիան, իսկ ԵՄ-ն մեր տարածաշրջանում կարող է իր աշխարհաքաղաքական, անվտանգային և տնտեսական շահերը պաշտպանել նաև Երևանի օժանդակությամբ։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված