Ներքին 2 տարի առաջ - 23:38 26-02-2024

Մինչև 2 տարեկան երեխան հեռախոս պիտի չտեսնի, որ խոսքի զարգացման խնդիր չունենա

Վերջին տարիներին Հայաստանում շատ մեծ տարածում գտած «ՏիկՏոկ» հավելվածը վատ ազդեցություն է ունենում մանկահասակ և դպրոցական երեխաների վրա։ Դպրոցականները օրվա մեծ մասն անցկացնում են այս հավելվածում՝ մոռանալով դասերի մասին։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց հոգեբան, հոգեթերապևտ Միքայել Մինասյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ վատ անդրադարձ ունի «ՏիկՏոկը» երեխաների վրա։

«Եթե երեխան շփման փոխարեն խրված է այդ հարթակում և չունի այլ հետաքրքրություններ, դա վատ է։

Կարևոր է երեխայի ընկալումն ու օգտագործման ձևը։ Հավ մորթելու հոլովակ տեսնելիս մի երեխան զզվում է և չի ունենում սադիստական հակումներ, մյուսը ցանկանում է ինքը կտրել և ձեռք է բերում այդ հակումները։ Ամեն բան անհատական է։

Եթե «ՏիկՏոկ» նայելը պայմանավորում է երեխայի վարքը, և նա չի սովորում, ձգտումներ չունի, ապա դա պաթոլոգիա է»։

Հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է արգելափակումներ կիրառել, որպեսզի որոշակի կոնտենտ երեխաներին հասանելի չլինի, հոգեբանը պատասխանեց.

«Բնականաբար։ Եթե որպես մարդ ասեմ, դա հենց «դեբիլացման» համար են ստեղծել, ապա շատ նեգատիվ կարծիք կհայտնեմ այդ հարթակի մասին։ Հարթակում հանդես են գալիս տարօրինակ վարքով մարդիկ։ Եթե ինձնով լիներ, կփակեի»։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ երեխաները, տեսնելով բլոգերներին և նրանց աշխատանքը, ցանկանան այդ մասնագիտությունն ընտրել, հոգեբանը պատասխանեց․

«Երեխա կա, որ տեսնելով ինչ-որ պարող պապիկի, կարող է մտածել՝ ինչի՞ս է պետք սովորելը․ կմեծանամ, իր պես կպարեմ ու կտեղադրեմ։ Երեխա էլ կա, որ չի ուզենա այդպիսի մարդու նմանվել։ Դեգրադացիա, միանշանակ, տեղի է ունենում։ Որպես մարդ՝ ես այդ տեսնում եմ»։

Oragir․News-ը երեխաների մոտ սոցցանցերից կախվածությունից առաջացած խոսքի հապաղման խնդրի վերաբերյալ զրուցեց նաև ԱՅԳ հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդ Լիաննա Ղազարյանի հետ։

Հարցին, թե ինչ ազդեցություն ունեն սոցիալական հարթակների հոլովակները երեխաների խոսքի զարգացման վրա, մասնագետը պատասխանեց.

«Ամերիկյան հետազոտողներն ասում են, որ երեխան պետք է մինչև 2 տարեկանը հեռախոս չտեսնի։ Իսկ Հայաստանում դրա հակառակ պատկերն է։ Ծնողները չեն ֆիքսում, թե քանի ժամ տևեց երեխայի հեռախոսով կամ պլանշետով զբաղվելը։ Այս դեպքում երեխան անվերջ կարող է ոչ հայերեն հոլովակներ դիտել։ Դրանք բոլորն ազդում են խոսքի զարգացման վրա»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ խոսքի խնդիր չունեցող երեխան հոլովակներ դիտելուց ունենա խոսքի զարգացման հապաղում, լոգոպեդն ասաց.

«Հնարավոր է։ Մենք ունենք երեխաներ, որոնց խոսքն ուշացել է՝ ծնողի կողմից հեռախոս տրամադրելու պատճառով։ Երեխան ցանկանում է զբաղվել հեռախոսով և շփման ցանկություն չի ունենում։

Գենետիկ նախատրամադրվածությամբ 100% խոսող երեխան հեռախոսով շատ զբաղվելուց հետո կարող է վերածվել 60% խոսող երեխայի։ Երեխաներին սթրես չպատճառելու համար պետք է աստիճանաբար նվազեցնել հեռախոսի օգտագործման ժամանակը։ Այս դեպքում խոսքի զարգացման խնդիր չի առաջանա»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին