copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 20:45 26-02-2024

Չնայած իշխանությունների ցանկությանը` ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս Նիկոլ Փաշինյանը France 24 լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Վերջինս իր խոսքում կրկին քննադատեց կազմակերպությանը՝ ՀՀ-ի հանդեպ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

«ՀԱՊԿ-ն, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021, 2022 թվականներին, և դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Այդ հետևանքն այն է, որ մենք այսօր գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում: Վաղը ինչ կլինի, վաղը կերևա»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Oragir.News-ը քաղաքագետ Արա Պողոսյանից հետաքրքրվեց՝ այս հայտարարությամբ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթա՞ց է սկսում, թե՞ այն առավելապես քարոզչական բնույթի հայտարարություն էր։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց, որ այս պարագայում երկու կանխվարկածներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալ։

Քաղաքագետն ընդգծեց՝ կասկածից վեր է, որ այս հայտարարությունն ուներ բավականին լուրջ քարոզչական նպատակ՝ հաշվի առնելով, թե այն որտեղ էր կատարվում, դրան ինչ իրադարձություններ էի նախորդում ու հաջորդում։

«Եթե հաշվի առնենք, թե դրանից հետո ինչ հանգամանք ի հայտ եկավ, խոսքն Ուկրաինայի նախագահի ՀՀ հնարավոր այցի մասին է, ապա կարծում եմ, որ սրանք բոլորն էլ փոխկապակցված էլեմենտներ են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի վերջնական դուրս գալու որոշմանը, ապա կարծում եմ, որ որքան էլ ՀՀ իշխանությունները լուրջ ցանկություն ունենան, սա բավականին բարդ, հետևանքներով լեցուն գործընթաց է, և գոնե այս պահին ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ նրանք ի վիճակի չեն լինի դա անել կամ պարզապես չեն գնա նման ավանտյուրայի»,- ասաց նա։

Արա Պողոսյանը հիշեցրեց, որ Կրեմլից հայտարարություն է հնչել առ այն, որ ՀԱՊԿ-ում անդամակցությունը սառեցնելու ձևաչափ գոյություն չունի՝ երկիրը կա՛մ անդամակցում է, կա՛մ չի անդամակցում կառույցին։

Հարցին, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի, եթե Հայաստանն այնուամենայնիվ որոշի լքել ՀԱՊԿ-ն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ վստահաբար սա աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություն կնշանակի՝ արդեն դե-ֆակտո։ Նրա խոսքով՝ այդ որոշումը ենթադրում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վերջնական փոփոխություն և տրանսֆորմացիա, ինչին Ռուսաստանը պարզապես չի կարող չարձագանքել՝ ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի կապը բացառապես ՌԴ-ն է, և վերջինիս բացակայության պարագայում երևակայությունից վեր է, որ ՀՀ-ն կանդամակցեր այս կառույցին։

Քաղաքագետի համոզմամբ՝ անդամակցել ՀԱՊԿ-ին նշանակում է պարզապես դաշնակցային հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ և ոչ ավելին. «Ի միջի այլոց սա ի սկզբանե Հայաստանի անդամակցության պահին և դրանից առաջ էլ ակնհայտ էր, որ ՀՀ-ն նման ձևաչափով հետխորհրդային պետությունների միջև գործող տարբեր կազմակերպություններից անդամակցել է բացառապես այն կազմակերպություններին, երբ դա անհրաժեշտ է եղել Ռուսաստանի Դաշնությանը կամ վերջինս նման ցանկություն է ունեցել, իսկ կամավոր անդամակցությունը պարզապես երևակայությունից վեր է»։

Պողոսյանը շեշտեց՝ ՀԱՊԿ–Հայաստան կապերի խզումը կամ ՀԱՊԿ-ում անդամակցության դադարեցումն ուղիղ նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների անշրջելի կամ անուղղելի վատթարացում, բեկում բացասական իմաստով։ Նրա խոսքով՝ սա բնականաբար ունենալու տնտեսական, ֆինանսական, ռազմական, քաղաքական, ինչպես նաև դիվանագիտական հետևանքներ։

Ճշտող հարցին, թե այսպիսով հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ՌԴ-ի ուղղորդմամբ Հայաստանի դեմ հարձակում գործի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մեր երկրում շատ է խոսվում Ադրբեջանի կողմից հավանական հարձակման մասին, սակայն Հայաստանի վրա ազդելու համար էլ ավելի արդյունավետ գործիքներ ունի։ Նա այս համատեքստում հիշեցրեց հայ-ռուսական գազային (էներգակիրների) համաձայնագիրը, որը եթե փոխվի ու գործի այնպես, ինչպես Ռուսաստանի Դաշնության համար ոչ բարեկամական երկրների համար է գործում, ապա Հայաստանի տնտեսությունը պարզապես կոլապսի կենթարկվի։

«Մեր ներքին էներգետիկ ռեսուրսները դիվերսիֆիկացված չեն, մեր տնտեսությունը սովորել է 165 դոլար սահմանին ինքնարժեքով գնագոյացվող գազի գնին, մեր բնակչությունը նույնպես։ Ուստի ՌԴ-ն ունի ավելի արդյունավետ միջոցներ՝ Հայաստանի Հանրապետությանը վատ վիճակի մեջ դնելու համար, քան ռազմական գործողություններն են»,- նշեց նա։

Արա Պողոսյանը հավելեց, որ Հայաստանը տնտեսապես ու ֆինանսապես լրջագույն կախվածություն ունի Ռուսաստանից, իսկ այս կախվածությունը դիվերսիֆիկացված չէ և առաջիկա մի քանի տարիներին նույնպես հնարավոր չէ դիվերսիֆիկացնել։ Նա ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում նման բեկման պարագայում պետք է այնպես անել, որ ՀՀ տնտեսությունը գոնե քիչ տուժի, իսկ հնարավոր տնտեսական վնասները բավարար են, որ գործող իշխանությունները չգնան նման ավանտյուրայի գոնե հիմա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի