Գաղտնիք չէ, որ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո պաշտոնական Երևանը, որը պատերազմից 1 տարի առաջ պնդում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հայտարարեց խաղաղության դարաշրջան բացելու մտադրության մասին։ Խաղաղության դարաշրջան տանող ճանապարհին Հայաստանը սկսեց անվերապահորեն կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում Արցախը ճանաչեց վերջինիս կազմում, սակայն Ադրբեջանն, իսկ ավելի կոնկրետ այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևն առ այսօր չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29.800 քառակուսի կմ տարածքում։
Ավելին՝ պաշտոնական Բաքուն հավականություններ է ցուցաբերում ոչ միայն 2021-2022թթ. ագրսիաների ժամանակ մեր երկրից օկուպացրած 150-200 քառակուսի կմ տարածքի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի նկատմամբ։ Ադրբեջանում այս հավակնությունները փաթեթավորում են տխրահռչակ «Արևմտյան Ադրբեջան» թեզով, ինչպես նաև հայեցակարգեր են մշակում այստեղ ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձն» ապահովելու նպատակով։
Ադրբեջանի իշխանությունները ՀՀ տարածք ադրբեջանցիների «վերադարձը» փորձում են միևնույն հարթության մեջ դնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի հետ՝ պաշտոնպես հայտարարելով՝ կա՛մ 2 համայնքներն էլ կկարողան վերադառնալ, կամ դրանցից ոչ ոք չի վերադառնա։ Եթե Արցախից բռնի տեղանված բնակչության թիվը տատանվում է 120-150 հազարի սահմաններում, ապա Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի տարածքում մտադիր է ավելի քան 300 հազար ադրբեջանցու «վերաբնակեցնել»։
Ինչպես ակնկալվում էր Արցախի բռնազավթմամբ Ալիևի ախորժակը չէր փակվելու, և վերջինս տարածքայն հավականություններ է դրսևորելու Հայաստանի ինքնիշխան տարածքի, այդ թվում մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ 2022 թվականի հուլիսին ադրբեջանցի մի խումբ «պատմաբաններ» դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե մտահոգված են երեւանյան Կոնդ թաղամասի ճակատագրով, որն, իբր, ադրբեջանական է: Նրանք կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին բողոքել են, թե Երևանում իրենք մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում:
Կոնդի նկատմամբ հավակնություններ են դրսևորել Ադրբեջանի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևը։ Ավելին՝ նախորդ նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ Կոնդում ֆիլմ էր նկարահանվել, որտեղ խեղաթյուրվում էր պատմական իրողությունները և պնդումներ հնչեցվում, թե, իբր թաղամասը ադրբեջանական է։
Ավելորդ չէ նշելը, որ Բաքուն արդեն ադրբեջանական է համարում ոչ միայն հայկական, այլև պարսկական մշակութային արժեքները, մասնավորապես՝ պարսկական շիայական Կապույտ մզկիթը: Վերջինիս մասով էլ ադրբեջանցիները բերում են այն հիմնավորումը, թե 19-րդ դարում Երևանում քիչ պարսիկներ են ապրել, հետեւաբար, այն չի կարող պարսկական լինել:
Այսօր արդեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։ Նրա խոսքով՝ թաղամասն օտարվելու է՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: «Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- պնդեց Ավինյանը։
Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ շան գլուխը թաղված լինի Բաքվում, և շատերի մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ Կոնդի օտարմամբ կատարվում է Ադրբեջանի հերթական պահանջը։ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է թույլ տալ, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենիք, սակայն միայն այն դեպքում, եթե Հայաստանն էլ համաձայնի ադրբեջանցիների վերադարձին։ Ուստի նման իրավիճակում չի բացառվում, որ Կոնդի վերակառուցման անվան տակ այնտեղ ադրբեջանցիներ վերաբնակեցվեն, որի դիմաց էլ Ադրբեջանը թույալտրի արցախցիների որոշ խմբերի վերադարձն իրենց հայրենիք։
Նման «փոխանակման» դեպքում Կոնդում հաստատվող ադրբեջանցիների թիվը ենթադրաբար պիտի հավասար լինի իրենց հայրենիք վերադարձող արցախցիների թվին՝ հաշվի առնելով Ալիևի հայտարարությունը։ Չի բացառվում նաև, որ հաջորդ քայլով էլ Բաքուն պահանջի ՀՀ քաղաքացիություն տրամադրել ադրբեջանցիների այս խմբին՝ հետագայում Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու նպատակով։
Չնայած Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքում են Կոնդում ադրբեջանական թաղամաս կառուցելու հնարավորությունը, ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ վերջիններս սկզբում կտրուկ հերքել, իսկ հետո 180 աստիճանով հակառակ քայլերն են արել։ Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ 3 տարի անց՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ամիսներ անց էլ՝ 2023-ի մայիսին ֆիքսեց՝ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կմ տարածքը, որն ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները։ Բացի այդ՝ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունները կտրականապես հերքում էին, որ անկլավների հարց քննարկվում է, սակայն ադրբեջանական կողմի հայտարարություններից հետո ընդունեցին, որ բանակցային սեղանին նման հարց ամեն դեպքում առկա է։
Այսպիսով՝ նման դեպքերը, որոնց շարքը կարելի է անվերջ թվարկել, ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ գուցե մի օր էլ Երևանի սրտում՝ Կոնդում ադրբեջանական թաղամաս կստեղծվի։ Նման կերպ խաղաղության դարաշրջան տանող ճանապարհին Հայաստանի իշխանությունները կազատվեն նաև մեր երկրում ապաստան գտած արցախցիների որոշ խմբերից և նրանց հետ կապված խնդիրներից՝ թեկուզ այն գնով, որ փոխարենը մայրաքաղաքի սրտում ադրբեջանցիներով բնակեցված թաղամաս կլինի։
Հուսանք, որ հիշյալ վատթարագույն սցենարն իրականություն չի դառնա, և գոնե այս անգամ ՀՀ իշխանությունների հերքումները կհամապատասխան իրականությանը, քանի որ Հայաստանի ցանկացած բնակավայրում ադրբեջանցիների բնակեցումը լուրջ խնդիրներ կստեղծի մեր երկրի ազգային անվտանգության, ինչպես նաև հետագա կենսունակության և պետականության պահպանման համատեքստում։
Դավիթ Գույումջյան