Երևան +11°
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 20:30 23-02-2024

Բանակցային իմիտացիա. Ադրբեջանը շահագրգռված է բացառապես երկկողմ բանակցություններով

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։ Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ։

Հատկանշական է, որ Ադրբեջանն իր առաջարկները փոխանցեց Հայաստանին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։ Այս իրողությունը որոշ փորձագետների թույլ տվեց ենթադրել, որ Բաքուն վերադարձել է ԵՄ միջնորդությամբ բանակցությունների անցկացմանը, որից տևական ժամանակ էր, ինչ հրաժարվում էր։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը չհամաձայնեց այս պնդման հետ՝ նշելով, որ Ադրբեջանը ոչ մի կերպ շահագրգռված չէ ունենալ բանակցությունների այլ հարթակ, քան Հայաստանի հետ ընթացող երկկողմ բանակցություններն են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նման կերպ ձգտում է հերթական անգամ արևմտյան ուժերին կամ խմբերին ցույց տալ, որ ինքը պատրաստ է Հայաստանի հետ հնարավոր խաղաղությանը, սակայն ՀՀ-ն դա չի ցանկանում։

Դավթյանը շեշտում է՝ եթե այս ամենին հավելենք նաև պարբերաբար Ադրբեջանի կողմից սահմանային կրակոցները միակողմանիորեն մեկնաբանվում են, թե, իբր Հայաստանն է խախտել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև ՀՀ օկուպացված տարածքների վերաբերյալ Ալիևի հայտարարություններն առ այն, որ իրենք ոչ մի պարագայում չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ, ապա Ադրբեջանի իրական մտադրությունները պարզ են դառնում։ «Ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմը Հայաստանի հետ խաղաղություն չի ցանկանում, դա չակերտավոր խաղաղություն կլինի այն դեպքում, երբ ՀՀ-ի դեմ ռազմական հարձակում և տարածքների օկուպացում, ինչպես նաև միջանցքի բացում կիրականացվի, ինչից հետո Հայաստանն ուզած-չուզած Ադրբեջանի առաջ քաշած բոլոր պահանջները կկատարի։ Հետևաբար սա խաղաղություն անվանելը մեղմ ասած ծիծաղելի է»,- ասաց նա՝ նկատելով, որ Ադրբեջանը բանակցությունների իմիտացիա է ստեղծում։

Հարցին՝ բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալո՞ւմ է, թե՞ Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է տապալել այն, Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ բանակցությունների սկզբից ի վեր շատ բաներ մեզ համար անհայտ ու անհասկանելի են և անգամ կանխատեսումներ հնարավոր չէ անել։

«Երբ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժեց, խոսվում էր այն մասին, ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեին մեր երկրի սուվերեն տարածքներից, բայց գիտենք, որ ադրբեջանական կողմը այդ տարածքներից դուրս չի գալիս, խոսվում էր այն մասին, որ զորքերը պետք է հայելային կերպով հետ քաշվեին, այդ խոսակցությունն էլ ամբողջովին հօդս ցնդեցվեց, խոսվեց նաև, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է միմյանց սպառազինությունների նկատմամբ վերահսկողություն ունենան, որը կրկին հօդս ցնդեցվեց։

Այսինքն՝ Ադրբեջանից հնչող բոլոր պահանջները կատարվում են՝ դա կլինի անկլավների հարցում, որը սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում ակտիվորեն քննարկվում է, և այլն։ Ուստի ասել, որ Ադրբեջանը կարող է որևէ ձևով Հայաստանի հետ խաղաղության եզրեր ձգտել, դա համարում է կեղծիք և հայ հասարակությանը մոլորեցնելու ոչ թե հերթական, այլ հիմնական արդեն մշակված փորձը»,- նկատում է նա։

Ադրբեջանագետի համոզմամբ՝ խնդիրն այն է, թե բանակցություններում հայկական կողմին ով է ներկայացնում, ՀՀ-ն ինչպիսի ռազմական ու դիվանագիտական ներուժ ունի այս փուլում, որը բնականաբար չունի։ Նա կարծում է՝ նման իրավիճակում ակնհայտ է, որ Ադրբեջանը ճնշումների միջոցով ստանալու է այն ամենը, ինչին պատմականորեն ձգտել է։ Նրա խոսքով՝ այն բոլոր թեզերը՝ հատկապես տարածքային պահանջները, որոնք առկա են ադբեջանական դասագրքերում, ներկայումս կիրառվում են Հայաստանի վրա։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե բանակցային գործընթացի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաշվի առնելով, որ վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի նա Ալիևին հորդորել էր ՀՀ-ի դեմ ագրեսիայից խուսափել։ Ի պատասխան՝ Գառնիկ Դավթյանը նշեց, որ չի հավատում նման հորդորներին, քանի որ Թուրքիան Հարավային Կովկասից հայկական գործոնը վերացնելու հարցում ամենաշատը շահագրգռված դերակատարն է, ուստի այն «գթասրտությունը», որը պարբերաբար ներկայացվում է, նպատակ ունի հասարակության տրամադրությունների վրա ազդել։

Ադրբեջանագետը կարծում է, որ այս տարի նոր ռազմական էսկալացիան շատ հավանական է, ընդ որում դա կլինի լոկալից ավելի մեծ մասշտաբներով։ Նա նշեց՝ չի կարող հստակեցնել, թե դա երբ և ինչ չափերով տեղի կունենա, սակայն ամենայն հավանականությամբ ագրեսիան կլինի հարավային ուղղությամբ, քանի որ ամենաթույլը պաշտպանված սահմանային գոտին հարավում է, այնտեղ դիրքային առավելությունը թշնամու ձեռքին է, դիրքերում կանգնած են 50 և ավելի մեծ տարիքի մարդիկ, ովքեր ֆիզիկապես չեն կարող այն առաքելությունը, որը զինված ուժերում ծառայող զինծառայողները կարող էին անել։

Հետևաբար սահման ասվածը մի փոքր ուռճացված է, որովհետև սահմանապահ եզրույթը չի ենթադրում միայն զենք ու զինվոր, այն ենթադրում է նաև պատրաստված բանակ, իսկ հատկապես հարավային հատվածում պատրաստված բանակ չկա։ Ներքին Հանդի միջադեպը օրինակ, երբ բոլոր զոհերը երկրապահի ներկայացուցիչներ էին, այնտեղ շարքային զինծառայող կամ սպայական կոչում ունեցողներ չկային»,- ասաց նա։

Գառնիկ Դավթյանը հավելեց, որ միտումնավոր կերպով սահմանային գծերը թուլացվում են, սահմաններում ակնհայտորեն այնպիսի «բարեփոխումներ» են կատարվում, որպեսզի Ադրբեջանի համար ներթափանցելն ավելի հեշտ լինի։ Նա ասաց, որ մամուլում տարածվող նման տեղեկություններն ավելի շատ քարոզչական բնույթ են կրում, և դրանց պետք չէ հավատալ։

«Նորից նշեմ՝ դա նպատակ ունի Թուրքիան որպես բարի, փափուկ և սպիտակ ներկայացնել, իսկ արդյունքնում գիտենք, որ Հարավային Կովկասից հայկական գործոնի վերացումն առհասարակ հայկական հարցի փակում է նշանակում, իսկ դրանով ոգևորված է, և դրոշակը ձեռքին առաջ է շարժվում Թուրքիան՝ օգտագործելով Ադրբեջանի բոլոր հնարավոր ռեսուրսները»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան