Գերիների վերադարձի հարցում ՌԴ-ն կարող է ճնշել Ադրբեջանին
copy image url

Գերիների վերադարձի հարցում ՌԴ-ն կարող է ճնշել Ադրբեջանին

Ներքին 1 տարի առաջ - 20:00 19-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանում պահվող հայ գերիների թեման շարունակում է առայսօր ակտուալ մնալ, քանի որ ադրբեջանական կողմը նրանց նկատմամբ տարբեր շինծու քրեական գործեր է հարուցել և հրաժարվում է վերադարձնել Հայաստանին։

Օրերս էլ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել էր՝ ՀՀ-ն ակնկալում է, որ ՌԴ-ն ջանքեր կգործադրի հայ գերիներին վերադարձնելու համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար։ Արշակյանի խոսքով՝ Հայաստանը վճռական է և ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար:

Oragir.News-ը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ հիմքով ինչ կարող է անել ՌԴ-ն հայ գերիներին ազատելու և ՀՀ վերադարձնելու համար։ Պատգամավորն ի պատասխան նշեց՝ հայ գերիներին վերադարձնելու հարցում իրենց դիրքորոշումը պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմամբ։

Աղազարյանն ընդգծեց, որ այդ հայտարարությամբ, որպես կողմ և միջնորդ, Ռուսաստանն իր վրա բավականին շատ պարտավորություններ է վերցրել։ «Իմ կարծիքով՝ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը հենց այդ համատեքստում է»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախում մշակութային արժեքների պաշտպանությանը՝ իշխանական պատգամավորն ասաց, որ դա յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության ու մարդու անձնական որակների հարցն է։ «Ուստի հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա բավականին սերտ հարաբերությունները՝ ՌԴ-ն կարող է իր մեխանիզմներով փորձի ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի կանխի նման վանդալիզմի ակտերը»,- կարծում է նա։

Հարցին, թե հայկական կողմն ուրիշ ինչ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի գերիների վերադարձի խնդրում առաջընթաց արձանագրվի՝ իշխանական պատգամավորը պատասխանեց, որ բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործվում են, և այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել։ Նրա խոսքով՝ այս հարցում որևէ նոր բան առաջ քաշելը շատ դժվար է։

Պատգամավորից նաև հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունները, որոնց շնորհիվ դեկտեմբերին 32 հայ գերիներ ազատ արձակվեցին, ինչին ի պատասխան նա նշեց, որ կարևորում է երկկողմ բանակցությունները և առաջիկայում նույնպես այդ ձևաչափով հանդիպումներ կլինեն։ Նրա համոզմամբ՝ նման հանդիպումները շատ ավելի արդյունավետ են, քանի որ կողմերն իրենց մոտեցումներն արտահայտելու և ընդհանուր եզրեր գտնելու հարցում ավելի անկաշկանդ են լինում։

Աղազարյանը նշեց, որ եթե չի սխալվում, առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ինչ վերաբերում է այս հանդիպումից իր ունեցած ակնկալիքներին, ապա իշխանական պատգամավորն ասաց, որ բոլոր դեպքերում հանդիպումները, շփումները ու բանակցությունները շատ կարևոր են՝ այսօր գոյություն ունեցող կնճռոտ խնդիրները լուծելու համար։ Նա հավելեց՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում բազմաթիվ նման կնճռոտ խնդիրներ կան։

Դավիթ Գույումջյան