Ուղղորդված մանիպուլյացիայի չենթակված ժողովուրդը խաղաղության կողմնակից է, դեմ է պատերազմին։ Պատերազմի հավանականության մասին լուրն անգամ նրան անհանգստություն ու տագնապ է պատճառում։ Երբ պատերազմի հավանականության մասին խոսում է վերլուծաբանը, ապա ժոովուրդն այնքան չի վախենում, քանի որ վերլուծաբանը խնդրին վերաբերվում է ուսումնասիրողի հետաքրքրությամբ։ Բոլորովին այլ է, երբ պատերազմի սպառնալիքի մասին խոսում է պետության ղեկավարը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս դեպքում ժողովորդի անհանգստությունը կարող է վերածվել տագնապի, որը բացասական հետևանք կարող է ունենալ պաշտպանության կազմակերպման հարցում։
Կառավարության փետրվարի 15-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով գուժեց, որ իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ չբարեկամը մտադիր է ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այսպես պաշտոնապես ազդարարվեց, որ պատերազմի հավանականությունն իրական է։
Պարզ չէ, թե ինչ վերլուծության մասին է ակնարկում վարչապետը։ Կա՞ ԱԱԾ-ի վերլուծություն հիմնված հետախուզական տվյալների վրա։ Կամ կա՞ դաշնակից երկրների հետախուզության տրամադրած տվյալների վրա կատարված վերլուծություն։ Եթե այդ մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում և գործողություններում, ապա ի՞նչ վերլուծության մասին է խոսքը։ Կամ ինչու չեն ընթերցվում նաև Բաքվի դաշնակից Մոսկվայից ամեն օր հնչող հակահայկական ելույթներն ու հայտարարությունները։ Չէ՞ որ ՀՀ-ի դեմ հավանական ագրեսիայի շահառու է նաև ՌԴ-ն, որը վերջին շրջանում հաճախ է կրկնում Սյունիքի միջանցքը վերահսկելու նկրտման մասին։
Հանրային խոսույթում կարծիք է շրջանառվում, թե Փաշինյանն այս հայտարարությամբ պատերազմի անոնսն է անում։ Փորձագետները կարծում են, թե Փաշինյանը փորձում է ահազանգել միջազգային հանրությանը։ Միաժամանակ՝ իրազեկում է ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդի ազատության համար կռվելու պատրաստ մարդկանց, ինչպես նաև պատերազմից փախչող փոքրոգիներին։ Այս առումով հավանական է, որ առաջիկա օրերին ԵԿՄ-ն և կամավորական մյուս կազմակերպությունները հանդես կգան պատերազմի վտանգի վերաբերյալ հայտարարություններով, որոնք գուցե կբարձրացնեն ժողովրդի մարտական ոգին, կմեղմեն հանրային տագնապը։
Չնայած արտաքին քաղաքական և պաշտպանական հայեցակարգերը մնացել են նույնը, միջազգային իրավապայմանագրային հիմքերն՝ անփոփոխ, այնուամենայնիվ լավատեսական հույս կա, որ ՔՊ-ական իշխանությունը չի կրկնի նույն սխալները, որոնք հանգեցրել են նախորդ պարտություններին։ Ամենախոցելի կետը ՀՀ-ի ռուսական կողմնորոշումն է արտաքին, պաշտպանական և անվտանգային հարցերում։ Գուցե՝ ՔՊ-ական իշխանության վախեցած ու կեսբերան ակնարկներն այս ոլորտներում քաղաքականություն փոխելու մտադրության մասին թույլ չտան չբարեկամներին կրկնել նույն սցենարը։
Ամեն դեպքում՝ իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Քաղաքական համայնքը պիտի համատեղ ուժերով փորձի կանխել հավանական ագրեսիան։ Այս առումով կա ընդհանուր ըմբռնում, որ Փաշինյանի ակնարկած պատերազմը հնարավոր է հետաձգել խորհրդարանական արտահերթ ընտրություններով։ Հաշվի է առնվում միջազգային բարոյական այն նորմը, որ ընտրությունների նախընթաց շրջանում պետությունները պարտավորվում են կոնֆլիկտներ չունենալ, չազդել ընտրությունների անկաշկանդ ընթացքի վրա։ ՔՊ-ական իշխանությունն արդեն հայտարարել է Սահանադրության փոփոխություն անելու մտադրության մասին։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին սահմանադրական հանձնաժողովը կհայտարարի նոր սահմանադրության տեքստի պատրաստ լինելու մասին։ Դրանից հետո ԿԸՀ-ն կհայտարարի հանրաքվեի օրը, իսկ ընդդիմությունը՝ «Ոչ»-ի համախմբում ստեղծելու մասին։ Փաստացի կսկսվի նախընտրական գործընթացը։ Այսպես հնարավոր կլինի մի քանի ամսով հետաձգել հավանական պատերազմը։
Թաթուլ Մկրտչյան