Փետրվարի 14-ը կմնա ՀՀ քաղաքացիների հիշողության մեջ։ Վահան Քերոբյանը հրաժարական տվեց, քաղաքացիներին վիրավորելով, նրանց դիմելով՝ Հայաստանի Հանրապետության բնակիչներ։ Այսպիսի դիմելաձև կար խորհրդային բռնազավթման տարիներին, երբ Հայաստանն անկախ չէր, մարդիկ քաղաքական և քաղաքացիական իրավունքներ չունեին, ընդամենը՝ բնակիչներ էին։
Վահան Քերոբյանը կհիշվի հավակնոտ նախագծերով, որոնցից ամենահայտնին այսպես կոչված՝ Չոր նավահանգիստն էր, որի անվան իմաստը քաղաքացիների մեծ մասն այդպես էլ չհասկացավ։ Սկզբում այն նախատեսված էր Հյուսիս-հարավ միջազգային առևտրային ճանապարհի խցանումները կարգավորելու նպատակով։ Հետագայում այն տեղավորվեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Այսինքն՝ դրանից կարող են օգտվել ռուս-թուրքական առևտրային ճանապարհով ապրանք փոխադրողները։ Եվ հիմա, երբ Քերոբյանը հրաժեշտ է տվել պաշտոնին, անհայտ է նաև Չոր նավահանգստի ճակատագիրը։
Նրա ամենազավեշտալի հայտարարությունը վերաբերում էր զբոսաշրջության եռանիշ աճին։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ տուրիստների շարժը կանգ էր առել։ Համաճարակի մեղմացումից և մարդկանց առաջին մեծ հոսքից հետո նա ուրախությամբ հայտարարեց, որ 319% աճ է կանխատեսում, ինչը համընդհանուր ծիծաղ առաջացրեց։
Տակավին պարզ չէ նրա հեռանալու պատճառը։ Շրջանառվող վարկածներից առաջինն առնչվում է նրա գլխավորած նախարարությունում տեղ գտած կոռուպցիոն վերջին սկանդալին, որում կասկածվում է փոխնախարար Անի Իսպիրյանը։ Նկատենք, որ օրեր առաջ լրագրողների ուղիղ հարցին, թե նա մտադի՞ր է այս սկանդալով պայմանավորված հրաժարական տալ, Վահան Քերոբյանը հայտարարեց, որ չի պատրաստվում։ Հետևապես ենթադրելի է, որ կա այլ պատճառ, որը գաղտնի է պահվում։
Գյուղատնտեսության քայքայման հարցում մեծ է ՔՊ-ական իշխանությունների ներդրումը։ Ցորենի մշակմամբ զբաղվողները, խաղողագործները, անասնապահները բազմաթիվ բողոքի ցույցեր են արել։ Իսկ գյուղատնտեսական հավակնոտ նախագծերի մի մասը չի իրականացել չարաշահումների պատճառով։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ինտեսիվ այգիների հիմնման ծրագրի հետ կապված չարաշահումներ են բացահայտվել։ Պարզվել է, որ հարկատուների միջոցներից մեծ գումարներ են հատկացվել այգիներ տնկելու համար։ Բայց որոշ ժամանակ անց մոնիթորինգը պարզել է, որ այդ տեղում ոչ մի այգի չկա։ Այս չարաշահման մասին բարձրաձայնեց նաև Նիկոլ Փաշինյանը։ Ենթադրելի է, որ հրաժարականը կապված է այս դեպքի հետ։
Հիշենք նաև, որ Վերին Լարսի ճանապարհի պարբերական և կամայական փակման դեպքերի առնչությամբ ՔՊ-ականները խրոխտ հայտարարում էին, թե կարող են ՌԴ-ից բացի այլ շուկաներ ու ճանապարհներ գտնել։ Հավանաբար՝ նախարար Քերոբյանը չի արդարացրել նրանց ակնկալիքները, բավարար ջանասիրաբար չի աշխատել նոր շուկաների և նոր ճանապարհների բացման ուղղությամբ։ Իսկ վերջին օրերին ռուսներն արգելեցին ջերմուկի ներմուծումը, ակնարկելով, որ կարող են արգելքը տարածել հայկական մյուս ապրանքների վրա։ Ենթադրելի է, որ նրանց պահանջով է հրաժարական տվել Քերոբյանը։ Այսինքն՝ ՔՊ-ն Քերոբյանին մատաղ է արել հայ-ռուսական հարաբերությունների հաջողության համար։
Կա նաև հանրային մտահոգություն։ Արդյո՞ք Քերոբյանին փոխարինողը զավեշտալի հայտարարություններ կանի, կզվարճացնի ՀՀ բնակիչներին, խիզախորեն կփորձի իրագործել ՔՊ-ական՝ խելացի անասնագոմերի, ոչխար պահելու, անգլերենի պարտադիր իմացությամբ մոշ աճեցնելու, «դաշտից պատառաքաղ» վերահսկվող ճանապարհի և նման խորթ նախագծերը։ Չի բացառվում, որ տնտեսությունն ու Քերոբյանի սիրելի ՀՀ բնակչությունն ավելի վատ վիճակում հայտնվեն, իսկ չարաշահումներն աճեն։ Հաշվի առնելով ՔՊ-ական խաչմերուկային ուղեգիծը, չի բացառվում նաև, որ փոխարինողը էապես փոխի ՀՀ մտնող արևմտյան փողերի ուղղությունները։ Եթե հաշվի առնենք նաև, որ Քերոբյանն աշխատանքային կենսագրությունը սկսել է HSBC-Հայաստան բանկից, որը Արևմուտքից ու Եվրոպայից եկող դրամական հոսքերի հիմնական խողովակն էր ու փակվելու է առաջիկա ամիսներին, ապա ենթադրելի է, որ նոր նախարարը կլինի Արդշինբանկի կադրը։
Թաթուլ Մկրտչյան