Երևան +21°
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 18:15 14-02-2024

Ադրբեջանին միջազգային ատյաններում հնարավոր է պատժել, բայց ՀՀ-ի քայլերը բավարար չեն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հերթական սադրանքն իրականացվեց, որի հետևանքով զոհվեցին 4 հայ զինծառայողներ։ Բացի այդ, ևս 1 զինծառայող ստացել է աջ ձեռքի նախաբազկի շրջանի հրազենային վիրավորում, ներկայումս նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (չորս դրվագ) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 8-րդ և 15-րդ կետերով: Հաղորդվում է, որ ներկայումս կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։

Oragir.News-ը փաստաբան Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել դեպքի առթիվ ներպետական մակարդակով հարուցված այս վարույթից։ Ի պատասխան փաստաբանը նշեց, որ կարգն է այդպիսին, նման միջադեպերից հետո պետք է քրեական վարույթ նախաձեռնվի և քննություն իրականացվի։

«Բնականաբար սա թշնամու կողմից կատարված սպանություն է, մենք ոչ մի ազդեցություն չունենք՝ գործողությունը կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Ամեն դեպքում կարգն այդպիսինն է՝ տեղի է ունեցել հանցագործություն, և համապատասխան մարմինները պարտավոր են նախաձեռնել քրեական վարույթ»,- ասաց նա։

Հարցին, թե ուրիշ ի՞նչ տարբերակներ կան նմանատիպ իրավիճակներում թշնամուն պատասխանատվության ենթարկելու համար՝ Արսեն Բաբայանը պատասխանեց, որ դա հնարավոր է իրականացնել միջազգային դատական ատյանների միջոցով։ Նա միևնույն ժամանակ ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն ինքն իրեն պաշտպանելու ճանապարհով չի գնում։

Արսեն Բաբայանն ընդգծեց, որ միջազգային դատարաններ ասելով նկատի ունի նաև Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, որը Հայաստանը վերջերս վավերացրել է։

«Եթե մենք կարողանայինք միջազգային դատական ատյաններում մեր իրավունքները պաշտպանեինք որպես պետություն, ապա կարող էինք հաջողության հասնել։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, հետևաբար, ցավոք սրտի այս առումով հաջողություններ չեմ սպասում»,- ասաց նա։

Դավիթ Գույումջյան