Ուղիղ եթեր
Փաշինյանը մարդկանց վարակում է խայտառակ բարդույթներով
copy image url

Փաշինյանը մարդկանց վարակում է խայտառակ բարդույթներով

Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:50 06-02-2024
Վատ մարդ չկա, կա վատ դաստիարակված մարդ։ Այս ասացվածքը կիրառում են մարդկային արժեքներ սերմանելու, հանրային պատկերացումներն առողջացնելու պատասխանատուները՝ ծնողները, մանկապարտեզի դաստիարակները, դպրոցի ուսուցիչները, հոգևոր և աշխարհիկ իշխանությունները միասին և փոխլրացնելով։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը օրեր առաջ կազամակերպված «Ինչպես դուրս գալ այս իրավիճակից» թեմայով հանրային մի քննարկման ժամանակ նշել է, որ ժողովուրդն իր մասին սխալ պատկերացում ունի։ «Հայ ժողովուրդը ամենախայտառակն է, հիվանդ, բուժման կարիք ունեցող, բայց իրեն առողջ համարող։ Մինչև հայը չհասկանա, որ ինքը հիվանդ է, ոչ մի ձև չի բուժվելու։ Մենք մեր կարծրատիպերի ստրկության մեջ ենք»,- ասել է նա։

Սրբազանի՝ դառնությամբ լի հանդիմանանքը հանրային լայն արձագանք է ստացել հոգեբանների, հանրային գործիչների կողմից, սակայն պակաս ուշադրության են արժանացել ակնարկված կարծրատիպերը, որոնք մեզ ստրկության մեջ են պահում։ Ի՞նչ կարծրատիպերի ստրկության մեջ է ժողովուրդը։ Ովքե՞ր են հյուսել այդ կարծրատիպերը։ Հնարավո՞ր է կոտրել դրանք, ազատագրել ժողովրդին և առողջացնել նրա պատկերացումներն իր, հայրենիքի, աշխարհի վերաբերյալ։

Ստրկացնող կարծրատիպերը կարելի է դասակարգել 3 խմբի՝ քաղաքական, մշակութային և քաղաքակրթական։ Քաղաքական կարծատիպերից ամենակոշտը վերաբերում է անկախությանը և հայ-ռուսական հարաբերություններին։ Մարդկանց մի մասը չի պատկերացնում՝ ինչ է անկախությունը, չի հավատում, որ ՀՀ-ն անկախ է։ Մարդկանց թվում է, թե ՀՀ-ն դեռ կախում ունի Ռուսաստանից։ Վերջին շրջանում էլ տարածվել է դրա ընդլայնված տարբերակն, ըստ որի՝ ՀՀ-ն, իբր՝ կախում ունի ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից և Ադրբեջանից։ Այս կարծրատիպը կարող է կոտրել ՀՀ իշխանությունը, կատարելով նպատակային քայլեր ՀՀ անկախությունն ամրացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ կարող է ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը։

Մշակութային կարծարտիպերից ամենաանտրամաբանականը ազատ քննադատության հանդեպ հանրային արհամարհանքն է։ Քննադատներին չեն հարգում ոչ միայն ընթերցողները, հանդիսատեսները, այլև ստեղծագործողները։ Այս է պատճառը, որ նոր ստեղծագործությունները չեն արտացոլում պետության, հասարակության, առավել ևս՝ մարդկության խնդիրներն ու հավակնությունները։ Քննադատության բացակայության հետևանքով մշակույթը դիսցիպլինար չի զարգանում, իսկ տաղանդավոր ստեղծագործողները հոսում են լավ երկրներ։ Այս կարծրատիպը հնարավոր է կոտրել քննադատին էջեր ու ասպարեզ տրամադրելով, մշակութային նորությունները՝ նոր գիրքը, ֆիլմը երգը և այլն, քննադատությամբ արժևորելու կամ խոտանելու հիմնավորում սահմանելով։

Քաղաքակրթական կարծատիպերից ամենաբութը Եվրոպայի հանդեպ զզվանքն է, որը տարածում են ու դարձնում քաղաքակրթական արժեքները մերժելու հիմք։ Քանի որ ազատությունը, հավասարությունը դրված նաև մեր օրենսդրության հիմքում, ապա արժեքները մերժողներն ակամա կամ կամա հայտնվում են օրենքի հակառակ կողմում։ Այսպիսով՝ այս կարծրատիպն ամենաավերիչն է։ Այն կոտրելու համար ազատության, հավասարության, եղբայրության արժեքները պետք է հայացնել, դրանց վերաբերյալ երգեր, գրքեր գրել, նկարել ֆիլմեր, կտավներ, ստեղծագործական միտքը սևեռել արժեքների վրա, որոնց վրա հետո կառուցել հին ու նոր աշխարհների հետ ներդաշնակության գաղափարը։ Եվրոպական երկրներ այցելելու ռեժիմը պարզեցնելը ևս մեծ նշանակություն կունանա այս կարծրատիպից ազատվելու հարցում։

Ստրկացնող կարծրատիպերը ձևավորվել են խորհրդային բռնազավթման տարիներին, թարմացվել 90-ականներին ռուսական գործակալների, ժխտման հիվանդությամբ տառապողների ջանքերով։ Ժողովրդի հասցեին վատ բաներ ասելը կարող է վիրավորել շատերին, սակայն բավարար չէ ստրկացնող կարծրատիպերը կոտրելու ու ժողովրդին ազատելու համար։ Դրանք կոտրելու համար աշխարհիկ և հոգևոր իշխանությունները պիտի միասին, տքնաջան աշխատեն, մշակեն ճանապարհային քարտեզ ու նպատակային քայլեր կատարեն։ Ցավոք, աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին «կռվացրել են», նրանք դեռ անհաշտ են։

Հարկ է նկատել, որ ստրկացնող կարծրատիպերի կողքին կան նաև ինքնաճանչման, ազգային կարծրատիպեր, որոնք պետք է պահպանել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացաբար կամ միտումնավոր փորձում է կոտրել ոչ թե ստրկացնող, այլ ինքնաճանաչման կարծրատիպերը։ Այդպիսով՝ չի նպաստում սոցիալ-հոգեկան առողջությանը, այլ մարդկանց վարակում է պարտվածի, շարունակ ցեղասպանվողի, հուսահատ գոյապայքարողի, կարմիր շորերով թիրախի, հաճույքով խաբվողի, ողբերգական էշի, ոչ պետական ժողովրդի և այլ խայտառակ ու հիվանդագին բարդույթներով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել