Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 ամիս առաջ - 12:15 02-02-2024

Կույս մնալու արվեստը. ով է կոռուպցիոն սկանդալի պատասխանատուն

Նիկոլ Փաշինյանը զավեշտալի դրության մեջ է հայտնվել։ Նա ավելի շատ իշխանություն է ուզում, զավթում ամեն ինչ՝ բուհերի ղեկավար պաշտոններից մինչև դատական իշխանություն, ԿԸՀ, բայց խուսափում է պատասխանատվությունից։ «Հնարավորինս՝ շատ իշխանություն, բայց զրո պատասխանատվություն»։ Թերևս՝ այսպես կարելի է ձևակերպել Փաշինյանի կառավարաման սկզբունքը, որով պատկերավոր ասած՝ հնարավոր է հաճույք ստանալ, բայց կույս մնալ։

Հունվարի 31-ին ԱԱԾ-ն բերման ենթարկեց Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին, որն այնուհետև ձերբակալվեց։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նա կասկածվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ։ Արդյո՞ք Անի Իսպիրյանը միայնակ և ինքնագլուխ է կատարել կոռուպցիոն հանցանքները։ Թե՞ այդ ամենի մեջ պատասխանատվության բաժին ունեն նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քորոբյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քանի դեռ նախարարն ու վարչապետը խոստովանանքներով լույս չեն սփռել այս սկանդալի վրա, հանրային խոսույթում շրջանառվում է երկու վարկած։ Առաջինով ենթադրվում է, որ սա դավադրություն է ՀՀ կառավարությունը հեղինակազրկելու, կոռուպցիայի մեջ թաթախված լինելու պատկեր ստեղծելու նպատակով։ Անի Իսպիրյանը, նախքան փոխնախարար նշանակվելը, սովորել է Մոսկվայում, հետո մի քանի տարի աշխատել ՌԴ կառավարության տարբեր գերատեսչություններում որպես բիզնես վերլուծաբան, փորձագետ և, ենթադրաբար՝ ունեցել է կապեր ՌԴ պետական բարձր շրջանակների հետ։ Հաշվի առնելով, որ Կրեմլի որոշ պաշտոնյաներ առերևույթ դժգոհություն են հայտնում Նիկոլ Փաշինյանի և Արևմուտքի հարաբերությունների զարգացումից, ենթադրելի է, որ կոռուպցիոն այս սկանդալը ռուսներն են բացահայտել, հուսալով, որ Արևմուտքը, տեսնելով այս պատկերը, կզզվի, չի ուզենա ՀՀ կոռումպացված իշխանության հետ խորացնել հարաբերությունները, և ՀՀ-ն ստիպված կվերադառնա Մոսկվայի գիրկը։

Երկրորդ վարկածով՝ ենթադրվում է, որ Անի Իսպիրյանը չարաշահել է իշխանությունը վերադասի գիտությամբ, նրան մուծվելու պարտավորությամբ։ Բայց ինչ-որ տեղ «գցել է»։ Այդ մասին իմացել է Փաշինյանն ու կարգադրել պատժել փոխնախարարին։ Վերջինս կմնա ձերբակալված այնքան ժամանակ, մինչև նրա ընտանիքն ու ընկերները կվճարեն փրկագինը, մոտավորապես՝ այն գումարը, որը պիտի մուծվեր ժամանակին։ Նկատենք նաև, որ Անի Իսպիրյանը ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ») տնօրենների խորհրդի նախագահն է և նրա ձեռքի տակով շատ մեծ փողեր են անցնում։ Եվ ասեկոսե կա, թե նրա հետապնդումը կապված է նաև այս պաշտոնում նոր մարդու նշանակման հետ։

Անկախ ասեկոսեներից, վարչապետն ու նախարարն ուղղակի պատասխանատու են կատարվածի մեջ։ Քանի որ ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական երկիր է, ապա նախարարը հրաժարական պիտի տա, որ չխախտվի ներքին խաղաղությունը, անվտանգային սպառնալիք չծագի։ Գուցե՝ ՔՊ-ական իշխանությունները չունե՞ն այսպիսի մտահոգություններ։ Գուցե՝ թյուրիմացաբար կարծում են, թե կոռուպցիոն սկանդալը ոչ միայն չի խախտի ներքին խաղաղությունը և չի ստեղծի անվտանգային սպառնալիք, այլև, նույնիսկ, չի հարվածի Փաշինյանի հեղինակությանը։ Պատկերավոր ասած՝ «հաճույք ստանալու, բայց կույս մնալու» հնարքը կօգնի հաղթահարել նաև այս սկանդալի հետ կապված հանրային լարվածությունը։

«Կույս մնալու» մղումը վտանգավոր հետևանքներ է ունենում ժողովրդի համար։ Կեղծ տպավորություն է ստեղծվում, որ փոխնախարարները սխալվում, են, բայց վարչապետն անսխալական են, «հավերժ կույս»։ Այս առումով՝ մտահոգիչ է, որ խաղաղության մասին շատ խոսող ՔՊ-ական իշխանությունը գործուն քայլեր չի անում հավանական արտաքին ագրեսիան չեզոքացնելու, արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ։ Եվ եթե կրկին պատերազմ սկսվի, ինչի մասին ահազանգում են նաև արևմտյան գործընկերները, ապա Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, դարձյալ չի ընդունի, որ իր քաղաքականության արդյունքում եղավ այդ աղետը։ Առավելագույնը՝ մի քանի տարի անց մեծ դահլիճում բարձր և ուղիղ կխոստովանի, որ «անվտանգության և այդ համակարգերի բանաձևերի մասին մեզանում եղած պատկերացումները աղետալի խաղ խաղացին մեր գլխին»։

Թաթուլ Մկրտչյան