Փաշինյանը վտանգավոր շեշտադրումներ է անում. Մայիսի 1-ն ի՞նչ տոն է
copy image url

Փաշինյանը վտանգավոր շեշտադրումներ է անում. Մայիսի 1-ն ի՞նչ տոն է

Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:40 01-05-2024
Նիկոլ Փաշինյանի մայիսմեկյան ուղերձում կան կոպիտ սխալներ, մակերեսային մոտեցում, խտրական վերաբերմունք։ Երկրի ղեկավարը նաև աղավաղել է տոնի անվանումը, որը սահմանված է օրենքով։

Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում հստակ նշված է՝ «Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր»: Սակայն Փաշինյանի ուղերձում տոնը դարձել է «Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օր»։ Ինչո՞ւ է Փաշինյանը խախտել օրենքը և տոնի անվան մեջ կամայական ավելացրել «աշխատավորների համերաշխության միջազգային» բառերը։ Ենթադրելի է, որ նա պարզապես իրեն պատկերացնում է օրենքից վեր։ Այսպիսի բան չի լինում նույնիսկ հակաժողովրդավարական երկրում, որտեղ բռնապետը կամայականորեն կարող է փոխել կամ վերաշարադրել օրենքը։

Մեկ այլ ենթադրությամբ՝ այսպիսի օրինախախտմամբ՝ Փաշինյանն ակնարկում է, որ ինքը խորհրդրային միությունն ու նրա կարգախոսները վերականգնելու ջատագով է։ Խորհրդային բռնազավթման տարիներին աշխատավորների միջազգային համերաշխությունն արտահայտվում էր «Պրոլետարնե՛ր, բոլոր երկրների միացե՛ք» կարգախոսով։

Փաշինյանի ուղերձի հաջորդ վտանգավոր շեշտադրումը աշխատողների նկատմամբ խտրական վերաբերմունքն է։ Տարեցների կամ հաշմանդամների նկատմամբ խտրականությունը ժողովրդավարական երկրներում համարվում է մարդու իրավունքների խախտում։ Ամենալավատեսական ենթադրությամբ հնարավոր չէ Փաշինյանի ուղերձում աշխատավորների համերաշխության գաղափարի նշույլ գտնել։ Հակառակը՝ կա մերիտոկրատական ժամանակավրեպ կաղապար, ինչն աշխարհում մերժվել է տասնամյակներ առաջ։ Իսկ ներառականության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը վիրավորական է հատկապես հարյուր հազարավոր մարդկանց համար, որոնք երիտասարդ չեն, բնածին հաշմանդամ են կամ վերջին պատերազմների ժամանակ հաշմանդամ են դարձել և աշխատաշուկայում մրցունակ չեն։

Ժողովրդավարական երկրներում այսպես չէ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում երկրի աշխատողներին միավորում են բարիք ստեղծելու առաքելության շուրջ։ Բոլոր աշխատողները համարվում են բարիք ստեղծողներ, անկախ ստացած եկամտի չափից, պաշտոնից, զբաղմունքից։ Միլիոնատիրոջն ու բանվորին միավորող այս առաքելությունը հասարակական համերաշխության յուրօրինակ տանիք է դառնում։ Սակայն Փաշինյանի ուղերձում այս առաքելության, Արևմուտքում տարածված աշխատանքի փիլիսոփայության այլ հիմքերի, և ընդհանրապես՝ աշխատավորների համերաշխության որևէ հիմքի մասին ոչինչ չկա։

Փոխարենը կան կրթության մասին բազմաթիվ շեշտադրումներ։ Այստեղ նա արդեն լիակատար ձախողակ է (louser)։ Ինչպես ասում են՝ «Շաքար ասելով, բերանդ չի քաղցրանում»։ Նախընթաց 6 տարիներին կրթության որակի բարձրացման ցուցիչներ չկան։ Սովորողների առաջադիմության ընդհանուր աճ չի նկատվումը։ Հակառակը՝ կան խայտառակ սխալներով դասագրքեր, որոնց դեմ հանրային բողոքի է բարձրանում։

ՔՊ-ական քարոզիչները ցանկացած առիթով հասարակական պառակտում են հրահրում՝ սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, լավ ապրողների և վատ ապրողների, տարածք հանձնելու կողմնակիցների և ընդվզողների միջև։ Փաշինյանի մայիսմեկյան ուղերձով էլ շեշտադրումն արված էր աղքատների վրա, նրանց առանձնացնելով հանրության մյուս անդամներից։ Սա արդեն հարված է արժեհամակարգին։ Սա հավասարության արժեքի ոտնահարում է։ Փաշինյանի ուղերձից տպավորություն ես ստանում, թե աշխատանքը միայն աղքատներին է վերաբերում։ Կարծես՝ կրթությունն ու աշխատանքը միայն աղքատությունը հաղթահարելու համար են։ Այսպիսի ակնարկներ կարող է անել քաղաքական կրթություն չստացած, հակաքաղաքակրթական պատկերացում ունեցող մարդը։

Ամփոփելով, նկատենք, որ Փաշինյանի խոսքում սխալ շեշտադրումները գնալով շատանում են և ստեղծում մտավախություն, որ առաջիկա բախտորոշ իրավիճակներում նա կարող է ոչ համարժեք որոշումներ ընդունել և նոր փորձությունների ենթարկել հանրությանը։

Թաթուլ Մկրտչյան