Երևան +11°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 3 ամիս առաջ - 19:00 31-01-2024

ՀՀ-ին ճնշելու լրացուցիչ առիթ. երբ Ադրբեջանում են հուշարձաններ պղծվում, ՌԴ-ն լուռ է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում Լենինգրադի պաշարված երեխաների հուշարձանի միջադեպի առիթով։ Նա գերատեսչության կենտրոնական աշխատակազմին հանձնարարել է փաստով քրեական գործ հարուցել և ՌԴ ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ պարզել պատահածի բոլոր հանգամանքները։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանը։ Նա ծաղկեպսակներից պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով տեսանյութը։

Oragir.News-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց՝ կան երկրներ, որոնք նման քրեական գործեր հարուցելու ունիվերսալ հնարավորություն ունեն։ Նրա խոսքով՝ նման մի քանի օրինակներ կան, սակայն Ռուսաստանի Դաշնությունն այն պետությունը չէ, որը կարող է իրավունքի գերակայության սկզբուքնով ղեկավարվել, կամ հատկապես ՌԴ իրավապահ մարմինների գործունեության հիմքում մարդասիրական արժեքներն ընկած լինեն։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը նման քրեական գործ հարուցելու ոչ մի իրավունք չունի։ Դա ավելի շատ ունի քաղաքական նպատակներ. ինչ-որ առիթ են փնտրում՝ Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշումների շարքում ևս մի գործիք ավելացնելու համար։ Երբ Չարդախլու գյուղում, Բաքվում, կամ Ադրբեջանի այլ տարածքներում երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների կիսանդրիներն էին ոչնչացնում ու պղծում, իսկ ՌԴ-ն իրեն համարում է Խորհրդային միության իրավահաջորդը, նույն ջանադրությամբ չէր արձագանքում»,- ասաց նա։

Սաքունցի համոզմամբ՝ ակնհայտ է, որ այս քրեական գործը քաղաքական ենթատեքստ և ուղղածություն ունի։ Նա նշում է, որ ինքնին քրեական գործի հարուցումը երկրի ներքին գործերին միջամտություն չի համարվում, սակայն քրեական գործի հարցումը ծառայեցվում է որպես գործիք՝ դիվանագիտական, միջպետական հարաբերություններում, ինչպես նաև քաղաքական հարթակներում օգտագործելու համար։

«Ռուսաստանի Դաշնության տարածքում տարբեր երկրների հուշարձաններ կան, որոնք պղծվում են, այդ դեպքերով քրեական գործեր հարուցվո՞ւմ է, ո՛չ, չեն հարուցվում։ Նույն ուկրաինական ժողովրդի, կամ պետության հետ կապված հուշարձաններ կան, դրանց պղծման դեպքերով ՌԴ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում»,- ասաց նա։

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ՌԴ-ում Նժդեհի գերեզմանը, Արցախում հայկական եկեղեցիներն ու հուշաձանները պղծելու փաստերով նույնպիսի քրեական վարույթներ հարուցել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՀՀ-ն արդեն Արդարադատության միջազգային դատարանում մի քանի բողոքներ ներկայացրել է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը բողոքներ պետք է ներկայացնի նաև Արցախի պատմական հուշարձանների ոչնչացման փաստերի հիման վրա։

Սաքունցը հավելեց, որ Հայաստանը կարող է ներպետական ընթացակարգերով նմանատիպ քրեական գործեր հարուցի։ «Երբ հակառակորդի կրակոցի հետևանքով մարդ է սպանվում, քրեական գործ է հարուցվում՝ էթնիկ ատելության հիմքով։ Այո՛, այս դեպքերում Հայաստանը նույնպես պետք է և կարող է քրեական գործեր հարուցել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան