1995-ին զինադադար էր, կռիվ չկար։ Բանակից շատ զինվորներ էին ուղեգրվում զինվորական հոսպիտալներ, որոնց մի մասն ազատվում էր բանակից։ Այս իրավիճակը կասկածի տեղիք էր տվել։ Ասում էին, թե նախարարը բարկացել է ու պահանջել, որ յուրաքանչյուր ուղեգրման մասին անձամբ իրեն զեկուցեն բոլոր մանրամասներով։ Ռազմաբժիշկներն էլ չէին ուղեգրում, ոչ ոք չէր ուզում Վազգենի կասկածն ու բարկությունն իր վրա թափվի։ Աշնան վերջին ուղեգրումները գրեթե դադարեցին, հոսպիտալներում շատ քիչ թվով զինվորներ էին բուժվում։ Նախարարի և ռազմաբժիշկների լարվածությունը տևեց երկու ամիս։ Իրավիճակը փոխվեց 1996-ի հունվարին, երբ մի զինվոր, ժամանակին պատշաճ բուժում չստանալով, մահացավ թոքաբորբից։ Հանրային աղմուկ բարձրացավ։ 1996-ի փետրվարից նախարարը փոխեց վերաբերմունքը, և առողջական խնդիր ունեցող զինվորը պատշաճ կարգով ուղեգրվում ու բուժում էր ստանում։
18 տարի անց նույն կասկածով, կարծես՝ վարակվել է Նիկոլ Փաշինյանը։ Պորտֆել, մանդատ չունեցող ընդդիմախոսը, լրագրողը կարող են ստույգ տվյալ կամ տեղեկատվություն չունենալ ժողովրդի առողջության կամ բանակում տիրող կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, իրենց խոսքը կառուցել ենթադրությամբ կամ կասկածով։ Սակայն Փաշինյանը, որը վաղուց լրագրող կամ ընդդիմադիր չէ, ամենամեծ ծավալի ինֆորմացիայի կրողն է երկրում, բացահայտ կասկածում է բժիշկների ու զինվորականների ազնվությանը։
«Առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ: Սա կա՛մ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կա՛մ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը»,- ասել է նա հունվարի 28-ին բանակի օրվա տոնական միջոցառման ժամանակ։
ՔՊ-ում հավանաբար՝ գիտեն, որ պետության գոյության իրավունքը կասկածի տակ դնողն ամենամեծ թշնամին է, որին ոչնչացնելը քաղաքացու սրբազան պարտքն է։ Վարչապետի այս ծանր մեղադրանքով լի կասկածից հետո առողջապահության և պաշտպանության նախարարները պիտի հրաժարական տան, եթե քաղաքական ինքնասիրություն ունեն։ Պետք է ցրվեն ռազմաբժշկական հանձնաժողովները, պաշտոնանկ արվեն զինկոմները, պոլիկլինիկաների տնօրենները։ Եթե Փաշինյանը ժողովրդի առողջության մասին ստույգ տվյալներ ստանալու, զինկոմների աշխատանքի թափանցիկությունը ստուգելու բավարար լծակներ ու գործիքներ չունի և ստիպված է ենթադրություններ անել, ապա պիտի ինքը հրաժարական տա, կրկին դառնա լրագրող և քննադատի իշխանություններին, հուսալով, որ կգնան իր խոսքի հետևից ու ինչ-որ բան կփոխվի երկրում դեպի լավը։ Իսկ քանի որ հրաժարականներ չկան, ապա այս խոսքով սոսկ հողմաղաց է հորինվում, ու դրա դեմ պայքարի է պատրաստվում նետվել ու ջարդուփշուր անել հնարամիտ իդալգոն։
Պարզ ասած՝ Փաշինյանի հայտնած թունդ կասկածի հիմքով տպավորություն կստեղծվեն, թե լուրջ զբաղվում են բանակի խնդիրներով, հավելյալ սարսափ կտարածեն զինվորականների ու բժիշկների շրջանում։ Այնքան կքայքայեն զինկոմների նյարդերը, որ նրանք ազատման դիմում կգրեն։ Իսկ հետո կլուծարվեն զինկոմիսարիատներն ու ռազմաբժշկական հանձնաժողովները։ Դրանց տեղերում արհեստական բանականությամբ սարքեր կհարմարացնեն, որոնք համակարգչային տոմոգրաֆիայով կզննեն զինակոչիկին, կլրացնեն նրա տվյալները։ Եթե ԱԲ-ն պարզեց, որ զինվորն առողջական խնդիր ունի, ապա կուղեգրի հոսպիտալ։ Իսկ առողջներին կուղարկի համապատասխան զորամաս, ժամկետային ծառայության։
Եվ ամենակարևորը՝ 2025 թվականի Հունվարի 28-ին նույն դահլիճում Փաշինյանը հաղթական դեմքով կհայտնի, որ զինկոմիսարիատների լուծարումից հետո հրաշք է տեղի ունեցել՝ առողջական խնդիր ունեցող զինակոչիկների թիվն էապես կրճատվել է։ Փոխարենը՝ բազմացել են ծառայել չցանկացող քաղաքացիները, որոնք չեն էլ ներկայանում զինկոմիսարիատ, գանձապետական հաշվին վճարում են օրենքով սահմանված փրկագինն ու ազատվում ծառայությունից։
Թաթուլ Մկրտչյան