Ուղիղ եթեր
Մեդալ է պետք՝ կտանք. վաղը Հունվարի 28-ն է
copy image url

Մեդալ է պետք՝ կտանք. վաղը Հունվարի 28-ն է

Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:00 27-01-2024
Բանակի օրն ասոցիացվում է տղամարդկության հետ, իմաստավորվում հաղթանակներով, իսկ պարտությունն ու կորուստը հիշելիս, վրեժով լցնում ռևանշիստների սրտերը։

Բանակի օրվա առթիվ շնորհավորանքներն այս տարի, հավանաբար, կլինեն համեստ։ Չեն խոսի բանակի արդիացման, պաշտպանական ամրությունների, կարողությունների, դիրքերի ամրացման աշխատանքների, սպառազինություններ ձեռք բերելու մասին։ Այս թեմաները լռության կմատնեն ոչ թե պետական գաղտնիքի, այլ էական ձեռքբերումների սղության պատճառով։ Հունվարի 28-ն, ինչպես միշտ, կսկսվի Եռաբլուրից, նահատակների շիրիմներին այցելությամբ։ Նրանց հիշատակը փառաբանելով էլ կավարտեն սիրելի բանակի օրվան նվիրված ուղերձները։

Հաշվի առնելով, որ անցած տարի, կարծես՝ ընդլայնվել է ՀՀ գործընկերների շրջանակը պաշտպանական և անվտանգային հարցերում, ենթադրելի է, որ անդրադարձ կկատարվի նաև դրան։ Իրականում՝ ՀՀ-ՆԱՏՕ գործակցության արդյունքներից միակ նկատելին համազգեստի ՆԱՏՕ-ական չափորոշիչներն են ու Չեխիայում ՀՀ դեսպանությունում ռազմական կցորդի նշանակումը։ Չկա տեղեկատվություն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու, առաջիկայում համատեղ զորավարժությունների անցկացման մասին։ Ֆրանսիայից մի խումբ սպառազինություն ստանալուց բացի նույնպես որևէ տեղեկատվություն չկա։ Ակնկալիք կա, որ նախագահի և վարչապետի ուղերձներում ՀՀ սահմանները հայ զինվորներով պահելու, ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս բերման անհրաժեշտության մասին կխոսվի կամ, առնվազն՝ կկիրառվի դիվերսիֆիկացիա բառը որպես ակնարկ, որ ռուսական զորքերի դուրս հրավիրման գործընթաց են սկսել։

Հիշենք, որ հետպատերազմյա ճգնաժամի շրջանում Նիկոլ Փաշինյանը 6-ամսյա ծրագիր ներկայացրեց, որի կետերից մեկը վերաբերում էր բանակի արդիացմանը։ Հարությունն ակնկալում էր, որ արդիացումը տեղի կունենա ՆԱՏՕ-ական չափանիշներով, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի աջակցությամբ։ Բայց անցած երեք տարում արդիացման հարցում էական առաջընթաց չի նկատվել։ Ինչպես որոշ ժամանակ առաջ էին բանակի մասին քննադատությունը կառուցում «մայկա-տռուսիկի» թեմայի շուրջ, այնպես էլ այսօր են արդիացումը ներկայացնում ՆԱՏՕ-ական չափորոշիչներով ընտրված համազգեստի տեսքով։

Տոնական տրամադրության վրա ստվեր են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հանիրավի կալանավորված մնալու հանգամանքը, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումները։ Հավելյալ տխրություն է հաղորդում նաև բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը։ Այս շարքում ամենաողբերգականը անցած տարի Ազատ գյուղում տեղի ունեցածն էր։ Իսկ վերջին պատերազմներում տված հազարավոր զոհերի կորստի վիշտը խունկի պես դեռ մխում է շատերի սրտերում։ Ավելի ցավալի է այն, որ Արցախի ազատության համար պայքարի վերաբերյալ ՔՊ-ի հակատրամաբանական քարոզչության հետևանքով մարդիկ արդեն չեն հասկանում, թե ինչի համար նահատակվեցին իրենց հայրերը, եղբայրներն ու որդիները։

Բանակի օրը լավ առիթ է, որ պաշտպանական քաղաքականություն որոշողները հայեցակարգային դիրքորոշում հայտնեն, որպեսզի ժողովրդի և աշխարհի համար պարզ լինի, թե որոնք են ՀՀ պաշտպանական խնդիրները, առաջնահերթությունները, հավակնությունները, կարմիր գծերը և այլն։ Կարծիք կա, թե տոնական ուղերձներում շեշտը կդրվի ՔՊ-ի պատկերացրած խաղաղության վրա, կնշվի, որ բանակի նոր առաքելությունը այդ օրակարգը սպասարկելն է։ Բայց քանի որ ադրբեջանական զորքերը դեռ ՀՀ տարածքում են, Արցախը դեռ օկուպացված է, իսկ Ադրբեջանը ՌԴ-ի և Թուրքիայի հետ միասյին պատրաստվում են նոր ագրեսիայի, ապա Հունվարի 28-ին խաղաղության օրակարգի մասին խոսքը կարող է որպես հեգնանք ընկալվել, իրականության արհամարհանք, պատրանք։

Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունն այս տարի ևս չի կարողանա տոն դարձնել Հունվարի 28-ը, քանի որ զինվորականության նկատմամբ վերաբերմունքը մնում է իրականությունից և տրամաբանությունից կտրված, «Մեդալ է պետք՝ կտանք» բանաձևի շրջանակում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին