Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 25-01-2024

ԱԳՆ-ն չգիտի՝ ո՞րն է ազգային շահը, ո՞վ կլինի ՀՀ անվտանգային դաշնակիցը

ՀՀ-ն ոչ թե անվտանգային գործընկեր է փնտրում, այլ պասիվ արձագանքում է Հայաստանի անվտանգային կարիքները լուծելու վերաբերյալ գործընկերների առաջարկություններին։ Երբեմն նույնիսկ՝ չի էլ արձագանքում։ Օրինակ՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևին ԱԳՆ-ն չարձագանքեց։ ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին Ադրբեջանի լիազորությունները մեկ տարով կասեցնելու որոշմանը ԱԳՆ-ն, ենթադրաբար, նույնպես չի արձագանքելու։ Տպավորություն է, թե ԱԳՆ-ն չգիտի՝ ո՞րն է ազգային շահը։

Կա՞ն պետություններ, որոնք կարող են լինել մեր հավանական դաշնակիցները։ Լրագրողի պարզ հարցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սպառիչ պատասխան չտվեց հունվարի 23-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ, ընգծելով միայն, որ մեր դաշնակցային գործող ամրագրված մեխանիզմները որևէ կերպ չարդարացրին։

ԱԳ նախարարը, հավանաբար՝ նկատի ուներ ռուսական դոմինանտությամբ գործող ՀԱՊԿ-ը, որը փաստացի գոյություն չունի։ Հայ-ռուսական, այսպես կոչված՝ ռազմավարական գործընկերությունը չի արդարացրել հայ ժողովրդի սպասելիքները։ Ադրբեջանի կողմից մեր դեմ պատերազմների և ագրեսիաների ժամանակ ՌԴ-ն աջակցել է ագրեսորին, չի ճանաչել ՀՀ ինքնիշխան իրավունքների և սահմանների խախտումները։ Բացի ՌԴ-ից, ո՞ր պետությունը կլինի ՀՀ դաշնակիցը։

Պաշտպանական հարցերում ՀՀ գործընկերներ կարող են լինել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրոպական երկրները, Իրանը, Հնդկաստանը և այլն։ Նրանց հետ գործակցությունը դանդաղ տեմպերով ընդլայնվում է։ Եթե ՔՊ-ական իշխանությունն, իրոք՝ անվտանգային դաշնակից է փնտրում, ապա կարող է քաղաքակրթական ընտրություն կատարել, նախապատվություն տալ Արևմուտքին և լուծել անվտանգային կարիքները։ Օրինակ՝ երբ ՌԴ-ն սանձազերծեց ագրեսիա Ուկրաինայի դեմ, Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք ավանդաբար չեզոքություն էին պահպանում, ցանկություն հայտնեցին անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այսինքն՝ Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգային հարցերը լուծելու համար երկար չփնտրեցին դաշնակից, միանգամից դիմեցին ՆԱՏՕ։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված բազմաթիվ երկրներ նույնպես անվտանգային կարիքները լուծելու համար անդամակցել են ՆԱՏՕ-ին։ Մի շարք երկրներ էլ սպասում են ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտին, որ դրանից հետո ձևավորվող նոր աշխարհակարգում որոշեն իրենց անվտանգային գործընկերներին։ Այս շարքում տեսականորեն դասվում է նաև Հայաստանը։ ՔՊ-ական իշխանությունը սկզբունքայնություն, համոզմունքներ չունի, մերժում է իզմերը, 2018-2021-ին ծայրահեղ ռուսամետ քայլեր էր անում։ Ռուսների հաղթանակից հետո կարող է կրկին ծայրահեղ ռուսամետ կուրս վարել։ Իսկ եթե Մոսկվան պարտվի, ապա ՔՊ-ն արևմտամետ քայլեր կանի, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի։ Այսպես կավարտի դաշնակցի փնտրումներն, ու գուցե՝ որոշ ժամանակ կայուն խաղաղություն ապահովվի մեր տարածաշրջանում։

Ուշագրավ է, որ ԱԳ նախարարը հաշվետու ասուլիսում շրջանցեց արտաքին քաղաքականության հայեցակարգի խնդիրը, չհստակեցրեց, թե որոնք են արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Այդքան շատ քննարկված արտաքին քաղաքական տեսլականի մասին ոչ մի խոսք չասաց։ Նույնիսկ չնշեց, թե որոնք են ազգային շահերը արտաքին քաղաքականության ասպարեզում։ Փոխարենը՝ հավելյալ ապացուցեց, որ ՔՊ-ական իշխանությունը վարում է արձագանքման մարտավարություն՝ միայն արձագանքում է միջազգային իրավունքի սուբյեկտների առաջարկություններին, հնարավորինս խուսափելով պատասխանատվությունից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան
17:52 Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին