Հունվարի 24-ը հայ ականավոր բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Պարույր Ղազարյանի՝ Պարույր Սևակի տարեդարձի օրն է: Այսօր նշանավոր բանաստեղծի 100-ամյա հոբելյանն է:
Oragir.News-ը զրուցել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:
- Պարոն Նիկողոսյան, ի՞նչ հետաքրքիր ու հասարակությանը անհայտ փաստեր և իրադարձություններ կարող եք ներկայացնել Սևակի կյանքի և ստեղծագործության մասին:- Ինքս Սևակի կյանքը խորությամբ չեմ ուսումնասիրել, որովհետև դրա համար կան նաև պատճառներ. Սևակի արխիվն ամբողջովին լայն բացահայտված չէ հանրության համար, այդ թվում՝ ուսումնասիրողների համար: Սևակի արխիվը պահպանվում է իր ժառանգների մոտ և լայն ուսումնասիրության առարկա չէ: Իսկ ընդհանուր առմամբ, գնահատելով Սևակի կյանքը, գործունեությունը, կասեմ, որ ինքնին էպոխալ կյանք ու կենսագրություն է, որովհետև համընկնում է մեր ժողովրդի կյանքի շատ կարևոր, բախտորոշ ժամանակահատվածների հետ: Ըստ ամենայնի՝ Սևակն այս բոլոր շրջաններում շատ կարևոր և ակտիվ մասնակցություն է ունեցել: Սևակը նաև մեր այն գրողներից է, որի մասին շատ են հուշեր գրվել, կա հուշագրական մեծ ժառանգություն բոլոր այդ հետաքրքիր փաստերի, մանրամասների, անգամ խիստ անձնական, սիրային կապերի, հարաբերությունների մասին, որոնք բոլորն էլ հրապարակված են և ընթերցողներին բավական հայտնի են: Այդ թվում կարող եմ նշել Հովիկ Չարխչյանի գրքերը՝ «Սուլամիթա. Սևակի մեծ սերը», «Սևակի մահվան առեղծվածը», գրագիտական գրքեր՝ սկսած՝ Ալբերտ Արիստակեսյանի «Պարույր Սևակ», վերջացրած՝ Դավիթ Գասպարյանի «Պարույր Սևակ» մենագրությունից, Սեյրան Գրիգորյանի «Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան» մենագրությունից: Շատ են շոշափվել հարցեր նաև Սևակի գրագողության վարկածի վերաբերյալ, որի մասին Սեյրան Գրիգորյանը գրած գիրք ունի՝ «Պարույր Սևակ. արձագանքող անտառը»:
Կարծում եմ, որ մեծ հաշվով Պարույր Սևակի կյանքը ոչ թե գաղտնիքներով պարուրված է, որ քիչ հայտնի բաներ պատմենք, այլ պարզապես մեր հասարակության գիտակցության մեջ մի փոքր շատ է միֆականացված, քան իրականում պետք է լինի, ինչպես բնորոշ է տվյալ տեսակի անհատներին: Այլ հարց է, որ Սևակի թողած ժառանգությունը իսկապես կարիք ունի ուսումնասիրման՝ ավելի համակարգված ներկայացնելու, միֆերից զերծելու իրեն, որովհետև դրանք ավելի շատ խանգարում են նրա իրական կերպարի ներկայացմանը, հանրայնացմանը: Դրանով պիտի նախևառաջ զբաղվեն գիտնականները: Հիմա իր թոռը՝ գրականագետ Սևակ Ղազարյանը, բավական շատ գործ անում է այդ առումով, Սեյրան Գրիգորյանն է զբաղվում, Դավիթ Գասպարյանն էր մի պահ զբաղվում շատ ակտիվ: Բայց մենք կարիք ունենք նոր, թարմ մտքի, մոտեցման, որ Սևակին նայի ոչ թե սովետական կաղապարների մեջ՝ որպես ազատախոհ գրողի, այլ գնահատի իր ստեղծագործությունը նախևառաջ, որովհետև մենք, այդ կաղապարներից ելնելով, տրաֆարետային մոտեցում ունենք իր հանդեպ, որը ճիշտ չէ: Իրականում նա ավելի մեծ բանաստեղծ է, քան ներկայացվում է: Թեպետ ներկայացվելով թվում է՝ մեծ բանաստեղծ է, բայց իրականում ինքն ավելի մեծ է: Սևակն իր ամենալավ բանաստեղծություններով չէ հայտնի մեր հանրությանը. հայտնի է շատ լավ, բայց, գուցե, շաբլոն բանաստեղծություններով, պատկերացումներով, որին մենք պետք է ավելի մոտիկից ծանոթանանք: Հուսամ՝ 100-ամյակի հոբելյանական իրադարձությունները այդ առումով ինչ-որ փոփոխություններ կբերեն:
- Այս ի՞նչ սեր էր, որ այդչափ պարուրել էր Սևակին: Այսօր կարո՞ղ ենք խոսել իր ներկայացրած սիրո մասին: Կա՞ նման բան:- Ես չգիտեմ սեր, որ արդիական չէ: Հազարամյակներ առաջ գրված սիրային տողերն էլ մեր օրերում արդիականության խնդիր չունեն: Այլ հարց է՝ ինչպես են դրսևորվել Սևակի սիրերգության ձևերը, արդյոք դրանք այսօրվա երիտասարդների մտածողության մեջ հնչո՞ւմ են նույն կերպ: Մեր քնարերգության մեջ՝ հատկապես սիրային բանաստեղծության մասով, ոչ մեկը, հատկապես՝ ջահել տղաների ու աղջիկների համար այդքան իրենց սրտից չի խոսում, ինչքան Պարույր Սևակը: Սա էլ ունի իր պատճառները: Սևակի սերը բանաստեղծության մեջ ավելի շատ տառապողի, մեռնողի, մերժումից ու տառապանքից հաճույք ստացողի սեր է, որը բնորոշ է բոլոր ջահելներին, հատկապես որ իրենց սիրո մեջ նրանք ավելի շատ այսօր հաճույք են ապրում հենց տառապանքից: Այս առումով՝ Սևակի սիրերգությունը շատ հարմար է: Թեպետ այստեղ էլ մի պարադոքս կա. Սևակի սիրային լավագույն բանաստեղծությունները գրվել են 40-ից հետո, երբ ինքը հասուն, բազմաթիվ կանանց հետ եղած, բազմաթիվ սիրո տառապանքներով անցած տղա էր: Երիտասարդական խռովքը, տառապանքը կա իր պոեզիայի մեջ: Մանավանդ մի շատ կարևոր հատկանիշ էլ ունի, որ ձևակերպումային է: Ինքը սիրում է ձևակերպումներով բանաձևել իր սրտի խոսքը, իսկ քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որը նաև կարելի է բնորոշել ֆեյսբուքյան, որի ամենաբնորոշ գիծը ստատուսներն են, Սևակից շատ կարելի է ստատուսներ քաղել: Կարծում եմ՝ իր պոեզիայի հաջողություններից մեկն էլ հենց բանաձևելն է:
- Ի՞նչ կարծիք ունեք այսօր հայ դասականներին, այդ թվում՝ Սևակին հանրահռչակող նախաձեռնությունների ու նախագծերի մասին, որ արտահայտվում են երաժշտության, նկարչության, քանդակագործության միջոցով: Դրանք արդյոք ճի՞շտ են արվում:- Իմ գործունեության ոլորտը և իմ բնույթն այնպիսին է, որ ցանկացած բան, որ միտված է արվեստը զարգացնելուն, հանրահռչակելուն, միանշանակ, ողջունում եմ, առավել ևս այն դեպքերում, երբ միջառարկայական կապեր կան՝ գրականությունը՝ համադրված երաժշտության հետ, քանդակագործության հետ: Իհարկե, մենք այսօր մի քիչ անճաշակ ժամանակներում ենք ապրում նաև, որովհետև ամեն ինչ ազատ է, մարդիկ ամեն ինչ կարող են իրենց թույլ տալ, և երբեմն չգիտես՝ արդյոք հասարակության ճաշակը կհամընկնի քոնի հետ: Այն ամենը, ինչ ճաշակով է, ողջունում եմ: Մանավանդ եթե Սևակից մի պահ հեռանանք և Գոռ Սուջյանի երգերը հիշենք Տերյանի, Չարենցի բառերով, դրանք շատ սիրուն են, որոնք կարևոր են ու պիտի արվեն: Բայց դեպքեր եղան, որ նասկիների վրա, շապիկների վրա սկսեցին տպագրել. դա ռաբիս բան է: Իհարկե, դրա պահանջարկը հաստատ կարող է լինել, բայց ես կարծում եմ, որ արվեստը, գրականությունը կամերցիայի առումով օգտագործելիս միշտ ձգտել է պետք անել ավելի էլիտար խավերի համար, ոչ թե նման լուծումներով:
- Որքանո՞վ էր իրականում ճակատագրական Սևակի վաղաժամ մահը: Կա՞ կարծիք այն մասին, որ վթարը չլինելու դեպքում այսօր կխոսեինք լրիվ ուրիշ Սևակի մասին, որ ավելի ծավալուն ժառանգություն կմատուցեր իր հետնորդներին և հետևորդներին:- Բնականաբար, ավելի ծավալուն կլիներ: Մենք դրա մասին կարող ենք լոկ դատողություններ անել՝ հենվելով կյանքի վերջում ստեղծած գործերի վրա, հուշագրական մանրամասների վրա: Մի բան պարզ է. գրականագիտական տեսակետից՝ Սևակը փոխելու էր իր ոճը: Իմ կարծիքով՝ բոլորովին այլ որակի բանաստեղծ էր դառնալու․ բնականաբար, ավելի մեծ, ավելի հասուն: Մեր պոեզիան նաև ուրիշ կերպ գարգացում կապրեր, քանի որ Սևակի ազդեցությունը մեր պոեզիայի վրա շատ մեծ էր այն ժամանակ: Չարաբաստիկ վաղաժամ մահը եկավ և կերպարի առասպելականացման սկիզբը դրեց. փաստ է, որ եթե մի գործչի կերպարը շատ է միֆականացված, ազդեցությունները շատ են լինում, որոնք միշտ չէ, որ բարձր որակի են: Մենք, ցավոք, հատկապես Սևակի մահից հետո ունեցանք հեկտարներով բանաստեղծություններ՝ գրված հայերեն, որոնք կապիկություն էին: Եթե մի փոքր չոր գնահատական տամ այս առումով, կասեմ, որ Սևակի վաղաժամ մահը վնասեց նաև մեր պոեզիային. ոչ միայն, որ ինքը չհասցրեց շատ բաներ ստեղծել, այլ նաև իր մահը սկիզբ դրեց ինչ-որ մի գրամոլության ցածր մակարդակի բանաստեղծությունների հեկտարներին, որ, ցավոք, տարիներով իշխում էին մեր բանաստեղծության մեջ, որոնց հետքերը հիմա էլ կան:
- Ամփոփելով զրույցը՝ փորձենք պարզել, թե որոնք են առաջին ասոցիացիաները Սևակի հետ Ձեր գիտակցության մեջ:- Առաջին հերթին, բնականաբար, դրանք տողերն են: Ես երիտասարդ տարիներին շատ տարված եմ եղել իրենով և ամբողջ սիրերգությունը անգիր գիտեմ: Սևակի անունը իմ երիտասարդական հուշերում առաջնահերթ ասոցացվում է իր սիրային ընտիր բանաստեղծությունների հետ:
- Ո՞ր բանաստեղծությունը կհիշատակեք այս պահին: - Այսպես չե՜ն սիրում:
Այսպես... մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փտում են հին նավակները ծովախորշերում...