Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:50 22-01-2024

Ասաց՝ հա, լավ ու անջատեց. պարեկն առանց անձը ճշտելու այլ անձի անունով խախտում է գրանցել

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Թորոսյանը իր էջում գրառում է կատարում՝ դիմելով ՀՀ ոստիկանությանը, որտեղ անդրադառնում է իր անձին առնչվող խնդրի:

Oragir.News-ը փորձեց պարզել՝ ինչ պատմություն է իրականում տեղի ունեցել և ինչպիսի գործելակերպ է իրականացվել ՀՀ ոստիկանության կողմից: Քաղաքացի Վազգեն Թորոսյանը որոշում է ստուգել նախորդ տարվա ՃԵԿ խախտումները և պարզում է, որ կա խախտում, որից ինքը տեղյակ չէ. «Roadpolice.am կայքում, ինչպես հայտնի է, երևում են վարորդների բալերը, այն, թե ինչ մեքենա է շահագործվել, մեքենայի տիրոջ համար էլ երևում է՝ ով է այն շահագործում, հնարավոր է շահագործող ավելացնել, հանել ու տեսնել բոլոր խախատումները, որ կատարվել են, եթե մուտք ես անում որպես վարորդ: Ես իմ ամբողջ վարորդական կարիերայի ընթացքում ունեմ 1 խախտում, հետևաբար հեշտ էր տեսնելը, որ ևս մեկով ավելացել է: Նամակ-ծանուցում չեմ ստացել, որովհետև ենթադրվում է՝ այդ ակտը անձամբ տվել են նրան, ով իմ անունից է ներկայացել: Զարմացա, որ տեսա ավելացած խախտումս, որից հետո նկատեցի, որ մեքենան իմը չէ. այլ մակնիշի մեքենա է: Եվ առհասարակ՝ այդ օրը ես քաղաքում էլ չեմ եղել. սա էլ առանձին պատմություն է: Չեմ կարող ասել՝ ինչպես են մեքենան կանգնեցրել, տուգանել ուրիշ մեկին իմ անուն-ազգանունով»:



Քաղաքացու խոսքով՝ սկզբում մտածել է, որ տեսախցիկի տուգանք է, որովհետև պատահում է, որ դիմացի մեքենայի խախտման համար պատահաբար հետևի մեքենայի համարները ֆիքսվեն, բայց մեքենան իրենը չի եղել:

«Սկզբում ՃՈ դիմեցի, որտեղից փոխանցեցին, որ ակտը իրենք չեն գրել, այլ տուգանել է պարեկը: Ըստ իրենց տեսակետի՝ անձամբ կանգնեցրել են ինձ ու տուգանել: Դեպքը Փիրումյան փողոցում է եղել: Մտածեցի, որ գուցե մեկը ինձ՝ որպես շահագործողի է ավելացրել: Բայց պատմության դաշտում տեսա, որ ոչ ոք չի ավելացրել, բացի այդ՝ ես իմ մեքենայից բացի ոչ մեկի մեքենան չեմ քշում»:

Հաջորդ քայլով՝ քաղաքացին նամակ է գրել Պարեկային ծառայությանը, որով խնդրել է մեկնաբանել եղելությունը: «Իրենց մոտից զանգեց իգական սեռի մի ներկայացուցիչ, որը, առանց ներկայանալու, ասաց, որ ակտի համար է զանգել: Զանգը 091-ով համարից էր: Ասաց, որ խախտումը իմը չէ, տեխնիկական սխալի արդյունք է: Ներողություն չխնդրեց ու կոպիտ ասած՝ ասաց, որ «թեթև տանեմ»: Իր ասածի իմաստն այն էր, որ ոչ բալ եմ կորցրել, ոչ գումար եմ կորցրել, ինչո՞ւ եմ անհանգստանում»:



Ավելի ուշ՝ հեռախոսազանգն անջատելուց հետո, քաղաքացին նորից կապվել է նույն հեռախոսահամարին՝ արտահայտելով իր անհամաձայնությունը:

«Ես էլ իրենց հայտնեցի, որ համաձայն չեմ իրենց այն գնահատականի հետ, որ խնդիր չկա. խնդիրն այն է, որ ես չեմ ուզում՝ խախտումը արձանագրված լինի իմ անունի վրա: Նա չշարունակեց անգամ խոսքս լսել և հարցրեց՝ որն է ուզածս: Պահանջեցի ջնջել խախտումը: Ասաց՝ հա, լավ ու անջատեց»:

Վազգեն Թորոսյանը երեկոյան ստուգել է պաշտոնական նամակը, որտեղ տեսել է հետևյալը. «Գրված էր, որ այդ կինը զանգել է ինձ, զրուցել հետս, ես էլ խնդրել եմ, որ նամակը թողնենք անհետևանք, ծանուցում չուղարկեն: Բայց ես նման բան չեմ խնդրել, ավելին՝ երկրորդ նամակն եմ գրել, որով իրենցից պահանջում եմ ծառայողական քննություն իրականացնել, գրավոր պատասխանել, հեռախոսով ինձ հետ կապ չհաստատել, որպեսզի հետո չփոխվեն իմ մտքերը»:



Քաղաքացին, չսպասելով պատասխանի, զանգել է նույն հեռախոսով հետ. «Կապվեցի իրենց հետ, վերցրեց մեկ ուրիշ տիկին ու ասաց, որ իրենց մոտ ծրագիր չկա, որ ինքը չի կարող ինչ-որ հարցով օգտակար լինել, տվեց այլ հեռախոսահամար, որին պատասխան չեղավ: 1-02 էլ զանգեցի, չվերցրին: Արդեն նման երկրորդ դեպքն է, որ միանգամից չեն պատասխանում ու հետո են կապվում»:



Քաղաքացին զանգից հետո կրկին նամակ է ուղարկել: «Հասկացա, որ զանգելն անիմաստ է ու որոշեցի նամակ գրել, որում նշեցի, որ եթե այս նամակիս էլ նախորդի նման արձագանքեք, այլ պաշտոնավոր անձանց եմ դիմելու, այդ թվում՝ Կառավարությանը, ոստիկանապետին, վարչապետին»:

Oragir.News-ի այն հարցին, թե այժմ նամակի ինչ պատասխան է սպասում, քաղաքացին ասաց. «Սպասում եմ, որ ներողություն խնդրեն, որ ընդունեն իրենց սխալը, նամակում էլ գրված չլինի, որ հրաժարվել եմ ընթացք տալուց, երբ նման բան չեմ ասել, ու վերջապես՝ ջնջվի խախտումն իմ անունից: Եթե տեղին համարեմ, բնականաբար, նաև դատական գործընթացների եմ դիմելու»: