Խաղաղության օրակարգի մասին դատողությունները վերացական են։ Հայտնի չէ, թե որն է օրակարգի առաջին կետը, երկրորդը, երրորդը, և երբ կամ որերորդ կետից հետո է սպառվելու օրակարգը։ Հայտնի է, որ ՔՊ-ի կողմից խաղաղության օրակարգն իրականացնելու ընթացքում պետությունն ու ժողովուրդը ունեցել են դժբախտություն, նահանջ ու կորուստ։ Այս էին մատնացույց անում ԱԺ պատգամավորները հունվարի 17-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին։
Չնայած՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին ԱԺ-ում ևս մեկ անգամ վերահաստատեց, որ խաղաղության օրակարգից չեն հրաժարվելու, սակայն հստակություն չկա, թե ինչ օրակարգի մասին է խոսքը։
«Մենք Ադրբեջանի տրամաբանությամբ չենք հռչակել խաղաղության օրակարգ, մենք մեր տրամաբանությամբ ենք այն հռչակել, իհարկե այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործողություն չէ։ Եթե օրինակ՝ Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք դրանից, ընհակառակը՝ կարող է մենք ավելի շատ շեշտադրումներ պետք է անենք, ավելի շատ պետք է փաստարկենք»,- շեշտեց նա հարցուպատասխանի ժամանակ։
Մեջբերման մեջ կարծես՝ տրամաբանական սխալներ կան։ Նախ նշում է, որ օրակարգը միակողմանի չէ։ Այնուհետև պարզվում է, որ Ադրբեջանն էլ խաղաղության օրակարգ ունի, որից նահանջում է։ Անորոշ է նաև շեշտադրումների և փաստարկումների մասին ակնարկը։ Ի վերջո՝ խաղաղության օրակարգը մե՞կն է, թե՞ երկու տարբերակ կա՝ ռուսական և ամերիկյան։
Ենթադրելի է, որ խաղաղության օրակարգի ռուսական տարբերակի հիմքում 3+3 ռուս-թուրքական նախագիծն է։ Օրակարգի առաջին հարցը Արցախի զավթումն էր, որն իրականացվել է ռուս-թուրքական համատեղ ջանքերով ու ծրագրով։ Երկրորդ կետով նախատեսվում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» բացել ռուսական վերահսկողության ներքո։ Երրորդ կետով նպատակ է դրված ձևավորել հակաքաղաքակրթական դաշինք տարածաշրջանում, խոչընդոտել արևմտյան էքսպանսիային։ Ներկայում չբարեկամները օրակարգի երկրորդ կետի ուղղությամբ են ջանք գործադրում, բաձրացնում Սյունիքով անցնող միջանցքի հարցը, որն անհրաժեշտ է ՌԴ-ին և Թուրքիային։ Իսկ ԱԺ պատգամավորները մտավախություն են հայտնում, որ չբարեկամները նոր ագրեսիայի են նախապատրաստվում, ենթադրաբար՝ Սյունիքի ուղղությամբ։
Խաղաղության օրակարգի երկրորդ տարբերակը, ենթադրաբար՝ կազմվել է Վաշինգտոնում կամ Բրյուսելում։ Օրակարգի առաջին կետը վերաբերում է տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելուն, առաջին հերթին՝ ռուսական զորքերը դուրս բերելուն։ Այստեղ անելիք ունեն և՛ Երևանը, և՛ Բաքուն, քանի որ ռուսական զինվորներ կան երկու երկրներում։ Երկրորդ կետով նախատեսվում է խաղաղության պայմանագիր ստորագրել, երաշխավորելով խաղաղությունը երկու երկրների միջև, ինչպես նաև՝ պաշտպանելով երկու երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հնարավոր արտաքին ագրեսիայից։ Երրորդ կետով՝ Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավել արևմտյան արժեբանական և տնտեսական ինտեգրացիոն նախագծերում։
Ներկայում երկու տարբերակներն էլ զուգահեռ իրացվում են։ Ռուս-թուրքական եղբայրությունն ինտենսիվ առաջ է մղում խաղաղության իր օրակարգը։ Արևմուտքը վերջին շրջանում համեմատաբար պասիվ է, քանի որ Ադրբեջանը մերժում է Արևմուտքի միջնորդությունը։ Եթե այս առումով է Փաշինյանն ակնարկում ավելի շատ շեշտադրումներ անելու մասին, ապա խիստ կասկածելի է, որ ՔՊ-ական իշխանությունը խաղաղության արևմտյան օրակարգը միայնակ առաջ տանելու խիզախություն կունենա։ Ավելին՝ Ադրբեջանը նահանջում է խաղաղության արևմտյան օրակարգից, որ ՀՀ-ն էլ նահանջի ստիպված, ստեղծելով նպաստավոր իրավիճակ ռուս-թուրքական նախապատրաստվող ագրեսիայի համար։
Թաթուլ Մկրտչյան