Երևան +20°
copy image url
Արտաքին Ներքին Միտք 3 ամիս առաջ - 19:00 16-01-2024

Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան. ՀՀ-ն երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի իշխանությունները 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո սկսեցին հայտարարել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մտադրության մասին՝ չնայած այն բանին, որ մեր երկիրը միշտ է կողմնակից եղել խաղաղությանը, իսկ բոլոր պատերազմները պարտադրվել են թշնամու կողմից։ Խաղաղության դարաշրջանի խոսույթը գործող իշխանությունների կողմից ակտիվացավ հատկապես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ վերջիններս ձգտում էին ամեն գնով վերընտրվել և պահպանել իշխանությունը, իսկ պատերազմից սարսափած բնակչությունը հավատաց այդ խոստումներին և վերընտրեց ՔՊ-ին։

Խաղաղության դարաշրջանի ճանապարհին ՀՀ իշխանության ներկայացուցիչները շատ հաճախ չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել այն սպառնալիքները և ռազմատենչ հռետորաբանությունը, որն Ադրբեջանում հնչեցվում է ամենաբարձ՝ պետության ղեկավարի մակարդակով։ Հանրության մի հատվածի մոտ կարծիք կա, որ ՔՊ-ականներն արձագանքում են իրենց ուղղված անգամ ամենափոքր քննադատությանը և անպատասխան չեն թողնում այն, սակայն, ցավոք, վերջիններս նման մոտեցում ցուցաբերում են միայն երկրի ներսում, իսկ արտաքին թշնամու հոխորտանքները կա՛մ մնում են անպատասխան, կա՛մ ցուցաբերված արձագանքը լինում է ուշացած ու անհամաչափ։

Առավել մտահոգիչ է, որ վերջին շրջանում ՔՊ-ականները սկսել են նաև արդարացնել թշնամու կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքներն ու հավակնություններով՝ պնդելով, որ 30 տարի շարունակ հայկական կողմը նույն կերպ է վարվել։ Նախօրեին նման կերպ էր վարվել Հայաստանի 2-րդ բարձրաստիճան պաշտոնյան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով անդրադարձել էր Ադրբեջանի նախագահի հունվարի 10-ի հարցազրույցում տեղ գտած սպառնալիքներին և պնդել՝ այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում։

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ալիևը հայտարարում է, որ «Էրիվանը Ադրբեջան է», Սիմոնյանը արձագանքեց, որ հայկական կողմն էլ 30 տարի ասել է, որ Նախիջևանն ու Արցախը Հայաստան է։ «Մենք ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմելու, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին։ Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում»,- պնդել էր նա։

Հատկանշական է, որ ՔՊ-ականները, այդ թվում Ալեն Սիմոնյանը, ժամանակին մեղադրում էին ընդդիմությանը՝ թշնամու քարոզչական թեզերը սպասարկելու և դրանց միջոցով ներքաղաքական կյանքով դիվիդենտներ շահելու փորձեր կատարելու մեջ, սակայն այժմ նույն բանն անում են իրենք։

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ և 26 տարի շարունակ, երբ հաղթել էր Արցախյան առաջին պատերազմում, մշտապես ցուցաբերել է կառուցողական մոտեցում՝ հակամարտությունը կարգավորելու և այն հաջորդ սերունդներին չփոխանցելու համար։ Նկատենք, որ այս մոտեցումը եղել է ՀՀ բոլոր իշխանությունների պաշտոնավարման շրջան, ովքեր չնայած միմյանց հետ ունեցած բազամաթիվ տարաձայնություններին, Արցախի հարցում ունեին միասնական մոտեցում. խնդիրը լուծել փոխզիջումների տարբերով։

Հայաստանը նախորդ տարիներին գրեթե միշտ համաձայնել է միջնորդների կողմից ներկայացված այն բանակցային փաստաթղթերին, որոնցով երաշխավորվում էր Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը և դրա դիմաց պատրաստ էր զիջել նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնված և առաջին պատերազմի ժամանակ ազատագրված 5-7 շրջանները, սակայն ներկայացվող բոլոր առաջարկները մերժվում էին հենց Ադրբեջանի կողմից։ Վերջին անգամ նման հնարավորություն կար 2011 թվականին Կազանում, որտեղ Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը և առաջ քաշեց նոր պայմաններ։

Բացի այդ, ի տարբերություն Ադրբեջանի, Արցախյան առաջին պատերազմում տարած փառահեղ հաղթանակից հետո, Հայաստանում երբեք չեն բացվել ռազմավարի պուրակներ, իսկ ՀՀ ոչ մի իշխանության կողմից երկրում ամենաբարձր մակարդակով հայատյացություն չի քարոզվել։ Ադրբեջանում անգամ պատերազմում տարած հաղթանակից հետո հայատյացության մակարդակը ոչ միայն չի նվազում, այլ նաև այդ դրսևորումները նոր թափ են ստանում և խրախուսվում են ամենաբարձր մակարդակով։ Արցախի օկուպացումից հետո Ադրբեջանի նախագահը Արցախի տարբեր շրջաններ կատարած այցերի ժամանակ մշտապես հակահայկական բովանդակությամբ ելույթներ է ունեցել, սպառնալիքներ հնչեցրել՝ այդպիսով վառ պահելով իր երկրում առանց այդ էլ բարձր մակարդակի վրա գտնվող հայատյացությունը։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի այն հայտարարություններին, թե Հայաստանը 30 տարի հայտարարել է Արցախի և Նախիջևանի հայկական պատկանելիության, ինչպես նաև Բաքվում թեյ խմելու մտադրության մասին, ինչին ի պատասխան էլ թշնամին այսօր խոսում է Սևանում թեյ խմելու մասին, ապա ԱԺ նախագահին ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանում նման հայտարարությունները երբեք չեն հնչեցվել պետության ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, նման տրամադրությունները գեներացել են բացառապես հասարակական և քաղաքական գործիչների կողմից, ովքեր որևէ ազդեցություն չեն ունեցել որոշումների կայացման վրա։ Չնայած Հայաստանում ոչ մեկը կասկածի տակ չի դրել Արցախի հայկական պատկանելությունը, սակայն Հայաստանի ղեկավարներից միայն Ալեն Սիմոնյանի քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է Ստեփանակերտում հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ, որով առայսօր Ադրբեջանի նախագահը ձգտում է արդարացնել 2020 թվականի 44-օրյա ագրեսիայի սանձազերձումը։

Այսպիսով, փաստենք, որ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ձգտում է մանիպուլացնել հասարակությանը և շեղել վերջինիս ուշադրությունը այն սպառնալիքներից, որոնք հնչեցվում են հարևան պետության կողմից։ Հավելենք նաև՝ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ հարևան երկրում ՀՀ տարածքն ամենաբարձր մակարդակով անվանում են Արևմտյան Ադրբեջան, հայեցակարգեր են մշակում այստեղ շուրջ 300 հազար ադրբեջանցիների բնակեցնելու նպատակով, իսկ նույն Ալեն Սիմոնյանն էլ ամիսներ առաջ չէր բացառում, որ օրերից մի օր ադրբեջանցիները կվերադառնան Հայաստան՝ մշտական բնակության։

Ամենից շատ դիտված