Սպորտ Տեսանյութ 2 տարի առաջ - 17:50 15-01-2024

Օլիմպիական մեդալները «Ֆոտոն» վարժարանի այցեքարտն են

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Oragir.News-ը, Ղազախստանում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայում «Ֆոտոն» վարժարանը միանգամից 2 մեդալի է արժանացել. XII ֆիզմաթ դասարանի աշակերտ Դավիթ Բադիշյանը արժանացել է բրոնզե մեդալի ինֆորմատիկա առարկայից, իսկ վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Մանյակ Մութաֆյանը՝ ոսկե մեդալի ուսուցիչների միջազգային լիգայում:

Այսօր՝ հունվարի 15-ին, վարժարանում մեծ շուքով դիմավորեցին օլիմպիական թիմին, այդ թվում՝ բրոնզե մեդալակիր Դավիթ Բադիշյանին, վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ, օլիմպիական թիմի ղեկավար Մանյակ Մութաֆյանին:

Վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ «Ֆոտոնի» գոյության 28 տարիների ընթացքում օլիմպիադաները և դրանց հաջողությունները վարժարանի այցեքարտն են դարձել.

«Վարժարանը ոչ միայն հանրապետական, այլ նաև միջազգային օլիմպիադաներում մշտապես ունեցել է հաջողություն: Մասնակցությունը եղել է մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից:

Ասեմ, որ հատկապես վերջին 4 տարիների ընթացքում միջազգային հարթակում մեր օլիմպիական հաջողությունները կրկնապատկվեցին»:

Վարժարանի տնօրենի վստահեցմամբ՝ մանկավարժական հանրույթը ջանք չի խնայում՝ այս ուղղությամբ աշխատելու:

«Կոլեկտիվին մաղթում եմ բարի աշխատանք, քաջառողություն, որ մենք կարողանանք հասնել օլիմպիական մեծ բարձունքների և մեր երկիրը, մեր քաղաքը և մեր փոքրիկ կրթօջախը աշխարհին ճանաչել տալ:
Թող հայոց դրոշը աշխարհի տարբեր բեմերում վեր բարձրանա, և մեր երեխաների ձեռքբերումները լինեն ի նպաստ մեր հայրենիքի:

Օլիմպիական թիմի ղեկավար, վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Մանյակ Մութաֆյանն էլ, Oragir.News-ի հետ զրույցում, հայտնեց, որ իր հաղթանակը ուսուցիչների միջազգային լիգայում ևս հատկանշական էր.

«Օլիմպիադայում առաջին կարգի արժանացած կին մասնակից չէին ունեցել: Ուրախացան, որ վերջապես եղավ մի կին հաղթող: Բավական հետաքրքիր ու լուրջ օլիմպիադա էր»:

Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Դավիթ Բադիշյանն էլ ասաց, որ միայն դպրոցական գիտելիքներով անհնար է լուրջ արդյունքներ գրանցել.

«Այս տարի օլիմպիադայի խնդիրները ավելի բարդ էին, քան վերջին 2 տարիներին: Բարդությունը հետզհետե աճում է, քանի որ մասնակիցները նույնպես շատանում են»:

Զրույցի վերջում Կարինե Պետոյանն ասաց, որ օլիմպիական հաղթանակները մոտիվացիա են ստեղծում.

««Ֆոտոն»-ում սովորույթ կա. օլիմպիական հաջողության հասած բարձր դասարանի աշակերտը իր հետևից՝ ձեռքը բռնած, տանում է նաև կրտսեր աշակերտներին:

12-րդ դասարանցիները հունվար ամսին միասնական քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո օլիմպիական խմբակներում աշխատում են կրտսեր դասարանների աշակերտների հետ՝ իրենց՝ որպես դիմորդի օլիմպիական գրագիտության փորձը փոխանցելով:

Սա բոլորիս ուրախությունն է և բոլորիս ուժ է տալիս, ձգտում է առաջացնում՝ շարունակելու այս վեհ գործը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը