Երաշխավորներն անհրաժեշտ են, որպեսզի Ադրբեջանը չչարաշահի իր ուժային առավելությունը
copy image url

Երաշխավորներն անհրաժեշտ են, որպեսզի Ադրբեջանը չչարաշահի իր ուժային առավելությունը

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:00 11-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հարցազրույց էր տվել տեղական հեռուստաընկերություններին, որոնցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։ Մասնավորապես Ալիևը պնդել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար երաշխավորներ պետք չեն։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախն ամբողջովին բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, այս երկիրը հրաժարվում է Հայաստանի հետ արևմտյան հարթակներում բանակցել, ՀՀ-ն էլ, իր հերթին, բոյկոտում է ռուսական հարթակը։ Այս համատեքստում կողմերը անցել են երկկողմ բանակցությունների՝ առանց միջնորդների, և ադրբեջանական կողմն առաջարկում է սպասվող խաղաղության պայմանագիրը ստորագրել երկկողմ ձևաչափով։

Oragir.News-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչու է հայկական կողմը պնդում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման երաշխավորներ լինեն, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ նախևառաջ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, այդ երկիրն այս պահին ունի ուժային առավելություն և միշտ չարաշահել է այդ առավելությունը, ինչպես նաև հարմար պահին նա փորձելու է իրացնել այդ առավելությունը։ Մեհրաբյանը նշեց՝ որպեսզի Ադրբեջանը չկարողանա դա իրագործել, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ կլինի ապագա խաղաղության պայմանագրի դրույթները խախտող կողմի հետ, իսկ երաշխավորները հենց դրա համար են անհրաժեշտ։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ միայն երաշխավորների միջոցով չէ, որ խաղաղությունը երաշխավորվելու է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է զինվի և հնարավորինս չեզոքացնի Ադրբեջանի ունեցած ուժային առավելությունը։ «Դրա համար Հայաստանին անհրաժեշտ են նոր դաշինքներ, և այդ դաշինքներին մասնակցող սուբյեկտներն էլ կարող են լինել երաշխավորները։ Դրանք համանայն դեպս այն երկրներն են, որոնց հետ Հայաստանը ֆիքսել է նպատակների, արժեքների և շահերի ընդհանրություն»,- նշեց նա։

Մեհրաբյանը շեշտեց, որ այդ երկիրը վերոհիշյալ երեք պարամետրերից ոչ մեկով չի կարող լինել Ռուսաստանի Դաշնությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ ՌԴ-ին անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել այս գործընթացից, քանի որ նա միակ երկիրն է, որն այս հակամարտությունը հրահրել է, եղել է և շարունակում է լինել հակամարտության շահառուն՝ տարածաշրջանում իր ներկայությունը հավերժացնելու համար։ Քաղաքագետի համոզմամբ՝ մեր տարածաշրջանում խաղաղությունը նշանակում է վերջ տալ ՌԴ-ի ունեցած ներկայությանը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ իշխանությունները ՌԴ-ի ճնշման տակ կրկին ընդունի ռուսական միջնորդությունը և նրան ընդունի խաղաղության երաշխավոր, ինչպես Ադրբեջանն է պահանջում, Մեհրաբյանը պատասխանեց, որ Ադրբեջանը նման պահանջ է ներկայացնում, քանի որ ռուսական միջնորդությունը համարժեք է խաղաղության բացակայությանը։

«Հայաստանի համար ռուսական ճնշումների առաջ ընկրկելը պարզապես ինքնասպանություն է։ Ավելին ասեմ՝ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի հավելյալ ջանքեր գործադրի՝ նախ երկրի տարածքում ռուսական ներկայությունը սահմանափակելու, ինչպես նաև խաղաղության գործընթացում Մոսկվայի մասնակցությունը սահմանփակելու նպատակով»,- ասաց Մեհրաբյանը՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են այդ քայլերը ձեռնարկել։

Հարցին, թե արդյոք հնարավոր երաշխավորներ կարո՞ղ են լինել Ֆրանսիան և Հնդկաստանը, որոնցից վերջին շրջանում ՀՀ-ն սպառազինություն է գնում, քաղաքագետը մասամբ համաձայնեց, սակայն նշեց, որ թեև այս պահին ՀՀ-ն այդ երկրներից է սպառազինություն ձեռք բերում, սակայն դա չի նշանակում, որ պետք է սահմանափակվել միայն այդ 2 երկրներով։ «Չափազանց կարևորում եմ Հայաստանի հարաբերությունները և՛ ընդհանուր Եվրոպական միության հետ, և՛ ԵՄ առանձին մի քանի երկրների հետ, և՛, իհարկե, Միացյալ Նահանգների հետ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան