Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Ինչպես հայտնել են մարզպետարանից, քննարկվել են մարզում արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր։
Մարզպետին է զեկուցվել, որ մինչ այս պահը Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրուց, Արթիկից և Ախուրյանից շուրջ 300 ահազանգ է գրանցել, այս պահին հրշեջ-փրկարարական ջոկատներից 9 մարտական հաշվարկներ տեղում աշխատում են` վտանգ ներկայացնող հատվածները սահմանազատելու և խնդիրները անհապաղ լուծելու նպատակով։
Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են։ Շտապօգնության կանչեր և գազի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։
Ուժեղ քամուց ու անձրևից անմիջապես հետո, Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շրջել են մարզով, դիտարկվել են ահազանգերի հետևանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկվել անհրաժեշտ օգնություն կազմակերպելու առումով։
Մարզպետի հանձնարարությամբ, մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները` վնասները գույքագրելու, ամբողջական պատկերը կազմելու նպատակով։