Իշխանության պահպանման խնդիրն առաջնային է ոչ ժողովրդավարական երկրներում։ Այդ պատճառով հալածում են մրցակիցներին։ Երբ իշխանությունը լեգիտիմություն չունի, երբ նրա ժողովրդականությունը վախի և ստախոսության վրա խարսխված, ապա ընդդիմադիրների հալածանքներն ավելի դաժան են լինում և տևական։ Իսկ երբ ռեժիմը նաև հակաժողովրդական է, ապա քաղբանտարկյալների համար բանտեր են կառուցում։ Ինչպե՞ս է վարվում քաղաքական մրցակիցների հետ ՔՊ-ական իշխանությունը։
Տարբեր գնահատականներով՝ ներկայում մի քանի տասնյակ քաղաքացիներ կալանավորված են քաղաքական պատճառներով։ Նրանց շարքում առավել հայտնի քաղաքական գործիչներ են Արմեն Աշոտյանն ու Դավիթ Տոնոյանը։ Հունվարի 8-ին դատարանը երկարացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։ Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ կալանքի տակ է մնալու նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի օրերին չեխական արտադրության զինամթերք ձեռք բերելու մեջ։ Այդ ժամանակ ՀՀ-ն սպառազինության մատակարարման պայմանագրեր ուներ միայն ՌԴ-ի հետ, իսկ Ֆրանսիայի կամ Հնդկաստանի տեղը չգիտեր։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ռուսական կողմի պահանջով էր կալանավորվել Դավիթ Տոնոյանը, որը համարձակվել էր պատերազմի թեժ շրջանում չսպասել ռուսական զինամթերքին և չեխականը գնելու հանձնարարական տվել։ Ենթադրելի էր նաև, որ Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ, քանի դեռ հայ-ռուսական պայմանագրերը ուժի մեջ են, և ՀՀ-ն շարունակում է ՌԴ-ին գումար փոխանցել չստացված զինամթերքի համար։ Ներկայում, սակայն, ՀՀ-ն զենք է գնում Ֆրանսիայից, Հնդկաստանից։ Հետևաբար՝ կա՛մ Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք գնողը ևս պիտի կալանավորվի, կա՛մ Դավիթ Տոնոյանը պիտի ազատ արձակվի և արդարացվի։ Ի դեպ՝ մինչ օրս չեխական զինամթերքի ձգաբանական փորձաքնություն չի իրականացվել։ Նկատենք նաև, որ ՌԴ պաշտոնյան անպիտան է որակել նաև ՀՀ-ի գնած ֆրանսիական զինամթերքը։ Բայց այդ թեմայով վարույթ չի հարուցվել։
Արմեն Աշոտյանին կալանավորելու քաղաքական ենթատեքստը վերջինիս քաղաքական ակտիվությանն է առնչվում։ Ունենալով քաղաքական փորձառություն և տեղեկացվածություն, Աշոտյանը պարբերաբար անդրադառնում էր Փաշինյանի հայտարարություններին, ցույց տալով դրանցում եղած սխալները։ Քաղաքական համայնքի բազմաթիվ միավորներ Տոնոյանին ու Աշոտյանին քաղբանտարկյալ են համարում։ Նրանց քաղբանտարկյալ լինելը կասկած չի հարուցում ժողովրդի մի մասի մոտ։ Բայց հանրային կարծիքը ՔՊ-ի վրա չի ազդում։
Ինչպե՞ս է արդարանում իրեն ժողովրդավարական համարող ՔՊ-ական իշխանությունը քաղբանտարկյալներին վերաբերող հարցում։ Ակնկալվում է, որ ժողովորդավարական երկրները պիտի քննադատեն ՔՊ-ական իշխանությանը քաղբանտարկյալներ ունենալու համար։ Եթե չեն քննադատում, ապա ենթադրելի է, որ ՔՊ-ական իշխանությունը նրանց ասում է, իբր քաղաքական պատճառներով կալանավորվածները մարդկության և աշխարհակարգի թշնամիներ են, միջազգային սպառնալիք, համաշխարհային չարիք կամ նման ահասարսուռ բաներ։
Իսկ երբ լրագրողը կամ իրավապաշտպանը բարձրացնում են քաղկալանավորներին ազատ արձակելու հարցը, ապա ՔՊ-ականը պոպուլիստաբար հակադարձում է, թե ընտրողներն են պողպատե մանդատ տվել ու պատգամել անողոք պատժել նախկիններին։ Ժողովրդի քվեով ընտրված իշխանությունն էլ ընտրողների պատվիրանով հալածում է ընդդիմադիրներին։ Սա անազնիվ և վտանգավոր մոտեցում է։ Այսպես մեղքը գցում են ժողովրդի գրպանը ու դրդում հաջորդին նույնկերպ վարվել ՔՊ-ական նախկինի նկատմամբ։
Կարճ ասած՝ ՔՊ-ն հալածում է մրցակիցներին, քանի որ թույլ է զգում, վախենում է պարտվել առաջիկա ընտրություններում։ Սա է քաղբանտարկյալ պահելու իրական պատճառը։ Այս առումով՝ տեսակետ կա, թե եթե քաղբանտարկյալների պաշտպանները լիարժեք ներկայացնեն իրենց պաշտպանյալների քաղաքական հայացքները, ու եթե ընդդիմությունը լիարժեք ներկայացնի քաղբանտարկյալների մասին պատկերը, ապա կարող են ստանալ ոչ միայն ընտրողների մեծ մասի քվեն առաջիկա ընտրություններում, այլև ժողովրդավարական երկրների բարոյական աջակցությունը։ Նույնիսկ հնարավոր է, որ հաջորդ իշխանությունը մարդասիրական խիզախություն կդրսևորի քաղաքական հակառակորդներին հանիրավի չհալածելու, քաղաքական ազնիվ մրցակցություն ծավալելու, իրապես ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցերում։
Թաթուլ Մկրտչյան