copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:30 09-01-2024

Գերտերությունները պետք է երաշխավորեն խաղաղության համաձայնագրի իրականացումը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում չափազանց կարևոր է նաև երաշխիքների հարցը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ադրբեջանական կողմը փաստաթղթերի ստարագրումից հետո հրաժարվել է կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Նախօրեին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի նպատակը այն է, որ մենք երաշխիքներ ստեղծենք, և այդ երաշխիքները հայկական կողմի առաջարկներով ստեղծվում են։

Oragir.News-ն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ երաշխիքների մասին է ակնարկում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Աղազարյանը նշեց՝ չի կարող ասել, թե ԱԽ քարտուղարն ինչ երաշխիքների մասին է ակնարկում, սակայն ինքը, երաշխիքներ ասելով, հասկանում է, որ երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, ապա պետք է գերտերությունները և եվրոպական երկրները երաշխավորեն պայմանագրի դրութների կատարումը։

Հարցին, թե տեսանելի ապագայում իրատեսական համարո՞ւմ է իր պատկերացրած երաշխիքներով խաղաղության պայմանագրի ստորագրումը, պատգամավորը պատասխանեց, որ երբ նախորդ տարիներին իրեն այս հարցը տալիս էին, ասում էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրման նախադրյալներ չի տեսնում, սակայն հիմա վստահորեն կարող է ասել, որ նախադրյալներ տեսնում է։ Աղազարյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ կդժվարանա պայմանագրի ստորագրման հստակ ժամկետների առնչությամբ որևէ բան ասել։

Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է գործընթացը ձգձգելու համար։ Նա կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է պատերազմի կրակը մարմանդ և մեղմ պահի՝ անհրաժեշտ պահին այն հրդեհի վերածելու համար։

Հարցին, թե որքանով են արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկկողմ բանակցությունները, երբ, իր համոզմամբ, խաղաղության պայմանագրի դրույթների իրագործումը պետք է երաշխավորվի գերտերությունների կողմից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ միանշանակ ողջունում է երկկողմ բանակցությունների անցկացումը՝ առանց միջնորդների։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ երկկողմ բանակցությունների անցկացումը չի նշանակում, որ եվրոպական կամ ռուսական հարթակները պետք է մի կողմ թողնել։

«Երբ երկկողմ և առանց միջնորդների կայացած բանակցությունների արդյունքում կհանգենք ինչ-որ կետի, այդ ժամանակ կարելի է դա ներկայացնել այդ հարթակներին, որպեսզի վերջիններս երաշխավոր հանդիսանան։ Հետևաբար ես այս գործընթացը շատ եմ կարևորում, և Դուք շատ ճիշտ նշեցիք գերիների վերադարձի օրինակը։ Մենք հարևաններ ենք, որոնք գտնվում են թշնամական հարաբերություններ մեջ , բայց պետք է առաջին հերթին փորձենք մեր հարցերն ինքներս պարզել»,- ասաց նա։

Հովիկ Աղազարյանը չբացառեց նաև, որ երկկողմ բանակցություններին զուգահեռ եռակողմ կամ քառակողմ հանդիպումներ անցկացվեն, բայց երկկողմ հանդիպումներն ավելի շատ լինեն, որպեսզի զրույցը լինի ավելի առարկայական և ինչ-որ տեղ ավելի անկեղծ։ «Մարդիկ նայեն իրար աչքերի մեջ, մի փոքր դիվանագիտությունից հեռանան, ասեն՝ ախպեր հերիք չի՞ մենք իրար երիտասարդներին սպանենք, մայրերին լացացնենք։ Նստեք, տեսնենք՝ մենք իրարից ի՞նչ ենք ուզում, իրատեսակա՞ն են մեր ցանկությունները։ Ես սա շատ եմ կարևորում և միշտ եմ կարևորել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի