Ներքին 5 տարի առաջ - 16:13 27-01-2021

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային և ծրագրի փորձագետ Արայիկ Նավոյանին: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում Էրազմուս+ ծրագրով իրականացվող համագործակցության, բուհերի կարողությունների զարգացմանը, ուսանողների, դասախոսների և բուհերի աշխատակազմերի շարժունությանն ու նորարարությանը միտված ծրագրերը:

Nախարար Վահրամ Դումանյանը ընդգծել է, որ Էրազմուս+ ծրագրի իրականացումը Եվրամիության կարևոր ներդրումներից մեկն է Հայաստանում։ Նա կարևորել է համագործակցության շարունակությունը և առաջարկել հետագա փուլում շեշտը դնել բարձրագույն կրթության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներ նախատեսող ծրագրերի վրա:

Լանա Կառլովան նշել է, որ անցյալ տարի ավարտված Էրազմուս+ գործողությունների 2014-2020 թվականների շրջափուլի ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 30 ծրագիր, որի շրջանակում հայաստանյան բուհերը եվրոպական և տարածաշրջանային համալսարանների հետ համագործակցելով ձևավորել են կոնսորցիումներ և ընդգրկվել տարբեր ծրագրերում: Նշված ծրագրերից 10-ն արդեն ավարտված է, 7-ը մեկնարկելու է առաջիկայում, իսկ մնացածն ընթացքի մեջ են կամ ավարտական փուլերում: Նոր մեկնարկող ծրագրերից մեկով Հայաստանի բուհական համակարգում առաջին անգամ կփորձարկվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման դուալ կրթության մոդելը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Էրազմուս + ծրագրի հաջորդ` 2021-27 թվականների փուլով նախատեսված աշխատանքները:

Նախարարը կարևորել է միջազգային համագործակցության ծրագրերում կրթական հանրության ավելի լայն ընդգրկվածությունը, այդ ծրագրերի չափելի արդյունքները` պատրաստակամություն հայտնելով ապահովել ԿԳՄՍ նախարարության առավել սերտ կապը Էրազմուս+ գրասենյակի հետ բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը, բուհերի կառուցվածքային և ծրագրային բարեփոխումներին: Լանա Կառլովայի խոսքով` իրականացվող ծրագրերի արդյունավետության առաջնային նախադրյալներից մեկը կադրերի ճիշտ ընտրությունն է, որոնք հետագայում իրենց ծրագրային փորձն ու գիտելիքներն արդյունավետ կփոխանցեն բուհերի հնարավոր շահառուներին:

Նշվել է, որ Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՀՀ բուհերը համագործակցում են Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Միացյալ Թագավորության, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ երկրների բուհերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին առնչվող մի շարք խնդիրներ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ