Միայն ռազմական ուժը կարող է Ադրբեջանի հետ խաղաղություն երաշխավորել
copy image url

Միայն ռազմական ուժը կարող է Ադրբեջանի հետ խաղաղություն երաշխավորել

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:00 09-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում, սակայն առ այս պահը կողմերին չի հաջողվում հստակեցնել իրենց դիրքորոշումները և խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ադրբեջանական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը, որպեսզի Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ գործադրի և մեր երկրից նոր զիջումներ կորզի։

Խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում չափազանց կարևոր է նաև երաշխիքների հարցը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ադրբեջանական կողմը փաստաթղթերի ստորագրումից հետո հրաժարվել է կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Նախօրեին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի նպատակը այն է, որ մենք երաշխիքներ ստեղծենք, և այդ երաշխիքները հայկական կողմի առաջարկներով ստեղծվում են։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական և անվտանգային հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը նշեց՝ չի կարծում, որ ներկայումս առհասարակ հնարավոր է նման պայմանագիր ստորագրել։ Փորձագետը չի պատկերացնում, թե Հայաստանը ինչ երաշխիքներ կարող է ապահովել, քանի որ Ադրբեջանի նման պետության հետ, որը պարբերաբար ռազմական գործողություններ և պատերազմ է սանձազերծում, միակ երաշխիքը կարող է լինել ռազմական ուժը։

«Հայաստանն այսօր չունի ռազմական ուժ և չունի բարեփոխված զինված ուժեր, որոնք կարող են երաշխիքներ ստեղծել։ Դրա համար չեմ կարծում, որ հիմա հնարավոր է նման պայմանագիր ստորագրել»,- նշեց նա։

Արզումանյանն ընդգծեց, որ ներկայիս իրավիճակում հնարավոր է խաղաղության հասնել միայն կապիտուլյացիայի միջոցով։ «Պայմանագիր կնքել մի պետության հետ, որը քո դեմ շարունակում է ռազմական գործողություններ և պատերազմ վարել, որը ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի պրոքսի երկիր է, իմ կարծիքով՝ պարզապես խոսակցություն է, և դա իրականության հետ կապ չունի»,- կարծում է նա։

Հարցին, թե ներկայումս որքանով է մեծ վտանգը, որ Ադրբեջանը նոր էսկալացիայի կգնա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա կախված է ռուս-հարաբերություններից, ինչպես նաև այն տարածքային և անվտանգային միջավայրից, որը կլինի գարնանը։ Նրա համոզմամբ՝ մոտակա ժամանակներում նման սրման հավանականությունը փոքր է, քանի որ Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններ են սպասվում։

Արզումանյանը միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ռուսաստանի քաղաքականությունը պարադոքսալ է, ուստի ճիշտ մոտեցումն այն է, որ Հայաստանը միշտ պատրաստ լինի նման սրման։ Նա կարծում է, որ ներկայումս հայկական կողմը պատրաստ չէ նման զարգացման, ինչի մասին փաստում են նախորդ տարիներին տեղի ունեցած դեպքերը։

«Բոլոր սրումները, որոնք տեղի են ունեցել, ցույց են տվել, որ Հայաստանը կորցնում է իր տարածքները, զինվորներին, 2020-2023 թվականներին հիբրիադային պատերազմի հետևանքով Արցախի անկումը տեղի ունեցավ, մենք բարձրունքներ կորցրինք Սյունիքում, Ջերմուկում և այլ տեղերում։ Մինչև այսօր թշնամին հասնում է իր բոլոր նպատակներին, և նրան հնարավոր է լինում կանգնեցնել ոչ միայն հայկական զինված ուժերի, այլ նաև ԱՄՆ-ի և մյուս ուժային կենտրոնների միջամտության շնորհիվ»,- ասաց նա։

Փորձագետն ափսոսանք հայտնեց և հավելեց, որ այսօր հայկական զինված ուժերը նման հարձակումը կարող են կասեցնել մեր կորուստների գնով, ինչն անընդունելի է։

Դավիթ Գույումջյան