Կառողջանա կամ կայլասերվի. ո՞ր ուղին կընտրի ՔՊ-ն
copy image url

Կառողջանա կամ կայլասերվի. ո՞ր ուղին կընտրի ՔՊ-ն

Ներքին 1 տարի առաջ - 08:45 09-01-2024
Մարդկային ռեսուրսների կառավարումը ՔՊ-ի խոցելի կետերից է։ Կադրային ճգնաժամ կա։ Քայլողներից զատ, քչերն են կարողանում աշխատել ՔՊ-ական կառավարության ղեկավարի հետ։ Պաշտոնանկ արվողների մի մասը հեռացվում է աղմուկով, տպավորություն ստեղծելով, թե վարչապետը ճիշտ է կառավարում, իսկ ենթակաները չարամտորեն սխալներ են անում, վարկաբեկում հեղափոխությունը։

2024-ի հունվարը վատ սկսվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի և Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանի համար։ Նրանց ազատման որոշմանը նախորդել էր Նիկոլ Փաշինյանի այցը Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել են մարզադահլիճ ու հանդիսությունների դահլիճ։ Այստեղ վարչապետը թերացումներ էր նկատել և ազատել նրանց։ Այս որոշմանը հավելյալ կարևորություն տվեց Արդարադատության նախարարը։

«Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ»,- հունվարի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարար Գրիգոր Մինասյանը, հավելելով,- «Դա ազդակ է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, ինձ անձամբ, թե ինչպես է պետք աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»։ Ի՞նչ ազդակի մասին է խոսքը, և հնարավո՞ր է թերացումներն այսուհետ քիչ լինեն։

Արդարադատության նախարարի՝ ազդակի մասին ակնարկը վկայում է, որ խնդիրը համակարգային է, և դրան պատշաճ ուշադրության չեն դարձնում, չեն փորձում հասկանալ, թե ինչու են շարքային աշխատողները, նրանց ղեկավարները և քաղաքական պատասխանատուները թերանում։ Կան երկրներ, որտեղ այս առումով մեզնից լավ կամ վատ վիճակում են։ Անզեն աչքով նկատելի է, որ լավ կամ վատ պատկեր ունենալու համար առաջնայինն աշխատանքին առնչվող հանրային պատկերացումներն են, այսպես կոչված՝ աշխատանքի փիլիսոփայությունը։

Օրինակ՝ բողոքական երկրներում աշխատողին համարում են բարիք ստեղծող՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, եկամտի չափից։ Մասնագիտությանը վերաբերում են որպես Աստծո շնորհի։ Մասնագետն անվերջ կատարելագործվում է, ձգտում հրաշք գործել։ Ազնիվ, բարեխիղճ աշխատելը պատվի հարց է։ Ճապոնիայում համարում են, որ աշխատողի միջով անցնում է Լույս, և աշխատողը ձգտում է լավ արդյունք տալ ու գոհացնել Աստծուն։

Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ աշխատողին ասում են «համբալ», խաբս տալն ամոթալի չի։ Պաշտոնը գնահատվում է կոռուպցիոն հնարավորություններով։ Օրինակ՝ մարզպետի կամ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնները «քյալամ պոստեր» են, քանի որ կոռուպցիայի լայն հնարավորություն են ընձեռում։ Եթե կառավարության ղեկավարի խիստ հրահանգներն ու պատիժները ենթակաների աշխատելու միակ խթանն են, նշանակում է՝ մարդիկ արժեք չեն ճանաչում, սրբություն չունեն, հույս են փայփայում, որ վարչապետը չի նկատի իրենց թերացումները, կարծում են, թե դպրոցները նորոգում են ոչ թե հարկատուների միջոցներով, այլ վարչապետի փողերով։

Կադրային ճգնաժամից դուրս գալու տեսական երկու ելք կա։ Առաջինը՝ զարգացած երկրների օրինակով մշակել աշխատանքի պրոգրեսիվ փիլիսոփայություն և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Երկրորդը՝ հետամնաց երկրների օրինակով խորացնել կոռուպցիան, վաճառել «քյալամ պոստերը»։ Երբ լրանա վաճառվածի ժամկետը, ապա թերացում գտնել, պաշտոնանկ անել մեղավորին, ակնարկել իրավական հետևանքների մասին, որ ոչ ոք չկասկածի։

Պարզ ասած՝ կա՛մ հասարակությունն իշխանության առաջնորդությամբ կառողջանա, կա՛մ կայլասերվի։ Ո՞ր ուղին կընտրի ՔՊ-ն։ Առայժմ չկա ակնարկ, որ մշակվում է աշխատանքի նոր փիլիսոփայություն։ Ու եթե առաջիկայում սոցիոլոգն ու հոգեբանը, քահանան ու քաղաքական գործիչն այս թեման չդարձնեն հանրային քննարկման և ուսումնասիրության առարկա, ապա մի քանի ամիսը մեկ ականատես կլինենք հերթական պաշտոնանկությունների տեսարանների, բայց դրանից ոչինչ չի փոխվի։

Թաթուլ Մկրտչյան