Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:47 31-12-2023

Ցանկություն չունեմ՝ անունս շոշափվի ձեր թերթում. Light Affect խանութ-սրահի անհայտ տնօրեն

Երևանում գործող շատերին հայտնի «Light Affect» հագուստի խանութն արտադրում է շապիկներ հայ մեծերի դիմանկարներով։ Oragir.News-ը փորձեց պարզել՝ խանութը գործո՞ւմ է արդյոք օրինական դաշտում՝ հաշվի առնելով, որ կան լուսանկարների և տեքստերի հեղինակային իրավունքներ, ինչը չհարգելու և անտեսելու դեպքում կա օրենքով սահմանված գործընթաց։

Oragir.News-ը կապ հաստատեց կազմակերպության ղեկավարի հետ՝ պարզելու՝ արդյոք պահպանվել են հեղինակային իրավունքները, ինչին էլ ի պատասխան՝ տնօրենն ասաց, որ դա իրենց անձնական գործն է․ «Դուք ո՞վ եք հանդիսանում, որ նմանատիպ հարցեր եք տալիս։ Այդ հարցը Ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում։ Դա մեր անձնական գործն է․ մենք իրենց ընտանիքների անդամների հետ շփվում ենք։ Ում հետ էլ որ չենք շփվում և հարցեր ունեն, կարող են մեզ անդրադառնալ, մենք իրար հետ կհամագործակցենք ամեն ինչի շուրջ։ Մենք աշխատում ենք օֆֆիցիալ․ այդ ամեն ինչի հետ կապված՝ մենք խնդիր չենք տեսնում»։

Oragir.News-ը նկատեց, որ տպվել են Սևակի, Տերյանի դիմանկարներով շապիկներ, և փորձեց պարզել՝ որ մտավորականի ազգականի հետ է կազմակերպությունն աշխատել մինչ շապիկների տպագրությունը։

«Կոնկրետ Սևակի և Տերյանի ազգականների հետ կապի մեջ չենք, շատ սիրով կապի մեջ կլինենք։ Եթե իրենք ինչ-որ հարցեր ունեն, հարցերին կպատասխանենք։ Եթե գտնեն, որ մենք հեղինակայինների հետ կապված՝ իրենց հետ ինչ-որ հարցերի մեջ պետք է մտնենք նաև ֆինանսական առումով, մեծ սիրով ամեն ինչը կքննարկենք իրենց հետ, ինչպես արել ենք տարբեր ընտանիքների անդամների հետ՝ Խանջյանի, Չարենցի։ Ամեն մեկին չես կարող գտնել»։

Oragir.News-ը նաև տեղեկացրեց, որ ամեն դեպքում օրենք է խախտվել, քանի որ չաշխատելով գրողների հետնորդների հետ՝ գուցե, խախտվել են հենց նրանց հեղինակային իրավունքները, ինչին ի պատասխան կազմակերպության տնօրենն ասաց․ «Մեզ կարող են զանգահարել իրենց ազգականներից, ու ցանկացած մարդ իր հարցը, իր խնդիրը, իր առաջարկությունները մեզ կարող է ներկայացնել։ Դուք զանգել եք այս հարցով, ես չեմ հասկանում հարցի միտքը։ Մի մասի հետ աշխատում ենք, մյուս մասի հետ չենք աշխատում, որովհետև մենք իրենց հետ կապ չունենք։ Մեր բրենդը բավականին ճանաչված է։ Եթե այդ մարդիկ տեսնում են, ու իրենց դուրեկան չէ կամ ուզում են ֆինանսապես ինչ-որ հետաքրքրվածություն ունենալ այդ պրոյեկտի մեջ, կարող են մեզ դիմել։ Հասկանում ենք՝ կա հեղինակային իրավունք, կա էս, կա էն։ Բայց եթե իրենք պահանջ չեն ներկայացնում, իրանք այդ ամեն ինչի հետ համաձայն են, ուրեմն ոչ մի խնդիր չկա»։

Խոսակցության ընթացքում տնօրենն առաջարկեց թվարկել բոլոր այն կազմակերպությունների և ընտանիքների անունները, որոնց հետ համագործակցել են, սակայն հետո փոշմանեց, ինչից հետո էլ Oragir.News-ը, փորձելով ամփոփել զրույցը, խնդրեց ևս մեկ անգամ ներկայանալ, որպեսզի նյութի մեջ անձի տվյալներն ամբողջական լինեն, ինչին ի պատասխան հնչեց հետևյալ միտքը․ «Անուն-ազգանունս ի՞նչ եք անում։ Դուք մեր կազմակերպությանը ինչ-որ առնչություն ունենալո՞ւ եք, որ ուզում եք անուն-ազգանունը իմանալ»։

Oragir.News-ը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հարցազրույցը նյութի համար է նախատեսված, ինչի մասին ասվել էր խանութի օպերատորին: Խմբագրությունը փոխանցել էր իր տվյալները խանութ-սրահի օպերատորին, որն էլ տնօրենին պիտի փոխանցեր, որ կապվի խմբագրություն։ Սակայն տնօրենն ասաց, որ նա կայքին հարցազրույց չի տալիս․ «Ես Ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Բացարձակ։ Ես Ձեր հարցերին պատասխանեցի, բայց ես Ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Ես զուտ Ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանեցի»։

Հիշեցրինք տնօրենին, որ զանգը կատարված է միմիայն հարցազրույցի նպատակով և առաջարկեցինք հարցերին պատասխանել նորից՝ արդեն հարցազրույցի ձևաչափով, սակայն տնօրենը հրաժարվեց։

«Հարցազրույցը ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ։ Մենք Ձեզ հետ շփվում ենք՝ որպես երկու քաղաքացի։ «Օրագիր» թերթից մեր թիրախային խումբը ընդհանրապես չի օգտվում»։

Մեր դիտարկմանը, որ խմբագրությունը հանրությանն է սպասարկում և չունի թիրախային խմբեր, տնօրենն արձագանքեց այսպես․ «Բայց Դուք կարող եք պարտադրել մեզ՝ Ձեզ հարցազրո՞ւյց տալ։ Մեզ բա պետք է հետաքրքիր լինի, որ հարցազրույց տանք։ Ես պարզապես ուզում էի հասկանալ՝ Դուք ով եք, որ նմանատիպ հարցեր եք տալիս։ Այդքան բան։ Կուլտուրայից ելնելով՝ հարցեր կային, հարցերին պատասխանեցի։ Անձնական ինչ-որ հարցե՞ր են, որ չպատասխանեմ։ Չեմ պատասխանում այն հարցին, որից թաքցնելու բան ունեմ։ Մենք Ձեզ հարցազրույց չենք տալիս։ Եթե հարցազրույց է, տեղյակ պահեք, ասեք՝ մենք ուզում ենք Ձեզնից հարցազրույց վերցնել»:

Oragir.News-ի լրագրողը կրկին հիշեցրեց, որ կարող են զրույցը սկսել նորից՝ արդեն իսկ իմանալով՝ որ նյութի շուրջ են խոսելու:

«Չէ, հարցազրույց ես չեմ ուզում տալ։ Ձեր ցանկացած հարցի ես պատրաստ եմ պատասխանել, բայց մեր անունը, իմ անձնական անունը ես ցանկություն չունեմ՝ շոշափվի ձեր թերթում՝ Oragir.News-ում։ Ես հարցազրույց եմ տալիս ու գովազդային գործունեությամբ եմ զբաղվում միայն այն կազմակերպությունների հետ, որոնք մեր թիրախային խմբին համապատասխանում են»։

Հիշեցնենք, որ օրերս անդրադարձել էինք նման օրինակի, երբ հայտնի արտադրություններից մեկը թողարկել էր գուլպաներ Համո Սահյանի դիմանկարով և բանաստեղծությամբ, ինչին ի պատասխան՝ Նաիրի Սահյանը, Համո Սահյանի տղան, պատրաստվում է դատի տալ կազմակերպությանը:

Ամենից շատ դիտված